Իտալացի գիտնականները կարծում են, թե հավատն առ Աստված կօգնի կասեցնել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը
Աղբյուրներ`«CNL-News» / «Սեդմիցա.Ռու»

Պադուա. Իտալիայի Պադուա քաղաքի համալսարանի գիտնականները հետազոտությունից հետո եկել են այն եզրակացության, որ կրոնը և Աստծո նկատմամբ հավատը կօգնեն կասեցնել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը:
Գիտնականները մեկ տարվա ընթացքում հետազոտել են «Ալցհեյմերի հիվանդություն» ախտորոշմամբ 64 հիվանդների` բաժանելով նրանց երկու խմբի` կրոնական համոզմունքների բարձր և ցածր մակարդակներով հիվանդներ:
Գիտնականներն ուշադիր հետևել են նրանց վիճակին և այդ հիվանդությանը բնորոշ` կենսական ունակությունների կորստյան տեմպերին: Հաշվի են առնվել ամենատարրական ունակությունները, ինչպես օրինակ` ինքնուրույն հագնվելը կամ ուտելը, ինչպես նաև այդպիսի հիվանդների համար առավել բարդ առաջադրանքներ, օրինակ` հեռախոսով զրուցելը: Արդյունքում պարզվել է, որ հավատացյալ հիվանդների մոտ հիվանդության և դրա հետևանքների զարգացման տեմպերը 10%-ով ցածր են:
«Քաջ հայտնի է, որ մարդկանց հետ շփումները նվազեցնում են ֆիզիկական և մտավոր անկման տեմպերը, սակայն մեր դեպքում ակնհայտ է այն, որ հավատը ևս օգնում է կասեցնել հիվանդության զարգացումը», - ասել է հետազոտական խմբի դեկավար պրոֆեսոր Էնցո Մանցարոն, ում զեկույցը հրապարակվել է «Ալցհեյմերի հիվանդության վերջին ուսումնասիրություններ» մասնագիտացված ամսագրում:
«Այսպիսով, ոչ միայն սոցիալական ակտիվությունն է խիստ կարևոր, այլև հոգևոր ամբողջականությանն ուղղված մարդու ներքին ունակությունը», - եզրակացրել է գիտնականը: