Ուշադրություն
Քվեարկության կարգին վերաբերվող գրառումները տեղափոխվել են «Նոր ստեղծագործական նախագիծ (չափածո)» թեմա:
Քվեարկությունն ավարտված է: Քվեարկությանը մասնակցել է 46 հոգի, ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
1-ին տեղ. Հեղինակ 2 (27 քվե, 58.7%)
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Հեղինակ 2
Ո՛չ ջուր կխմենք մենք նույն բաժակից,
Ո՛չ էլ երբևէ գինի քաղցրահամ,
Ո՛չ դուրս կնայենք տան պատուհանից,
Ո՛չ կհամբուրվենք վաղ առավոտյան։
Ես արև եմ շնչում, դու՝ լուսին,
Բայց մեզ մի սեր է պահում միասին։
Ինձ հետ ընկերն է իմ հավատարիմ,
Իսկ քեզ հետ՝ զվարթ քո ընկերուհին։
Բայց հասկանում եմ երկյուղն աչքերիդ.
Դու ես մեղավորն իմ այս ցավերի։
Հանդիպումները մեր կարճ, գողունի,
Երկարաձգել չենք ջանում երբեք.
Եղած հանգիստը պահպանել է պետք։
Լոկ ձայնդ է հնչում իմ տաղերում,
Քո տաղերում իմ շունչն է թևածում։
Օ՜, այս խարույկը չի տեսնի երբեք
Ո՛չ վախ, ո՛չ մահ ու ո՛չ էլ մոռացում։
Եթե իմանայիր՝ որքան եմ կարոտում
Շուրթերը քո չոր ու վարդագույն...
2-րդ տեղ. Հեղինակ 8 (10 քվե, 21.74%)
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Հեղինակ 8
Մի բաժակից երբեք մենք չենք խմի,
թե ջուր ու թե կարմիր գինի,
Առավոտ կանուխ չենք համբուրվի,
Իրար հետ չենք նայի վերջալույսին...
Դու շնչում ես արևի լույսով,
ես ոգեշնչվում՝ լուսնի դալկությամբ,
Բայց ապրում ենք մենք միևնույն սիրով....
Ինձ հետ է միշտ իմ քնքուշ ընկերը,
քեզ հետ՝ ժպտուն քո ընկերուհին,
Ինձ համար պարզ է գորշ աչքերի վախը,
Դու ես պատճառն իմ բոլոր ցավերի։
Մենք չենք հանդիպում միմյանց շատ հաճախ,
Այդպես հանգիստ է երկուսիս համար...
Տողերում իմ՝ քո ձայնն է լոկ լսվում,
Քո տողերում՝ իմ շունչն է թևածում,
Կա մի կրակ, որին երբեք
չեն սպառնա ոչ վախ, ոչ մոռացություն։
… Քո այդ վարդագույն ու չոր շուրթերը,
Ա՜խ, թե իմանայիր ինչպես եմ պաշտում..
3-րդ և 4-րդ տեղեր. Հեղինակ 6 և Հեղինակ 9 (6-ական քվե, 13.04%)
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Հեղինակ 6
Չենք խմի մենք ընդհանուր թասից,
Ոչ կարմիր գինի, ոչ էլ սառցե ջուր:
Չենք համբուրվի սկսած լուսաբացից
Եվ չենք սպասի անձրևին իզուր
Դու նայում ես արևին, իսկ ես լուսինն եմ սիրում.
Բայց ապրում ենք սիրելով՝ ես ու դու այս աշխարհում
Ինձ հետ է միշտ քո հարազատ ժպիտը,
Իսկ դու ունես ծիծաղս քո գրկում:
Բայց տեսնում եմ քո ներսի թախիծը,
Ու ես էլ քո սիրուց եմ լոկ տխրում:
Այնպես խեղդում ենք մեր միջի կիրքը
Ասես դրանում է կյանքի գաղտնիքը
Լոկ ձայնն է քո ապրում իմ տողերում
Քո հանգերից իմ ստվերն է անբաժան
Այո, կյանքում կա գիժ ու թեժ մի բան,
Որից որ ինքը մահն է վախենում:
Նույնիսկ չգիտես, ինչի եմ ես ունակ
Միայն թե զգաս իմ շունչը շնչիդ տակ:
Հեղինակ 9
Մենք չենք ըմպի նույն գավաթից
Ո՛չ ջուր, ո՛չ քաղցրահամ գինի,
Այգաբացին տաք համբույրներ էլ չեն լինի,
Երեկոյան չենք հիանա տեսարանով պատուհանի:
Շնչում ես դու բարկ արևով, իսկ ես` լուսնով,
Բայց ապրում ենք մենք երկուսով միակ սիրով:
Ինձ հետ է միշտ իմ նվիրված, մեղմ ընկերը,
Քեզ հետ` քո կենսախինդ ընկերուհին:
Պարզ են հիմա քո վախվորած, գորշ աչքերը,
Մեղավորն ես հոգուս այսչափ ամայումի:
Չեն շատանա հանդիպումներն այս կարճատև,
Պիտի պահենք անդորրը մեր մենք հարատև:
Քաղցրահնչյուն ձայնդ է հնչել իմ երկերում,
Քո երկում միշտ ես եմ շնչել:
Օ՜, կա խարույկ, որին դիպչել
Չեն հանդգնում վախ, մոռացում:
Եթե միայն դու զգայիր տենչն իմ անտակ
Հանդեպ շուրթիդ վարդի գույնի ու այդքան տաք…
5-րդ տեղ. Հեղինակ 1 (5 քվե, 10.87%)
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Հեղինակ 1
Այն նույն բաժակից չենք ըմպելու
Մենք ոչ ջուր, ոչ էլ՝ գինի անուշ,
Արևածագին չենք համբուրվելու,
Պատուհանից չենք նայլու շատ ուշ:
Դու արև ես շնչում, իսկ ես՝ լուսին,
Մեր կյանքը դրած մեր սիրո հույսին:
Հավատարիմ ես ինձ, ընկեր իմ բարի,
Քեզ հետ է ուրախ քո ընկերուհին:
Զգում եմ ահը քո գորշ աչքերի,
Պատճառը դու ես իմ ցավի այս հին:
Մենք չենք հանդիպի այլևս հաճախ,
Որոշված է պահել մեր նիհրը խաղաղ:
Քո ձանն է միայն իմ այս տողերում,
Քո երգերի մեջ իմ շունչն է նորեն:
Օ՜, կա մի կրակ, չեն կարող որին
Հպվել անգոն ու ահն իր դողերում:
Թե իմանաս ոնց են ցանկալի այսօր
Քո շուրթերը վարդագույն ու չոր:
6-րդ և 7-րդ տեղեր. Հեղինակ 4 և Հեղինակ 7 (4-ական քվե, 8.7%)
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Հեղինակ 4
Նույն բաժակից մենք չենք խմի
Ոչ ջուր, ոչ էլ քաղցր գինի,
Չենք համբուրվի լուսաբացին,
Ֆիլմ չենք դիտի մայրամուտին,
Քոնն արևն է, իմը՝ լուսին,
Լոկ սերն է մեզ կապում լույսին:
Ինձ հետ է միշտ
ընկերս նուրբ, հավատարիմ,
Իսկ քո կողքին՝ ընկերուհիդ զվարթ,
Բայց հասկանում եմ վախը աչքերիդ,
Ու համակում է ինձ կրկին տագնապ:
Հանդիպումները մեր կարճ են ու սակավ,
Բայց դա է պետք հանդարտ կյանքի համար :
Լոկ ձայնն է քո երգում իմ երգերում,
Քո տողերում իմ շունչն է ծվարած,
Ու կա կրակ, որին դիպչել անգամ
չեն հանդգնի ոչ մոռացում, ոչ վախ:
Թե իմանաս ինչքան եմ ես սիրում
Քո չորացած շուրթերը վարդագույն:
Հեղինակ 7
Չենք խմելու էլ նույն բաժակից,
Ոչ ջուր, ոչ հուր, ոչ քաղցր այն գինին:
Առավոտյան համբույր չեմ նվիրի,
Չենք զմայլվի փայլով երեկոյի:
Դու այգաշունչ ես, ես` լուսնահոգի,
Բայց դեռ ապրում է մեր սիրո ոգին:
Ինձ հետ է միշտ հավատարիմ ընկերս,
Քեզ հետ` ուրախ ու հմայիչ գեղեցկուհիդ:
Իմ տխրության պատճառն են քո անցած մեղքերը,
Եվ ես զգում եմ վախը աչքերիդ:
Անտեսելով մեր թռուցիկ հանդիպումենրը`
Մենք պարգևում ենք մեր հոգուն հանգիստ:
Լոկ ձայնն է քո ապրում իմ երկերում,
Քո երկերում` լոկ սավառնում է շունչս:
Օ~, կենդանի է հուրը մեր սիրո,
Թե’ ահ, թե’ տխրությունն անզոր են:
Ա~խ, թե զգաիր որքան եմ ես կարոտ
Քո շուրթերի դրոշմին այն կրակոտ:
8-րդ և 9-րդ տեղեր. Հեղինակ 3 և Հեղինակ 5 (3-ական քվե, 6.52%)
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Հեղինակ 3
Մենք չենք խմի նույն գավաթից այլևս
Ոչ ջուր և ոչ գինի անուշահոտ
էլ առավոտը չի բուրի մեր համբույրով
Ու երեկոն էլ չի կանչի իր մոտ
Քո սիրտն արևն Է, իմ հոգին` լուսինը
Սիրում ենք մենք ու ապրեցնում է սերը:
Կողքիս է միշտ անդավաճան ընկերս
Կողքիդ է միշտ ժպտուն ընկերուհիդ,
Բայց ինձ ծանոթ է վախը խորը աչքերիդ
Ու դու գիտես իմ թուլության պատճառը:
Մենք չենք կարող իրար հաճախ տեսնել
Մեզ վիճակվել է հոգիներ չփոթորկել:
Լոկ ձայնդ է իմ տողերում երգում
Քո տողերում ապրում է շունչը իմ:
Ո՛չ, չեն սպառնա անշեջ մեր կրակին
Ոչ վախը, ոչ էլ մոռացումը սին:
Թե իմանայիր որքան եմ ես սիրում
Շուրթերդ չոր, շուրթերդ վարդագույն:
Հեղինակ 5
Նույն բաժակից մենք չենք խմի
Ոչ ջուր հասարակ ու ոչ էլ գինի,
Առավոտյան չենք համբուրվի,
Երեկոյան էլ ոչինչ չի լինի։
Դու արևի մարդ ես, ես՝ լուսնի,
Բայց նույն սիրով ենք մնում կենդանի։
Իմ կողքին է միշտ իմ հավատարիմ, անուշ ընկերը,
Իսկ դու քո կողքին ունես կենսուրախ մի ընկերուհի,
Բայց ես հո գիտեմ՝ ինչ վախ է պատել քո ջինջ աչքերը.
Դու ես մեղավորն ու պատճառը իմ տառապանքների։
Մենք մեր կարճատև հանդիպումները չենք հաճախացնում,
Քանզի այդպիսով մեզ բաժին հասած հանգիստն ենք պահում։
Ձայնդ է միայն հնչում անդադար իմ այս տաղերում,
Քո տաղերին էլ իմ շնչառությունն է միշտ կյանք տալիս։
Օ՜, խարույկին այս չի սարսափեցնում ոչինչ աշխարհում
Ու մինչև անգամ մոռացությունը մոտիկ չի գալիս։
Թե իմանայիր՝ ոնց եմ փափագում
Շուրթերը քո չորուկ ու վարդագույն։
10-րդ տեղ. Հեղինակ 10 (2 քվե, 4.35%)
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Հեղինակ 10
Ջուր չենք խմի նույն բաժակից,
Ոչ էլ, ի դեպ, քաղցր գինի,
Չենք արբենա մենք համբույրից,
Պատուհանից դուրս չենք նայի։
Դու արևով ես շնչում, ես՝ լուսնով,
Բայց կենդանի ենք մնում մի սիրով։
Ինձ հետ է ընկերն իմ հավատարիմ,
Իսկ քեզ հետ՝ ընկերուհիդ կենսուրախ,
Դու ես կյանք տվել իմ այս ցավերին,
Ու աչքերումդ ես տեսնում եմ վախ։
Բայց հանդիպումները մեր կարճ
Չենք էլ ձգտում ավելացնել,
Քանզի չնչին հանգիստը այս
Մեզ վիճակված է պահպանել։
Իմ տաղերում քո ձայնն է լոկ հնչում,
Իմ շնչով են բուրում քո տաղերը։
Օ՜, խարույկին այս բնավ չեն սպառնում
Ո՛չ մոռացությունը, ոչ էլ վախերը։
Ա՜խ, եթե իմանայիր, թե այս պահին
Որքան եմ տենչում քո չոր շուրթերը։
Այսպիսով ձայների բացարձակ մեծամասնությամբ հաղթել է Հեղինակ 2-ի ներկայացրած թարգմանությունը: Այժմ առաջարկում եմ քննարկել ներկայացված թարգմանությունները, հեղինակների իրական անունների հրապարակումը փոքր-ինչ հետաձգելով: Հետաքրքրքիր է լսել բոլորի կարծիքները, երբ չկա մտերմի ստեղծագործությունը քննադատելուց խուսափելու կամ հակառակը՝ մտերմի ստեղծագործություն գովաբանելու հարց:
Քննարկումն այսպես կընթանա երկու օր, որից հետո կհրապարակեմ Հեղինակներից յուրաքանչյուրի անունը:
Չեմ բացառում, որ կախված քննարկման ընթացքից, մասնավորապես պասիվությունից կամ ակտիվությունից, այդ օրերի քանակը պակասեցվի, կամ հակառակը՝ ավելացվի:
Մաղթում եմ հետաքրքիր ու կառուցողական քննարկում:
Էջանիշներ