ԱՄՆ-ում սոցիոլոգիական հարցում է անցկացվել՝ կազմելու համար վերջին տասնամյակի ամենահակասական ու սկանդալային ֆիլմերի ցուցակը:
1. Առաջին տեղում է Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» կրոնական դրաման: Կինոնկարը պատկերում է Հիսուս Քրիստոսի կյանքի վերջին տասներկու ժամերը: Գիբսոնը փորձել է ինչքան հնարավոր է ռեալիստորեն ներկայացնել աստվածաշնչյան պատմությունը: Ֆիլմը, բացի արամեերենով լինելուց, աչքի է ընկնում նաև արյունալի բռնության տեսարանների առատությամբ: Եկեղեցու որոշ ներկայացուցիչներ շատ կոշտ քննադատության են ենթարկել ֆիլմը՝ մասնավորապես՝ ավելորդ նատուրալիզմի համար:
2. Մայքլ Մուրի «Ֆարենհեյտ 9/11» փաստավավերագրական կինոնկարը, որը ներկայացնում է սեպտեմբերի 11-ի հայտնի դեպքերը: Ըստ Մուրի խոսքերի՝ ֆիլմի գլխավոր նպատակն էր թույլ չտալ, որ Ջորջ Բուշ կրտսերը վերընտրվի: Ֆիլմում քննվում է ահաբեկչական հայտնի գործողություններին Բուշի մեղսակցության հարցը:
3. Վինսենտ Գալոյի «Շագանակագույն նապաստակ» էրոտիկ ֆիլմը: Կինոնկարը մրցումների համար Կալիֆոռնիա գնացող մոտոցիկլիստի մասին է: Ճանապարհին իր նախկին սիրուհու մասին հիշողություններից տանջվող միայնակ բայքերը հանդիպում ու լքում է տարբեր աղջիկների: Կաննի փառատոնում կայացած պրեմիերայի ժամանակ դահլիճում սուլոցներ էին հնչում. պատճառը ֆիլմում առկա օրալ սեքսի պոռնոգրաֆիկ տեսարանն էր, որն, ընդ որում, «լուրջ» էր նկարահանված:
Ֆիլմի հետ նաև մեկ ուրիշ սկանդալային պատություն է կապված. երբ ամերիկյան «համար առաջին» կինոքննադատ Ռոջեր Էբերտը հայտարարեց, որ դա աշխարհի ամենավատ ֆիլմն է, Գալոն, ի պատասխան, քննադատին սրտանց մաղթեց, որ նա հիվանդանա քաղցկեղով: Կարճ ժամանակ անց բժիշկներն Էբերտի մոտ իրոք հայտնաբերեցին այդ սարսափելի հիվանդությունը, իսկ «Նապաստակն» այդ օրից ի վեր այլևս ոչ ոք չի քննադատում:
4. Հաջորդ տեղում Էնգ Լիի «Սապատավոր սարը» կինոնկարն է: Այս դրաման պատմում է երկու կովբոյների հոմոսեքսուալ սիրո մասին:
5. Հնգյակը եզրափակում է Ռոն Հովարդի «Դա Վինչիի ծածկագիրը»: Այս բլոկբաստերը նկարահանվել է ըստ Դեն Բրաունի համանուն բեսթսելլերի: Գաղտնի միությունների, դավադրության տեսությունների, Դա Վինչիի ստեղծագործությունների մեջ թաքնված գաղտնիքների ու Սուրբ Գրաալի որոնումների մասին ֆիլմը խստագույնս դատապարտվեց կաթոլիկ եկեղեցու կողմից ՝ աստվածաշնչյան պատումները կամայականորեն խեղաթյուրելու համար:
Ըստ էության՝ ոչինչ չի փոխվել. ամենասկանդալային երևույթները եղել են, կան և կլինեն սեքսը, կրոնն ու քաղաքականությունը:
Էջանիշներ