helium-ի խոսքերից
Ուզում եմ ներկայացնել 2 հրաշալի ամինե սերիալներ, որոնք դիտել եմ վերջերս.
Code Geass:
Մի փոքր սյուժեից
Անիմեում մեկ այլ իրականություն է. կա գերհզոր Բրիտանական իմպերա /ոչ մի կապ չունի ներկայիս Բրիտանիայի հետ/, որի իշխանության տակ է գտնվում աշխարհի 1/3-ը, այդ թվում նաեւ Ճապոնիան: Բոլոր նվաճված երկրներ պես, այստեղ էլ ոչ-բրիտանացիները գտնվում են ծայր աստիճան վատ պայմաններում, ամենուրեք անհավասարություն է, մահ...Ահա այստեղ էլ ապրում է մեր գլխավոր հերոսը՝ Լիլուշը, իր կույր եւ հաշմանդամ քրոջ հետ: Տաղանդավոր բրիտանական ուսանող, խարիզմատիկ անձնավորություն, բարի եղբայր եւ ընկեր...եւ ահա մի պատահականության շնորհիվ նա դառնում է հակաբրիտանական տեռորիստների եւ բրիտանական զորքերի միջեւ բախման ակամա մասնակից, որի ընթացքում անծանոթ մի աղջկանից ստանում է հատուկ շնորհ՝ Գիես, շնորհ, որի միջոցով հնարավոր է իրեն ենթարկել ցանկացած մարդու կամքը...
Լիլուշը, հանդիսանալով բրիտանական իմպերատորի որդին, /այդ մասին իհարկե ոչ ոք չգիտեր/, միանում է հակաբրիտանական շարժմանն ու դառնում դրա առաջնորդը՝ ծածկելով իր ինքնությունը «Զեռո»-ի դիմակի տակ: Լիլուշի իրական ցանկությունն ու նպատակն էր՝ վրեժ լուծել իր հորից եւ կառուցել նոր ու արդար երկիր, որտեղ իր քույրը կարող էր երջանիկ լինել: Նա ստիպված է լինում երկակի կյանք վարել. բրիտանական հաջողակ ուսանող եւ հակաբրիտանական շարժման առաջնորդ...բայց միայն Լիլուշը չէր, որ ստիպված էր թաքցնել իր ինքնությունն ու իսկական նպատակները...
Նրանք, ովքեր տեսել են «Մահվան տետրակ»-ը, կգտնեն շատ նմանություններ Լիլուշի եւ Յագամիի կերպարների միջեւ. երկուսն էլ ունեն գերբնական ուժ, որն օգտագործում են իրենց գերագույն նպատակին հասնելու համար, երկուսն էլ հրաշալի ստրատեգներ են եւ ապրում են երկակի կյանքով...Նույնիսկ հերոսների նպատակներն են ինչ որ չափով նման միմյանց...Այնուամենայնիվ, Code Geass-ը ավելի բազմաժանր ու լայնածավալ /գործողությունների տարածական ընդգրկման եւ մասշտաբի առումով/ անիմե է, այն դրամա է՝ երբեմն կոմեդիկ տարրերով, ֆանտաստիկա՝ միախառնված նորագույն գիտական նվաճումներերի հետ, մարտական՝ հսկա ռոբոտների եւ բազմապիսի էներգետիկ զենքերի կիրառմամբ: Լիլուշի եւ նրա մտերիմ ընկերոջ կերպարները հրաշալի կերպով են ներկայացված՝ սկզբում միամիտ, բարի, ուրախ ու անհոգ 2 երիտասարդներ, իսկ վերջում արդեն ոխերիմ թշնամիներ, որոնք կարճ ժամանակում կարողացել են համտեսել պատերազմի բոլոր պտուղները: Հետաքրքիր է, թե ինչպես են ճապոնացիները կարողանում կերպարի այդպիսի փոփոխությունը պատկերել աչքերի ու հայացքի միջոցով. բավական է նայել սկզբի մի քանի սերիաները, հետո վերջինները, եւ կարողանում ես հստակորեն տարբերությունը տեսնել՝ առանց գիտակցելու, թե ինչպես այդ անցումը կատարվեց:
Լիլուշը պայքարում էր իր երազանքի համար՝ ոտնակոխ անելով նույնիսկ այն ամենն, ինչ իր համար ամենաթանկն էր. իր գաղափարները, ընկերներին, վստահությունն ու սերը...Ով է ճիշտ, իսկ ով սխալ, չկա հստակ սահմանազատում չարի ու բարու, կան ուղղակի մարդիկ, իրենց բնավորություններով եւ կյանքի հանդեպ իրենց մոտեցումներով, իրենց էմոցիաներով, եւ հետեւաբար նույնիսկ ամենամտածված ծրագիրը կարող է ձախողվել: Մարդիկ շախմատային քարեր չեն եւ նույնիսկ գերբնական Գիասն է անզոր այս պարագայում...
Թե ինչ ավարտ ունեցավ այդ համառ դեռահասի պայքարն ընդդեմ «մեծ» իմպերիայի եւ անհավասարության, դիտեք ինքներդ, միայն կավելացնեմ, որ ավարտն իսկապես հրաշալի էր մտածված, հուզիչ եւ շքեղ, անսպասելի եւ միեւնույն ժամանակ տրամաբանական եւ բացարձակորեն ճիշտ...
All hail… Leloush!!!
Էջանիշներ