User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի

    Փորձե՞նք կազմել նոր հազարամյակի լավագույն 20 կինոնկարների ցուցակը՝ ըստ ինտերնետի գլխավոր կինոռեսուրս IMDb ի: Դասակարգումը, բնականաբար, հիմնվելու է սայթի այցելուների քվեարկության արդյունքների վրա: Այսպիսով՝ առաջին տեղում է (օ՜, ինչպիսի՜ անակնկալ) «Խավարի ասպետը» բլոկբաստերը՝ Բեթմենի մասին կոմիքսների ռեալիստական էկրանավորումը: 2008 թվին ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքեց մեկ միլիարդ դոլար, ընդ որում՝ վստահաբար կարելի է ասել, որ ֆիլմի հաջողության բավականին մեծ մասն ապահովել էր գլխավոր չարագործ Ջոկերի փայլուն կերպարը, ում դերն ստանձնել էր հետմահու «Օսկարով» պարգևատրված Հիթ Լեջերը: Հետաքրքիր է՝ արդյո՞ք «Ասպետը» կլիներ այս ցուցակում, եթե Լեջերը չմահանար: Չէ՞ որ այսօր մահը լավագույն փիառն է: Այնուամենայնիվ՝ այս ֆիլմը հաստատապես արժանի է եթե ոչ առաջին հորիզոնականին, ապա գոնե առաջին տասնյակում տեղ ունենալուն:

    Շարունակենք. «Մատանիների տիրակալը. Արքայի վերադարձը»: Պիտեր Ջեքսոնի ստեղծագործությունը, հիրավի, քսանմեկերորդ դարի լավագույն կինոնկարներից է: Փառք ու պատիվ այն համարձակ պրոդյուսերներին, ովքեր ռիսկ արեցին մինչ այդ առանձնապես ոչ մի բանով աչքի չընկած ռեժիսյորին վստահել իննսուներեք միլիոն դոլար՝ զանազան օռկեր, սրականջ արարածներ, մորուքով պապիկներ ու մեկ զարդ նկարելու համար: Շուտով պարզ դարձավ, որ Ջեքսոնը հրաշք է ստեղծել. քիչ են այն ֆիլմերը, որոնք կարող են իրենց դիտարժանությամբ, ծավալով ու գեղեցկությամբ համեմատվել «Մատանիների տիրակալի» հետ:

    Տասը հնարավորից 8.7 միավորով երրորդ հորիզոնականում է բրազիլական «Աստծու քաղաքը» դրաման, որին հաջորդում է «Մատանիների տիրակալի» առաջին մասը: Սրան հետևում է Քրիստոֆեր Նոլանի անմոռանալի «Մեմենտոն», ապա՝ ամենազոր «Մատանիների» երկրորդ մասը՝ «Երկու ամրոցները»: Կախարդական յոթերորդ տեղում է մադմուազել Ամելի Պուլենը. «Ամելի»: Ռեժիսյոր Ժան-Պիեռ Ժյոնեն ու եթերային գեղեցկուհի Օդրի Տոտուն էկրանի վրա ստեղծեցին այն ամենանուրբը, ամենախենթն ու ամենաֆրանսիականը, ինչին այդ պահին ընդունակ էր եվրոպական կինեմատոգրաֆը: Իսկ իսկական եվրոպական կինոն շատ բանի է ընդունակ: Այս ամենի արդյունքը եղան բազմաթիվ ոսկե, արծաթե ու բյուրեղապակե արձանիկներ, քննադատների ջերմագին ընդունելությունը և սովորական հանդիսատեսի պարզ, անկեղծ, մարդկային սերը:

    Ութերորդը Պիքսար ստուդիայի «ՎԱԼԼ-Ի» անիմացիոն ֆիլմն է: Հիրավի՝ միայն Պիքսարը կարող էր մուլտ նկարել աղբ հավաքող ժանգոտ ռոբոտի մասին, ով ընդամենը ուզում է բռնել մեկ ուրիշի ձեռքը, և ստեղծել նման գլուխգործոց: Սրան հաջորդում է Ջեյմս Կեմերոնի «Ավատարը»: Դժվար է ասելը՝ արդյո՞ք այստեղ իրենց ազդեցությունն են ունեցել ֆիլմի նոր լինելը, տիտանական մասշտաբների գովազդն ու եռաչափ կապույտ արարածները, թե՞ «Ավատարը» իրոք հանճարեղ է. ժամանակը ցույց կտա: Մի բան պարզ է. այս հոդվածը գրելու պահին առնվազն 176,119 մարդ աշխարհով մեկ համոզված են, որ այս ֆիլմն արժանի է առնվազն 8.5 միավորի՝ տասը հնարավորից:

    Այնուհետև ցուցակում տեղ է գտել Մարտին Սկորսեզեյի «Հեռացածը» (The Departed): Շատերը համոզված են, որ 2006-ին Ամերիկյան կինոքննադատների ակադեմիան չորս «Օսկար» (այդ թվում՝ տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում) տվեց այս ֆիլմին, քանի որ Սկորսեզեն արդեն վեց անգամ ներկայացվել էր «Օսկարի», և վեց անգամն էլ՝ անարդյունք. պարզապես արդեն հասունացել էր «Տաքսու վարորդի», «Կատաղած ցլի» ու «Կազինոյի» ծերուկ ռեժիսյորին մխիթարելու պահը:

    Թոփ-20-ի տասնմեկերորդ և տասներկուերորդ տեղերում են Ռոման Պոլանսկիի «Դաշնակահարը» կինոնկարը և Հայաո Միյաձակիի «Ուրվականներից քշվածները» անիմեն: Սրանց իրար հետևից հաջորդում են երեք դրամա. գերմանացի ռեժիսյոր Ֆլորիան Հենկել ֆոն Դոններսմարկի «Ուրիշների կյանքը», Միշել Գոնդրիի «Մաքուր բանականության հավերժական փայլը»՝ Ջիմ Քերիի գլխավոր դերակատարությամբ և Դարեն Արանոֆսկիի «Ռեքվիեմ երազի համար» ֆիլմերը: Վերջինս հավակնում է տեղ զբաղեցնելու նաև քսանմեկերորդ դարի ամենասարսափելի ֆիլմերի ցանկում, չնայած որ իրականում այն մասին է, թե ինչպես են երազող մարդիկ շենքի տանիքից իրենց երազանքին ընդառաջ ուղարկում թղթե ճերմակ ինքնաթիռներ:

    «Ռեքվիեմից» հետո ցուցակում պոզեր ու կճղակներ են. Գիլյերմո դել Տորոյի «Պանի լաբիրինթոսը» կինոնկարը ևս նոր հազարամյակի լավագույն ֆիլմերից է, ըստ IMDb-ի: Ապա, ըստ ցուցակի, գալիս է Քվենտին Տարանտինոյի «Անփառունակ սրիկաները» պատերազմական թեմաներով ստեղծագործությունը՝ այս դասակարգման ամենանոր անունը: Տասնութերորդ տեղը կրկին Պիքսարինն է. «Վերև»: Մուլտֆիլմը, ի թիվս այլ արժանիքների, համարվում է «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում այս տարվա «Օսկարի» գլխավոր հավակնորդը: Նախավերջին հորիզոնականում կրկին Քրիստոֆեր Նոլանն ու Քրիստիան Բեյլն են: Այս անգամ, սակայն, դերասանը սև թիկնոցի ու սրականջ դիմակի փոխարեն սմոքինգով ու ցիլինդրով է. «Պրեստիժ»: Ցուցակը եզրափակում է ռեժիսյոր Օլիվեր Հիրշբիգելի «Անկում» պատերազմական դրաման, որը պատմում է Ադոլֆ Հիտլերի կյանքի վերջին օրերի մասին:



    Նոր հազարամյակի լավագույն 20 ֆիլմերը


    1. «Խավարի ասպետը» (The Dark Knight, 2008).
    2. «Մատանիների տիրակալը. Արքայի վերադարձը» (The Lord of the Rings: The Return of the King, 2003).
    3. «Աստծու քաղաքը» (Cidade de Deus (City of God), 2002).
    4. «Մատանիների տիրակալը. մատանու եղբայրությունը» (The Lord of the Rings: The Fellowship of the Ring, 2001).
    5. «Մեմենտո» (Memento, 2000).
    6. «Մատանիների տիրակալը. երկու ամրոց» (The Lord of the Rings: The Two Towers, 2002).
    7. «Ամելի» (Amélie, 2001).
    8. «ՎԱԼԼ-Ի» (Wall-E, 2008).
    9. «Ավատարը» (Avatar, 2009).
    10. «Հեռացածը» (The Departed, 2006).
    11. «Դաշնակահարը» (The Pianist, 2002).
    12. «Ուրվականներից քշվածները» (Spirited Away, 2001).
    13. «Ուրիշների կյանքը» (Das Leben der Anderen (The Lives of Others), 2006).
    14. «Մաքուր բանականության հավերժական փայլը» (Eternal Sunshine of the Spotless Mind, 2004).
    15. «Ռեքվիեմ երազի համար» (Requiem for a Dream).
    16. «Պանի լաբիրինթոսը» (El laberinto del fauno (Pan’s Labyrinth), 2006).
    17. «Անփառունակ սրիկաները» (Inglourious Basterds, 2009).
    18. «Վերև» (Up, 2009).
    19. «Պրեստիժ» (The Prestige, 2006).
    20. «Անկում» (Der Untergang (Downfall), 2004):
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (06.02.2010), cold skin (05.02.2010), Enigmatic (05.02.2010), Jarre (05.02.2010), matlev (05.02.2010), Norton (05.02.2010), Tyler (05.02.2010), Yeghoyan (05.02.2010), Yellow Raven (29.01.2011), Աթեիստ (05.02.2010), Ապե Ջան (05.02.2010), Գոհարիկ (05.02.2010), Դատարկություն (05.02.2010), ԿԳԴ (05.02.2010), Ռուֆուս (05.02.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 20-րդ դարի լավագույն ՀԱՅԵՐԸ
    Հեղինակ՝ Sam521, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 35
    Վերջինը: 25.10.2013, 17:34
  2. Հոդված. 21-րդ դարի լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Հոդվածներ, նյութեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.08.2011, 22:14
  3. 20-րդ դարի լավագույն գիրքը
    Հեղինակ՝ Malu, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 30.01.2011, 10:24
  4. Գրառումներ: 9
    Վերջինը: 01.09.2010, 21:57
  5. 2008թ-ի լավագույն ֆիլմերը
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 28
    Վերջինը: 24.05.2009, 18:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •