Իմ կարծիքով մարդկության պատմության ողջ ընթացքում բոլոր ազգերը գլոբալիզացման ընդհանուր կաթսայի մեջ անդադար խմորվում են, ու այդ գործընթացը այսօր էլ բնականաբար շարունակվում է, պարզապես մի ազգի մոտ արագ, մի ազգի մոտ պակաս տեմպով։ Ավելի ճիշտ է քննարկել գլոբալիզացիայի տեմպը և հանգման կետերը կամ, ավելի ճիշտ, ապագայում պայմանականորեն ֆիքսված ժամանակակատերը, թեև այդ ուղղությամբ էլ քննարկվող թեմաներ կան։ Գլոբալիզացման ապացու՞յց։ Հենց միայն այն, որ մենք հիմա արմատ չենք զգում մեր սեփական հողում, ինքներս մեր լավագույնը չենք կարողանում ու չենք ուզում պահել, մեր երկիրը վատ կառավարելու ու ազգը քիչ սիրելու արդյունքում արտագաղթով սնում ենք սփյուռքը և այլն, և այլն, արդեն իսկ գլոբալիզացման լավ հումք ենք։ Մեզանից յուրաքանչյուրը առանձին–առանձին ու բոլորս միասին մեր աշխարհայացքի ու տեղեկացվածության չափով ներքին մղում ու ձգտում ունենք արտերկրի որևէ տնտեսաքաղաքամշակութակենցաղային միջավայրի հանդեպ։ Այստեղ ապրենք, թե դրսում, մենք դուրս ենք մղվում մեզանից, իսկ ջրից պոկված, գոլորշիացած մոլեկուլը, կամ թեկուզ մոլեկուլների բազմությունը, հաստատ կկլանվի որևէ «բաղադրույթ»–ի կողմից։