Աստիճանաբար փոխվել է Ռոդենի քանդակելու ձևը, նրա գործերը դարձել են միտումնավոր էսքիզային, ասես ոչ ավարտուն, լույսի և ստվերի խաղերը ավելի հակադիր, իսկ ծավալների ձևավորումը` ընդգծված գեղանկարչական: Ավելի առաջնային է դառնում շարժման ձևավորումը, որը նախկինում սյուժեի ու դիրքի համեմատությամբ համարվում էր երկրորդական: Ըստ նրա խոսքերի` շարժումը քանդակի գլխավոր խորհուրդն է:
Այս ամենը նրան դարձրել է իմպրեսիոնիզմի խոշորագույն ներկայացուցիչը քանդակագործության մեջ:
Ռոդենը միաժամանակ շարունակել է կերտել դիմաքանդակներ, որոնք աչքի են ընկնում մարդկային խառնվածքի ու ներաշխարհի հաղորդման անմիջականությամբ ու խորությամբ:
Ռոդենի ստեղծագործությունը մի ամբողջ դարաշրջան է քանդակագործության պատմության մեջ: Հավատարիմ մնալով ռոմանտիզմի ավանդույթներին, անտարակույս պատկանելով ռեալիզմին, առնչվելով իմպրեսիոնիզմին ու սիմվոլիզմին, այն խթանել է 20-րդ դարի տարբեր ուղղությունների նշանավոր քանդակագործների` Ռոդենի աշակերտներին:
Էջանիշներ