Կոպեկանոցը
Այդ խոնավ գիշերներին,
երբ Մոնտեվիդեոյից ծով դուրս եկանք,
չգիտեմ ինչու՝ տախտակամածից կոպեկանոցը
շպրտեցի ծով:
Այն փայլփլելով պղտոր ջրում սուզվեց.
լույսի մի բեկոր,
որ ժամանակն ու մութը կուլ տվին:
Եվ հասկացա մեկեն, որ անուղելի
մի բան եմ արել,
ես պարտադրել եմ տիեզերքի պատմությանը,
սեփական ճակատագրիցս բացի, որ հյուսված է
սիրուց, տագնապից, սին անկայունությունից,
նաև ճակատագիրը այդ մետաղյա դրամի,
որը հիմա, ուզեմ, թե չուզեմ ապրում է
ինձ հետ հավասարի իրավունքով:
Գուցե ալիքները հանգստացնեն նրան
կպչուն խութերում
ու տանեն գուցե ծովերին դարավոր,
որոնք լվանում են աճյունները
սաքսոնների ու վիկինգների:
Բայց ինչ էլ որ լինի այնտեղ, այս պահից
իմ ապրած ամեն ակնթարթի մեջ
զգում եմ պահը, որ ապրում է այդ կոպեկանոցը:
Մեկ-մեկ տանջում է խղճի խայթը ինձ:
Բայց ավելի հաճախ նախանձն է տանջում.
ես նախանձում եմ իմ պղնձե բախտակցին,
որ ինձ նման մոլորվել է ժամանակի բավիղներում,
Սակայն ինձ նման ինքն այդ չգիտե:
Էջանիշներ