User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Խորխե Լուիս Բորխես

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #9
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ հիստրիոններ ճգնավորներ էին, ոմանք Օրիգենեսի նման վնասում էին իրենց, ոմանք ապրում էին գետնի տակ, ապականոցներում, ոմանք կուրացնում էին իրենց, իսկ նաբուգոդոնոսորները Նիտրիայից «ցլերի նման խոտ էին որոճում և նրանց մազերն աճում էին, ինչպես արծիվներինը»: Մարմինը մեռցնելուց և ինքնախարազանումից զատ նրանք հաճախ դիմում էին հանցագործության, որոշ համայնքներում ծաղկում էր ապրում գողությունը, մյուսներում՝ մարդասպանությունը, այլ համայնքներում՝ արվամոլությունը, արյունապղծությունը և անասնապղծությունը:Նրանք բոլորն էլ աստվածուրացներ էին, անարգում էին ոչ միայն քրիստոնեական Աստծուն, այլև իրենց դիցարանի խորհրդավոր կուռքերին: Նրանք շարադրում էին սուրբ գրքեր, որոնց կորուստն են ողբում գիտնականները: Սեր Թոմաս Բրաունը գրել էր 1658 թվականին. «Ժամանակը ոչնչացրել է հիստրիոնական ամբարտավան Ավետարանները, սակայն ոչ Անարգանքները, որոնց ենթարկվեց նրանց Սրբապղծությունը»: Էրֆորդը գտնում էր, որ հենց այդ «անարգանքներն» են կորուսյալ ավետարանները: Սա անհասկանալի կթվա, եթե չիմանաս հիստերիոնների տիեզերագիտությունը:Անթափանց գրքերում ասված է. այն, ինչ կա ներքևում, նման է նրան, ինչ կա վերևում, իսկ այն, ինչ կա վերևում, նման է նրան, ինչ կա ներքևում, «Զոհարում» ասվում է, որ ստորին աշխարհը վերին աշխարհի արտացոլումն է: Հիստրիոնները հիմնավորում էին իրենց ուսումնքն այդ մտքի այլասերման վրա: Նրանք մեջբերում էին Մատթեոսին՝ «և թող մեզ զպարտիցս մեր, որպես և մենք թողուք մերոց պարտապանաց» (Մատթեոս VI, 12) և «արքայությունն երկնային ուժով է առնվում» (Մատթեոս XI, 12), ի ապացույց առ այն, որ Երկիրը ազդում է Երկնքի վրա, ապա մեջբերում էին Կորնթացիներին ուղղված պատգամից. «Այժմ մենք տեսնում ենք կարծես փայլատ ապակու միջով» (Կորնթացիներին XIII,12) ի ապացույց առ այն, որ ամենայն տեսանելին սուտ է: Հավանական է, որ մոնոտոնների ազդեցության տակ նրանք ենթադրում էին, որ յուրաքանչյուր մարդ երկու մարդ է և նրանցից իրականը նա է, ով գտնվում է երկնքում: Նրանք նաև ենթադրում էին, որ մեր արարքները անպայմանորեն հակառակն են արտացոլվում, այսինքն, եթե մենք արթուն ենք, ապա նա՝ մյուսը, քնած է, եթե մենք մեղանչում ենք, մյուսը ճգնում է, եթե գողանում ենք, նա ազնիվ է: Մահից հետո մենք կմիանանք նրան և նա կլինենք: Այս ուսմունքի պատառիկներ հանդիպում են Բլուայի մոտ: Այլ հիստրիոններ կարծում էին, որ կգա աշխարհի վերջը, երբ կավարտվեն իրենց հնարավորությունները, և քանի որ կրկնություններ լինել չեն կարող, հավատացյալը պիտի բացառի, այսինքն, կատարի ամենաստոր արարքները, որպեսզի դրանք չարատավորեն իր ապագան և արագացվի Հիսուսի արքայության գալուստը: Այս դրույթը ժխտում էին մնացյալ աղանդները, որոնք պնդում էին, որ յուրաքանչյուր մարդու մեջ պիտի իրականանա ողջ աշխարհի պատմությունը: Մեծամասնությանը, ինչպիսին Պյութագորասն է, վիճակված է անցնել շատ վերամարմնավորումների միջով, մինչև ազատություն ստանալը, այլոք՝ պրոթեիկները «մի կյանքի ընթացքում առյուծներ են եղել, վիշապներ, վարազներ, ջուր և ծառ»:Դեմոսթենեսը տեղեկացնում է ցեխով մաքրվելու մասին, որոնց ենթարկում էին օրփեոսյան կաճառների օծյալներին. պրոթեիկներն էլ փնտրում էին չարով մաքրագործվելու ուղին: Ինչպես և Կարպոկրատոսը, նրանք ենթադրում էին, որ ոչ ոք դուրս չի գա բանտից, մինչև չտա վերջին գրոշը (Ղուկաս XII,59), և սովորաբար խրախուսում էին ապաշխարողներին մեկ այլ խոսքով. «Ես եկել եմ նրա համար, որ կյանք ունենաք և ունենաք շատ» (Հովհաննես XII,10): Նրանք նաև ասում էին, որ չարագործ չլինելը սատանայական հպարտություն է… Բազում առասպելաբանություններ են հորինել հիստրիոնները. ոմանք ճգնավորության կոչ էին անում, մյուսները՝ այլասերվածության, և բոլորն էլ սահմռկեցուցիչ էին մտքի համար: Թեոպոմպոսը՝ հիստրիոնը Բերենիկից, հերքում էր բոլոր առասպելները, նա պպնդում էր, որ ամեն մի մարդ օրգան է, որը արարվել է աստծո կողմից աշխարհը զգալու համար:Ավրելիանոսի առաջնորդության հերձվածողները պատկանում էին նրանց թվին, ովքեր հայտարարում էին, որ ժամանակի մեջ կրկնություններ չեն լինում, ոչ թե նրանց, ովքեր պնդում էին, որ յուրաքանչյուր արարք արտացոլվում է երկնքում: Այս տարբերությունն անսովոր էր, և Ավրելիանոսը նշեց դրա մասին հռոմեական իշխանություններին ուղղված զեկույցում: Պրելատը , որին նա ուղարկեց այդ զեկույցը, կայսրուհու հոգեհայրն էր. բոլորը գիտեին, որ նրա դժվարին պաշտոնը համակցված է աստվածաբանության «առօրյա ուրախություններին» հաղորդակից լինելու արգելքով: Սակայն պրելատի քարտուղարը՝ Հովհաննես Պաննոնացու նախկին ընկերը, ներկայումս էլ նրա հետ թշնամացած, ուներ աղանդների մանրախույզ ուսումնասիրողի համբավ. Ավրելիանոսը զեկույցին ավելացրեց հիստրիոնական հերձվածի մասին շարադրանքները, որոնք գտել էր Ջենովայի և Աքվիլեայի փոքր մենաստաններում: Մի քանի պարբերություն գրելով, նա պատրաստվեց շարադրել սարսափազդու տեսությունն այն մասին, որ չկան երկու միանման ակնթարթներ և այստեղ նրա փետուրը կանգ առավ: Նա չեր կարողանում գտնել ստույգ ձևակերպումը: Նոր հերձվածի խրատները՝ ՙՈւզու՞մ ես տեսնել այն, ինչ մարդկային աչքերը չեն տեսել: Նայիր լուսնին: Ուզու՞մ ես լսել այն, ինչ մարդկային ականջները չեն լսել: Ունկնդրիր թռչունների ձայնը: Ուզու՞մ ես շոշափել այն, ինչ չեն շոշափել մարդկային ձեռքերը: Ձեռք տուր հողին: Իրավ եմ ասում, Աստված դեռ չի ստեղծել երկիրը՚, չափից դուրս փքված և փոխաբերական էին վերապատմելու համար: Եվ հանկարծ նրա մտքում առաջացավ քսան բառից կազմված մի նախադասություն: Նա ուրախացած գրանցեց այն, և իսկույն ևեթ նրան խոցեց կասկածը, որ այդ ձևակերպումն իրենը չէ: Մյուս օրը նա հիշեց, որ կարդացել էր այն շատ տարիներ առաջ «Adversus annulares»՝ («Անուլյարների դեմ») աշխատության մեջ, որի հեղինակն էր Հովհաննես Պաննոնացին: Նա ստուգեց այդ միտքը, այո, դա այնտեղից էր վերցված: Ավրելիանոսին տիրեցին տանջալից մտորումները: Փոխել կամ ջնջել այդ բառերը կնշանակեր թուլացնել արտահայտչականությունը, եթե թողներ դրանք, իրեն ատելի մարդուց արտագրություն կլիներ, իսկ աղբյուրը նշելը՝ մատնություն: Նա աղերսեց երկնքին: Հաջորդ օրվա երեկոյան նրա պահպանիչ հրեշտակը թելադրեց նրան փոխզիջումային լուծումը: Ավրելիանոսը պահպանեց այն բառերը, սակայն հետևյալ առաջաբանով. «Այն, ինչի մասին այժմ բարբաջում են հերձվածողները մեր հավատը սասանելու նպատակով, ասել է մեր դարի ոմն գիտուն այր, ավելի շատ անմտությունից դրդված, քան մեղավորությունից»: Հետո կատարվեց այն, ինչից նա վախենում էր, ինչին սպասում էր, ինչը հնարավոր չէր կանխարգելել:Ավրելիանոսը ստիպված էր ասել, թե ով էր այդ մարդը: Հովհաննես Պաննոնացին մեղադրվեց հերձվածին հարելու մեջ:Չորս ամիս հետո Ավենտինից մի դարբին, հիստիրոնների կեղծ հավաստումներով խաբված, իր մանուկ որդու ուսերին հսկայական երկաթե գունդ դրեց, որպեսզի նրա կրկնակը վեր թռչի: Երեխան մահացավ: Սարսափը, որն առաջացրել էր այս հանցագործությունը, ստիպեց Հովհաննեսի դատավորներին անբեկանելի խստասրտություն դրսևորել: Նա չէր ցանկանում հրաժարվել իր խոսքերից և կրկնում էր, որ իր մտքի հերքումը տանում է մոնոտոնների մահաբեր հերձվածին: Նա չէր հասկանում, կամ չէր ցանկանում հասկանալ, որ մոնոտոնների մասին խոսելն անիմաստ է, նրանց մասին վաղուց արդեն մոռացել են: Ծերունական համառությամբ նա իր նախկին բանավիճական աշխատությունից փայլուն հատվածներ էր ներկայացնում, սակայն դատավորները նույնիսկ չէին լսում այն, ինչով նախկինում զմայլված էին: Հովհաննեսը պիտի պաշտպանվեր իրեն առաջադրված հիստրիոնության մեղադրանքից, սակայն նա ապացուցում էր, որ միտքը, որի համար իրեն մեղադրում են, զուտ ուղղափառ է: Նա վիճում էր մարդկանց հետ, որոնց որոշումից էր կախված իր ճակատագիրը, և թույլ տվեց մեծագույն մի սխալ. նա վիճում էր փայլուն և ծաղրանքով: Հոկտեմբերի քսանվեցին, երեք օր և գիշեր տևած քննարկումից հետո նրան դատապարտեցին խարույկի վրա մահվան:Ավրելիանոսը ներկա էր մահապատժին. հրաժարվել՝ նշանակում էր իրեն մեղավոր ճանաչել: Մահապատժի վայրը բլուր էր, որի կանաչ գագաթին կանգնած էր հողում խորը թաղված սյունը՝ շրջապատված ցախի շեղջերով: Պաշտոնյան ընթերցեց դատարանի որոշումը: Կեսօրյան արևի շողերի տակ ընկած էր Հովհաննես Պաննոնացին՝ դեմքը փոշեթաթախ, գազանի նման ոռնալով: Նա ճանկռտում էր հողը, փորձելով բռնվել, սակայն դահիճները բռնեցին նրան, մերկացրին և վերջապես կապեցին սյանը: Նրա գլխին դրեցին ծծմբի մեջ թաթախված ծղոտե պսակ, կրծքից կախեցին «Adversus annulares» չարաբաստիկ գրքի մի օրինակ: Նախորդ գիշերն անձրև էր եկել և ցախը վատ էր այրվում: Հովհաննես Պաննոնացին աղոթում էր հունարեն, այնուհետև անծանոթ լեզվով: Խարույկի բոցերը արդեն պարուրում էին նրան, երբ Ավրելիանոսը որոշեց բարձրացնել աչքերը: Բոցի լեզուները մի ակնթարթ կանգ առան. Ավրելիանոսը առաջին և վերջին անգամ տեսավ ատելի մարդու դեմքը: Այն նրան ինչ որ մեկին էր հիշեցնում, սակայն նա չէր կարողանում հիշել, թե ում: Հետո կրակն ամեն ինչ ծածկեց, դատապարտվածը սկսեց գոռալ և թվում էր, թե գոռում է ինքը՝ խարույկը:Պլուտարքոսն ասում էր, որ Հուլիոս Կեսարը ողբում էր Պոմպեոսի մահը: Ավրելիանոսը չողբաց Հովհաննեսի մահը, սակայն այժմ հասկանում էր, թե ինչ է զգում անբուժելի հիվանդությունից բուժված մարդը, որը նրա կյանքի մաս էր դարձել: Աքվիլեայում, Եփեսոսում նա երկար տարիներ անց կացրեց: Նա մղվում էր դեպի կայսրության անհյուրընկալ սահմանները, խուլ ճահիճները և ճգնավորական անապատները, որպեսզի միայնությունը օգներ իրեն հասնել նետված վիճակին: Մի անգամ, մավրիտանական վրանի մեջ, առյուծի մռնչյունից դղրդացող գիշերը, նա մտքում արտասանում էր խրթին մեղադրանքը, որ առաջադրել էին Հովհաննես Պաննոնացուն և արդեն որերորդ անգամ համաձայնվում էր դատավճռի հետ: Սակայն արդարացնել իր ճղճիմ մատնությունը ավելի դժվար էր: Ռուս ադ Դիրում նա արտասանեց այժմ արդեն անհամատեղելի խոսքերը. «Կանթեղների կանթեղ, այրված ուրացողի մարմնում»: Հիբերնիայում, անտառներով շրջապատված մենաստանի խցում, երբ գիշերը մոտենում էր արևածագին, նա հանկարծ լսեց անձրևի ձայնը: Նա հիշեց այն գիշերը Հռոմում, երբ նա այնքան հանկարծակի լսեց կաթիլների տարափի աղմուկը: Կեսօրին կայծակն այրեց ծառերը և Ավրելիանոսը կարողացավ մահանալ նույն մահով, ինչ որ Հովհաննեսը:Այս պատմության վերջաբանը կարելի է պատմել միայն փոխաբերություններով, քանզի այն տեղի է ունենում երկնային արքայությունում, ուր ժամանակ գոյություն չունի: Միգուցե, պետք էր ասել, որ Ավրելիանոսը զրուցում էր Աստծո հետ և Աստված այնքան քիչ էր հետաքրքրվում կրոնական վեճերով, որ նրան Հովհաննես Պաննոնացու հետ էր շփոթել: Սակայն դա կնշանակեր ակնարկ առ շփոթության հնարավորություն աստվածային մտքում: Ճիշտ կլիներ ասել այլ կերպ. դրախտում Ավրելիանոսն իմացավ, որ անքննելի Աստծո համար ինքը և Հովհաննես Պաննոնացին՝ ուղղափառը և հերձվածողը, ատողը և նա, որին ատում էին, մեղադրողը և մեղադրյալը նույն անձն էին:

    Թարգմանությունը՝ Պ. Ճաղարյանի:
    A long time ago, in a galaxy far, far away...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (13.10.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կոելիո և Բորխես
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 74
    Վերջինը: 10.05.2010, 21:54
  2. Արձակ. Խորխե Լուիս Բորխես. Հուդայի մատնության երեք վարկածները
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 16.12.2009, 22:43
  3. Արձակ. Խորխե Լուիս Բորխես. Շրջանաձև ավերակներ
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 30.10.2009, 21:46
  4. Արձակ. Խորխե Լուիս Բորխես. Ragnarök
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 23.08.2009, 09:19

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •