ՈՐՆ Է ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ
Եթե Հայաստանում բավարար չափով հասունացած լինեին հեղափոխական տրամադրությունները եւ հաստատ համոզվածություն լիներ, որ մոտ ապագայում ժողովուրդն ու այն ներկայացնող քաղաքական ուժերն այլեւս չեն հանդուրժելու իքնաոչնչացման տանող այս ընթացքը, ապա մենք մեր պարտքը կհամարեինք այսօրվանից իսկ հանդես գալ հրապարակումներով, որոնք նպատակ կհետապնդեին արգելակիչ դառնալու հեղափոխության տարերայնացման ճանապարհին: Այսինքն, ցանկացած հեղափոխությանը ուղեկցող այն երեւույթներին, որոնց հետեւանքով իր էությամբ կառուցողական նպատակներ հետապնդող ակտիվ դրսեւորումը կարող է վերաճել բացասական հետեւանքներով լի գործողության:
Սակայն քաղաքական կյանքը Հայաստանում այնքան ճահճացած է, որ մեր հասարակությանն այս ճակատագրապաշտական անձնատրության թմբիրից արթնացնելու համար այժմ անհրաժեշտ է արմատականություն` ընդհուպ մինչեւ շոկային մեթոդները: Միայն այն մարդիկ եւ այն ուժերը կարող են հանդես գալ ճահճային իրավիճակի պահպանման օգտին, քողարկելով դա ինչ-ինչ վեհ գաղափարներով ու նպատակներով, ում համար ներկայիս Հայաստանն այն իդեալական տարբերակն է, որ հնարավորություն է ստեղծում բավարարելու իրենց նեղ եսասիրական շահերը, կամ համատարած դատարկության ու անգործության մեջ դրսեւորվելու իբրեւ այլընտրանքային ուժ ու արժեք: Մնացյալի համար, ովքեր չեն վախենում զարգացում ապրող հասարակության պայմաններում իքնադրսեւորման համար անհրաժեշտ ջանք ու եռանդը ներդնելու ծանր, բայց օգտակար գործից, ներկան բացարձակապես անհանդուրժելի է, առավել եւս` դրանով թելադրվող ապագան:
Ի վերջո, կարելի է պարզապես “հեղափոխություն” բառին կցել մեղմացնող մակդիրներ` “թավշյա”, “առանց ուժային մեթոդների կիրառման”, “սահմանադրական ճանապարհով” եւ այլն, թուլացնելու համար սարսափազդու տպավորությունը, որ այն գործում է մեր հասարակության վրա, հակառակ որ հեղափոխությունն իրականում իր մեջ կրում է նաեւ շատ առողջ հիմունքներ: Սակայն դա միայն այն դեպքում, եթե նպատակ ունենայինք, միտքն արտահայտելով հանդերձ, էժան խորամանկությամբ շողոքորթելու եւ նրանց, ովքեր “հեղափոխություն” եզրն աներկբայորեն ընդունում են գեթ ավանդականությունը չխախտելու համար, եւ նրանց, ում նախանձն է շարժում էվոլյուցիոն զարգացման ճանապարհով հիմնահարցեր լուծելու` քաղաքակիրթ երկրների ընդունակությունը, թեեւ մոռացության է տրվում, որ լիբերալևդեմոկրատիայի հիմքերի կառուցման առաջին քարը միշտ դրվել է հեղափոխական ճանապարհով: Սակայն մեր ժողովրդի ապագայի վրա կախված ապառնալիքն այնքան շոշափելի է, որ սոփեստությունը, առավել եւս շողոքորթությունը, անտեղի է եւ անբարոյական շռայլություն:
Էջանիշներ