ՆՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ «ԼԻԲԵՐՏԱՆԳՈՆ»
Փետրվար 23, 2010
Դիտել մեկնաբանություններ Թողեք մեկնաբանություն
2010 թ. փետրվարի 19-ի երթի անդամները, ովքեր նույն օրը ձերբակալվեցինՈւրբաթ օրը խաղաղ երթի մի քանի տասնյակ երիտասարդ մասնակիցներ` Երեւանի Սայաթ Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում, ոստիկանության գործադրած բռնություններին ի պատասխան, ասֆալտին նստած վանկարկում էին «Ազատ, Անկախ, Հայաստան»։ Ի հեճուկս ոստիկանության գործադրած բռնությունների` նրանք չդադարեցրին իրենց երթը, եւ այն հասցրեցին մինչեւ վերջ, մինչեւ նախատեսված վայր։ Այդ երիտասարդներից վեցը բերման ենթարկվեցին ոստիկանության Կենտրոնի բաժին, ոստիկանները բռնություն գործադրեցին նրանց նկատմամբ։ Այդ երիտասարդներից շատերը արդեն բազմիցս բերման են ենթարկվել ոստիկանների կողմից, որովհետեւ երթ են արել նախորդ ուրբաթ, դրան նախորդած ուրբաթ, դրան նախորդած ուրբաթ։ Այդ երիտասարդները մի քանի անգամ բռնության են ենթարկվել սերժասաշիկական զբրոդի կողմից։ Բայց այդ երիտասարդները չեն զիջել Երեւանը, այդ երիտասարդները չեն զիջել Հայաստանը, եւ նրանք ամեն շաբաթ երթ են անում Երեւանի փողոցներում եւ վանկարկում «Ազատ, Արդար Հայաստան»։ Այս ուրբաթ երիտասարդների երթին միացան Սասուն Միքայելյան տված Վանատուրի ներկայացուցիչները։ Այս ուրբաթ երիտասարդների երթին միացան նաեւ Մարտի մեկին զոհված հերոս տղերքի ծնողներից շատերը, որովհետեւ երթ անող, բերման ենթարկվող, հարձակման թիրախ դարձող էս երիտասարդներից յուրաքանչյուրը Մարտի 1-ին եղել է իրադարձությունների թատերաբեմում, եւ ուրեմն նրանցից յուրաքանչյուրը կարող էր լինել իրենց որդիների փոխարեն։ Էս տղերքի վրա հարձակվողները, նրանց բերման ենթարկողները Մարտի 1-ի ավտոմատավորներն են, Մարտի 1-ի մարդասպանները։ Եւ նրանք սպանել են, որովհետեւ իրենց թիրախ դարձած տղերքը, զոհված տղերքը` մեկը բարձրաձայն, մյուսը հայացքով, երրորդը կեցվածքով վանկարկել են` «Ազատ, Անկախ, Հայաստան»։ Նրանց մահը չի լռեցրել նրանց, եւ հիմա նրանց եղբայրներն են վանկարկում «Ազատ, Արդար, Հայաստան», եւ նրանց սգավոր մայրերը իրենց լուսանկարները ձեռքներին միացել են իրենց եղբայրներին, եւ պահանջում են Ազատ, Արդար Հայաստան, պահանջում են հայտնաբերել եւ պատժել մարդասպաններին։ Իսկ մարդասպանները շարունակում են բերման ենթարկել, իսկ մարդասպանները շարունակում են ծվարած մնալ սերժասաշիկական թեւերի տակ։ Նրանք ուզում են փակել Մարտի 1-ի «հին» էջը, նրանք ուզում են փակել «հին ընդդիմության» էջը եւ «նոր ընդդիմություն» բացել, որը Միշիկի փափուկ կաֆեներում եւ Ծաղկաձորի տաք սաունաներում «գեոպոլիտիկ անալիզներով կզբաղվի, էնջիոների համար ֆաունդեյշըններից ստացած ցիվիլ եւ տոլեռանտ փողերով»։ Սերժանտները հասկացան, որ «հին ընդդիմության» թեման փակված է, հին ընդդիմության նշաձողը սահմանված է, եւ այդ նշաձողի վրայով այլեւս ոչ ոք չի կարողանալու թռչել, բացի այդ նշաձողը սահմանողներից։ Նրանք դեռ չեն հասկացել, որ փակված է նաեւ նոր ընդդիմության թեման, որովհետեւ նոր ընդդիմության նշաձողը նույնպես սահմանված է, եւ այդ նշաձողը սահմանվեց ուրբաթ օրը Երեւանի Սայաթ Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում։ Տիգրանն է նոր ընդդիմությունը, Սաքոներն են նոր ընդդիմությունը, Վահագն է նոր ընդդիմությունը, Սերգեյն է նոր ընդդիմությունը, Արեգն է նոր ընդդիմությունը, Վարագն է նոր ընդդիմությունը։ Նրանցով հիացած, նրանցով հպարտ, նրանց սիրող աղջիկներն են նոր ընդդիմությունը։ Եւ հին եւ նոր ընդդիմությունների անկոտրում միությունն է քանդելու ավազակապետության «չհասկացվածության պատը»։
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից
23.02.2010
Էջանիշներ