ՄԵԶ ՆՈՐ ԵՐԿԻՐ Է ՊԵՏՔ

Տիգրան Խզմալյան. Բանասիրական գիտությունների թեկնածու, կինոռեժիսոր: 1996-ին նկարահանել է իր առաջին` “ Սև-սպիտակ” ֆիլմը: Ունի 15 վավերագրական և 3 խաղարկային ֆիլմ. 2001 -ին նկարահանած “Արամ Խաչատրյան” ֆիլմը ճանաչվեց աշխարհի լավագույն մշակութային նախագիծ: Արժանացել է մի շարք մրցանակների: Սարդարապատ հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիրներից մեկը:

Պարոն Խզմալյան, Հայաստանում ձեւավորված այսօրվա իրավիճակին ի՞նչ գնահատական կտաք:

Կարծում եմ` վերջին շաբաթներին, իսկ ոմանց համար ամիսներին ակնհայտ դարձավ մի քանի փաստ. Նախ, Հայաստանում ինստիտուցիոնալ առումով վերջնականապես կայացավ ճնշող փոքրամասնության իշխանությունը, որը լավ կազմակերպված է, համակարգված և շատ լավ պաշտպանում է իր դասակարգային շահերը: Դա յուրահատուկ բուրգ է, որը միաձուլում է տնտեսական վերնախավը. այն կարելի է անվանել մաֆիա, բայց կարծում եմ` ոչ Սիցիլիայում, ոչ Կորսիկայում ոչ մի մաֆիա երազել չէր կարող այն մասին, որ կկարողանա վերահսկել ոչ թե մեկ-երկու ծախված քաղաքական գործիչների, այլ ողջ խորհրդարանը, կառավարությունը, ԿԲ-ն, բանակը և ոստիկանությունը: Այսինքն` տնտեսական կարողություններ ունեցողները գնեցին քաղաքականությունը վերևից ներքև: Դա անխտիր վերաբերում է համարյա բոլոր քաղաքական կուսակցություններին և խմբակցություններին: Այստեղ ղեկավարները մեծամասամբ կամ կամակատարներ են, կամ գործակալներ են օտար ուժերին: Այսինքն` ախտորոշումն այն է, որ քաղաքական վերնախավ կոչվող համակարգն այլևս չի արտացոլում Հայաստանի հասարակության ճնշող մեծամասնության շահերը: Դա պատճառ է շարունակվող և խորացող հասարակական-քաղաքական ճգնաժամի, որը մեզ մոտ կրում է շարունակական և անընդհատ բնույթ:

Երկրորդ` հասարակության այն մասը, որը հույսեր էր կապում հակաիշխանական ուժերի հետ (նրանց, ում անվանում են ընդդիմություն), վերջին ամիսներին և շաբաթներին, անգամ վերջին օրերին ծանր հիասթափություն է ապրել: Այսինքն` պաշտոնական ընդդիմությունը (ինչպես ես եմ անվանում նրանց)` ՀԱԿ, Դաշնակցություն, գտան իրենց ուրույն տեղը քաղաքական այս խայտաբղետ մոզաիկայի մեջ և իրենց հատկացվող դերը կատարում են բավական հաջող: Այդ տեղը նրանց հատկացվում է իշխանության և օտար ուժերի կողմից, այսինքն` նորից մենք կարող ենք դնել նույն ախտորոշումը` ընդդիմությունը նույնպես չի արտահայտում հասարակության մեծամասնության շահերը:

Որքան կարող է տևել այս իրավիճակը, պարզ է. դա դասական հեղափոխական իրավիճակի է հանգեցնելու, երբ փոքրամասնությունն այլևս չի ունենալու ոչ գաղափարական, ոչ քաղաքական և, ամենակարևորը, ոչ էլ տնտեսական ներուժ, քանի որ այդ ներուժը հիմնականում նույնպես դրսի օգնության վրա է հիմնված, իսկ հասարակության մեծամասնությունը, որը զրկված է և տնտեսական ազատություններից, և քաղաքական, և արժանապատիվ կենսակերպ ապահովելու հնարավորությունից, հասնելու է մի իրավիճակի, երբ ընդվզելու է: Որքան արագ դա տեղի ունենա, այնքան լավ. ստեղծված իրավիճակը լրջորեն սպառնում է ազգային անվտանգությանը, Հայաստանի շահերին և աշխարհում քաղաքակրթության մեջ մեր ուրույն տեղին:

Վերջերս շատ են խոսում ստեղծված իրավիճակում նոր ուժի, նոր ընդդիմության անհրաժեշտության մասին: Ձեր պատկերացնում ները նոր ուժի, նոր ընդդիմության մասին:

Ընդդիմությունը չի կարող լինել նոր կամ հին ժամանակային առումով միայն: Ընդդիմությունը կամ ընդդիմություն է, կամ ընդդիմություն չէ: Ես կարծում եմ` ՀԱԿ-ը, ցավոք սրտի, այլևս լուրջ ընդդիմություն չէ, որովհետև ՀԱԿ-ը փշրվեց և դարձավ ՀՀՇ, և նրա համակիրների ճնշող մեծամասնությունն այլևս նրա հետ հույս չի կապում, ինչը ապացուցվում է ամեն օր. մի քանի օր առաջվա հերթական ընտրությունները դրա հերթական ապացույցն են: Փաստորեն, հասարակությունը հույս չի կապում նրանց հետ և նրանց հնարավորություններին, որ կարող են փոխել իրավիճակը, չի վստահում: Այսինքն` այդ առումով ախտորոշումը ուղղակի շատ տխուր է ՀԱԿ-ի համար: ՀԱԿ-ը վերադաձավ ՀՀՇ:

ՀԱԿ-ը, փորձելով վերարտադրել Հնդկաստանի Ազգային կոնգրեսը և իր գործունեության կենտրոն համարելով Մահաթմա Գանդիի ուսմունքը` չի ապահովել Գանդիի ուսմունքը կատարելու կարևորագույն պայմանը: Այնտեղ չկար Գանդին, որովհետև հնդկական ազգային կոնգրեսը բրիտանական գաղութատիրության դեմ իր ազգային ազատագրական պայքարում հիմնվում էր Գանդիի բարձրագույն որակների` ազնվության և գաղափարախոսության վրա:

Գանդի չկար, բայց կա Լևոն Տեր-Պետրոսյան:

Լևոն Տեր-Պետրոսյանը Գանդի չէ: Այստեղ ոչ թե մտավոր ունակություններն են կարևոր, այլ կարևոր է մարդու ինքնազոհությունը և քաղաքական գործչի բարոյականությունը. հարգանքը սեփական ժողովրդի նկատմամբ, հավատը սեփական ժողովրդի ուժերին:

Կարծում եմ` Հայաստանի քաղաքական դաշտում կա նման անձնավորություն, բայց հաստատ ՀՀՇ-ի ղեկավար օղակում չէ: Եվ ժողովուրդը տարիներ շարունակ գիտի դա:
Այսինքն` իսկապես պետք է փնտրել կամ ավելի ճիշտ ստեղծել նոր ընդդիմություն: Ես ամիսներ շարունակ պնդում եմ դա, և մենք դրանով ենք զբաղվում:

Մեր սերնդի կյանքից գողացել են առնվազն տասը տարի, և վերջին տասնամյակը համարում եմ մեր ազգային կյանքից և մեր անձնական կյանքից հափշտակված, կորած, գողացած տասնամյակ: Հիմա դա սպառնում է մեր երիտասարդությանը և մեր երեխաներին:

Կարո՞ ղ եք նշել` ինչ հատկանշական տարբերություններ, առավելություններ պետք է նոր ուժն ունենա, որ տարբերվի թե ներկայիս, թե նախորդ իշխանություններից և ընդդիմություններից: Ո՞ րը պետք է լինի նրա առաքելությունը:

Ընդդիմությունն իշխանությունից պետք է տարբերվի առնվազն երկու կետով. մեկը ներքին քաղաքականությունն է, ավելի ճիշտ ընդդիմության վերաբերմունքը տնտեսական զարգացման ուղիներին: Երկրորդը արտաքին քաղաքականությունն է: Եվ ընդդիմությունը, և իշխանությունը 20 տարի շարունակ խաղում են նույն տնտեսական կոնցեպցիայում. դա լիբերալ-բուրժուական տնտեսության զարգացումն է, որը վերջին տարիների ընթացքում ամբողջ աշխարհին հասցրեց անդունդի եզրին և հիմա վերանայվում է ամբողջ աշխարհում, սակայն մեզանում դա տեղի չի ունենում, և շարունակվում է նույն անպտուղ, անհեռանկար և ապիկար քաղաքականությունը: Այլ կերպ ասած` նոր ընդդիմությունը պարտավոր է ձևակերպել նոր տնտեսական քաղաքականություն, որն է` սեփականաշնորհման անարդար արդյունքների վերանայում, սոցիալական ճչացող բևեռացման վերացում, աղքատության վերացում, արդար և ազնիվ տնտեսական քաղաքականության հիմնադրում: Ընդդիմությունը, որի կազմակերպմամբ ենք մենք այսօր զբաղվում, խուսափում է իզմերից և գերադասում է չօգտագործել սոցիալիզմ կամ կոմունիզմ, լիբերալիզմ ծեծված բառերը: Մենք գերադասում ենք վերտնտեսական գաղափարներն անվանել արդարականություն: Դա է մեր սոցիալական ծրագիր հիմքը:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, մեզ համար լակմուսային թղթի չափանիշ է հանդիսանում արցախյան հարցը: Եվ մեզ համար միանգամայն անընդունելի են և առաջին, և երկրորդ, և երրորդ նախագահների պարտվողական և օտար ուժերի ճնշման տակ ձևավորվող ցանկացած արտաքին դիվանագիտական մոտեցումները:

(շարունակելի)