ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ոստիկանապետության գործիքներից մեկը, այսպես կոչված, «կարմիր բերետավորների» խմբերը, ընդդիմության խնդիրներից ազատ ժամանակ, իրենց տեր ու տնօրեն են զգում Երեւանի փողոցներում։ Նրանք իրենց «իշխանությունն» ու ուժը հատկապես սիրում են ցուցադրել ուսանող երիտասարդության նկատմամբ, այն էլ քիչ թե շատ աչքից հեռու տեղերում։ Այսպիսի քաշքշուկի հեթական մի դեպք է գրանցվել այսօր՝ սեպտեմբերի 10-ին բժշկական համալսարանի բակային մասում, որտեղ ուսանողները հանգիստ կանգնած զրուցել են։
Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդներս, տեղեկանալով այդ մասին, շտապեցինք դեպքի վայր, միջամտեցինք ու պահանջեցինք ոստիկանական ծառայողներից բացատրել իրենց գործողությունների օրինականության հիմքերը։ Վերջիններս, ըստ էության չկարողանալով որեւէ բացատրություն տալ, ստիպված եղան հեռանալ՝ այդ ընթացքում հաջողացնելով, իհարկե, գողանալ մեր լուսանկարչական ապարատի հիշողության քարտը։
Մենք հայտարարում ենք, որ ոչ միայն ընդդիմության ակցիաների ժամանակ, այլ ցանկացած պահի ու ցանկացած վայրում միջամտելու ենք նման դեպքերում։ Կոչ ենք անում երիտասարդներին համախմբվել հանուն իրենց իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ բոլոր քաղաքացիներին՝ ոստիկանական այս խմբերի ապօրինի գործողությունների լկտի պահվածքի մասին տեղյակ պահել Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակ։
Էջանիշներ