ԶՈՌՈՎ, ՇԱՌՈՎ - ԵՎՐԱՏԵՍԻԼՈՎ
... ԵՎ-ՆՈՐԻՑ-ՏԵՍԵԼ, ԵՎ-ՆՈՐԻՑ-ՍԻՐԵԼ
Կիրակի «Եվրատեսիլ-2010»-ի հայաստանյան նախընտրական փուլն էր: Եվ ամեն ինչ անցավ այնպես, ինչպես նախատեսել էր Կալուգայի Սամոն` Սամվել Կարապետյանը, բացառությամբ տեխնիկական մի թերության: Խոսքն, իհարկե, այն մասին չէ, որ sms քվեարկության ժամանակ հնարավոր է եղել քվեարկել միայն առաջին 30 վայրկյանի ընթացքում:
Եվ պատկերացնում ե՞ք, այդ ընթացքում Եվա Ռիվասը հասցրել է հավաքել 3000 ձայն (Էմմի-Միհրան զույգի պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանի տվյալներով` 6039 ձայն), Էմմի-Միհրան զույգը եւ Ռազմիկ Ամյանը` 1000-ական ձայներ: «Լրագիր» կայքը հայտնում է այն մասին, որ բազմաթիվ ընթերցողներ են զանգել եւ բողոքել, որ տեխնիկական բարդությունների պատճառով չեն կարողացել իրենց ձայնը տալ Եվա Ռիվասին: Բայց փաստն այն է, որ ամեն ինչ անցավ այնպես, ինչպես նախատեսել էր մոսկվացի մեծահարուստ Սամվել Կարապետյանը: Ի դեպ, վերջինս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի զավակների հարսանիքի քավորն է եւ մտերիմ է նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ու ահա այս խնամիական կապերն էլ առիթ էին, որ Սյուզան Մարգարյանը, հաշվի չառնելով իր եւ Նադեժդա Սարգսյանի հազար տարվա ընկերական հարաբերությունները, մոռանալով Նադեժդա Սարգսյանի արած բազում լավությունները որպես երգչուհի կայանալու հարցում, ակնհայտ զբաղվում էր Եվա Ռիվասի քարոզչությամբ: «Լրագիր» կայքում նշված է, որ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը խոստացել էր, որ արդար ընտրություն կլինի: Սակայն Ռիվասի համար այնպիսի գումարներ են շրջանառվել, որ անտեսել ու շրջանցել են ոչ միայն առաջին տիկնոջ խոսքը, այլեւ, փաստորեն, շատ ու շատ բաներ, նաեւ` Մշակույթի նախարարության ընտրությամբ կազմված մասնագետների կարծիքը. ժյուրին ընտրել էր Էմմի-Միհրան զույգի երգը: Բայց ժյուրիի անտեսումը, ինչպես ասում են` օրենքով էր: Այս անգամ հանկարծ որոշեցին, որ երկրիս քաղաքացիների կամքն ու ընտրությունն է հաշվի առնվելու: Ինչպես նաեւ` այս անգամ հանկարծ որոշել էին, որ նախընտրական փուլի մասնակցության հաջորդականությունը որոշելու վիճակահանությունը դհոլ-թմբուկներով է լինելու: Երկար խոսեցին վերջինը ելույթ ունեցողի ճակատագրական, անխուսափելի հաղթանակի մասին, եւ, ո¯վ զարմանք, Եվա Ռիվասը մոտենում է հենց այն դհոլին, որին ամրացված էր 9 թիվը` վերջինը երգելու հնարավորությունը, հաղթելու անխուսափելիության գրավականը:
Իսկ մեզ առավոտյան զանգահարեց քաղաքացի, ով անձամբ ներկա է եղել նախընտրական փուլի համերգին ու պատմեց, թե ինչպես ժամը 21.30-ին դահլիճ են մտել մի խումբ երիտասարդներ եւ զբաղեցնելով դահլիճի մեծ մասը` ամբողջ ընթացքում գոռացել են. «Եվա, Եվա...»: Իսկ քվեարկության պահին դահլիճում աննկարագրելի աժիոտաժ է սկսվել, հեռախոսների փոխանակում, ակնհայտ սադրանքներ եւ այլն: Ընդ որում, վազվզողների մեջ էր նաեւ շոումեն Սամվել Գրիգորյանը, ով «Տաշիր» մրցանակաբաշխության կազմակերպիչների ուշադրության կենտրոնում է եղել` մշտապես լինելով կամ պատվավոր հյուրերի, կամ մասնակիցների, իսկ կոնկրետ այս դեպքում` «պատվավոր տասովչիկի» կարգավիճակում:
Ի դեպ, երգիչ Անդրեն, ով մինչ այդ հանդես է եկել քաղցկեղով հիվանդների եւ նման հուզիչ ակցիաների շրջանակներում, այդ օրը հանդես եկավ «Եվա Ռիվասի» ակցիայի շրջանակներում` երգելով «Եվա Ռիվաս» մակագրությամբ շապիկով: «Դահլիճի ձախ հատվածը Անդրեի ելույթից հետո գոռում էր` «Ամոթ, ամոթ, դու թասիբ չունես, Անդրե», եւ նա հեռացավ հանդիսատեսի սուլոցների ուղեկցությամբ»:
Ի դեպ, մեզ զանգահարած քաղաքացին նկատել էր, որ նոր էին բացել քվեարկության արդյունքն ամփոփող ծրարը եւ դեռ չէին կարդացել հաղթողի անունը` Եվա Ռիվասը անգիտակցաբար մի քայլ առաջ եկավ` պատրաստվելով ընդունել շնորհավորանքները, ծաղիկները, որ բերել էին հատուկ նրա համար: Ահա այս «տեխնիկական թերության» մասին է խոսքը, որ հաշվի չէր առել Սամվել Կարապետյանը. նա պիտի զգուշացներ իր ֆավորիտին չմտածված քայլերով «չվառել» իրենց: Բայց մնացած ամեն ինչը ճիշտ արեց Եվա Ռիվասը` աչքերը լցնելը, հուզվելը եւ այն հայտարարությունը, թե` «Ես չէի սպասում, շնորհակալ եմ հանդիսատեսից»:
Հաղթողի անունը հայտարարելուց անմիջապես հետո Էմմին, Միհրանը, Ռազմիկ Ամյանը, Սոֆի Դեւոյանը եւ դահլիճի մի մասը ցուցադրաբար լքել են դահլիճը` Եվա Ռիվասի` Սայաթ-Նովայի արաբական խաղիկներով մատուցմամբ «Թամամ աշխարհ պտուտ եկա»-ի ներքո:
Եվա Ռիվասը շենքից հեռացել է կարմիր բերետավորների ուղեկցությամբ, իսկ Էմմիի համար մի խումբ խուլիգաններ տհաճ միջադեպ էին պատրաստել. մեքենա նստելիս հրմշտոց, հայհոյանքներ են եղել եւ նման բաներ: Ու ամենացավալին այն է, որ միջադեպի ականատեսները մեզ հետ ունեցած զրույցում վախենում էին պատմել իրենց աչքի տեսածն ու լսածը: Էմմիի մենեջերը մեզ հետ ունեցած զրույցում ասաց, որ մինչեւ կիրակի առավոտյան իրենք sms քվեարկությունը կազմակերպող ուրիշ ընկերության անուն գիտեին` «sigma tv»: Միայն նախընտրական փուլի առավոտյան իմանում են, որ ամեն ինչ փոխվել է, այդ ընկերությունը չէ կազմակերպողը: Իսկ այն հարցին, թե ինչպե±ս եղավ, որ Էմմիի վաղեմի գործընկերները հանկարծ ու այդքան բուռն սկսեցին զբաղվել Մոսկվայից եկած մի նորելուկ աղջկա գովազդով, պատասխանեց. «Եվա Ռիվասի մեջքին կանգնած են օլիգարխներ, իսկ Էմմիի ու Միհրանի մեջքին` ֆանատներ»:
Հիշեցնենք, որ Էմմիի ու Միհրանի երկրպագուները երեկ հավաքվել էին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի մոտ ու իրենց բողոքն էին արտահայտում նախօրեին կայացած նախընտրական փուլից: Մինչդեռ Եվա Ռիվասը եւ նրա պրոդյուսերը համերգից հետո կայացած մամուլի ասուլիսում խաղաղության եւ սիրո կոչ են արել... Որ չսիրենք էլ, իրենք, մեկ է, կսիրեն` զոռով լինի թե շառով:
ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ
Էջանիշներ