«Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած Եվա Ռիվասին այսօր հաջողություն մաղթեց համաեվրոպական մրցույթի առաջին հաղթողը` շվեյցարացի Լիս Ասիան:
«Եվրատեսիլ-1956»-ի հաղթողը հատուկ հրավիրվել էր Երեւան` մասնակցելու հայ երգչուհու «Ծիրանի կորիզ» երգի շնորհանդեսին: Հենց այդ երգն է Եվա Ռիվասը պատրաստվում ներկայացնել «Եվրատեսիլ-2010»-ի հայաստանյան եզրափակիչ փուլում: Այս փուլին մասնակցելու իրավունք Հայաստանից ստացել են 10 հոգի:
«Ես նույնիսկ վաղն եմ պատրաստ արժանվույն ելույթ ունենալ Օսլոյում եւ հաղթել: Հայաստանում ես 9 մրցակից ունեմ, բոլորն էլ հավասար են: Չեմ կարող ասել, թե ինչքան են իմ շանսերը: Դա պետք է հեռուստադիտողը որոշի, ինձ մնում է միայն երգել», - ասաց Եվա Ռիվասը: Հիշեցնենք, որ Նորվեգիայի մայրաքաղաքում կայանալիք «Եվրատեսիլ-2010»-ին Հայաստանը կներկայացնի այն երգիչը, ում sms քվեարկությամբ կընտրեն հեռուստադիտողները:
Ռուսաստանում ծնված եւ մեծացած Եվան դժվարությամբ է խոսում հայերեն, սակայն այդ չի խանգարում նրան երգել հայերեն: «Mezzo classic House» ակումբում հավաքվածների համար երգչուհին այսօր ոչ միայն երգեց «Ծիրանի կորիզը», այլեւ հատվածներ հայկական ժողովրդական երգերից:
Ի պատասխան այն քննադատությանը, որ «Ծիրանի կորիզ»-ում առկա են արեւելյան մոտիվներ, երգի երաժշտության հեղինակը` կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը այսօր պարզապես նստեց դաշնամուրի մոտ եւ նվագեց նմանատիպ մեկ այլ երաժշտություն ու հարցրեց. «Մի՞թե սա հայկական չէ»: Ապա համամեմատության համար նվագեց ադրբեջանական երաժշտություն:
Ի դեպ, շնորհանդեսին ներկա էին երգիչ-երգչուհիներ Ռուբեն Մաթեւոսյանը, Սյուզաննա Մարգարյանը, Ալլա Լեւոնյանը, Նունե Եսայանը, Ավո Խալաթյանը, դերասան Հրանտ Թոխատյանը եւ «Dorians»-ռոք խումբը:
Էջանիշներ