Թափառումներիդ ոլորանների ամենավերջում,
Անտրտունջ կամքով ես կարող էի լռին սպասել,
Թող գունատվեին աստղերը բոլոր սաթ երկինքներում,
Անձրևն անդանդար լուսամուտներիս ապակին ծեծեր,
Ես չէի հոգնի, եթե մի բառով ասեիր՝ կգամ,
Հանդիպման հույսը արնակաթ օրվա մաղձը կքերեր,
Հուշը կստիպեր եղած- անցածի ումպով քաղցրահամ
Քո վերադարձին վառարան վառել ու սեղան գցել:
Ամենափափուկ նախշակար բարձը գլխիդ տակ դրած,
Երբ որ կրակի ցոլքերը կարմիր՝ թիթեռների պես,
Աչքերիդ առաջ պտույտներ տային՝ գիժ ու արբեցած,
Անուրջի տարփոտ, մետաքսե թևով պարուրեին քեզ,
Լուսամուտներս օտար աչքերից վարագուրելով՝
Իրականության ու ցնորքների հեքիաթում ոսկե,
Այսքանից հետո ես կարող էի դողդոջ մատներով
Վերնաշապիկիս ամենավերին կոճակն արձակել:
Էջանիշներ