Իմ երազած սիրո շուշանափայլ հովտում,
Ծաղիկների թավշե թերթիկներում պահած,
Քչքչացող առվի գալարների եռքում,
Կայծկլտում է հազիվ բախտիս աստղը սառած:
Ու այդ հովտում,որպես հալածական թռչուն,
Իր վայրենի ճիչով սավառնում է հոգիս,
Մերթ խելահեղ թափով ավազին է զարկվում,
Մերթ էլ իրեն հանձնում ալիքների եռքին:
Չի հանդարտվում երբեք,քույր է փնտրում իրեն,
Կակաչների բոսոր թերթիկների ներսում,
Նոճիների զմրուխտ,լուսե գանգուրներին,
Անպարագիծ քամուց մի ճամփա է ուզում:
Քույր է փնտրում իրեն ու գտնում է նորից
Մի հերարձակ կնոջ,մի անկործան էգի,
Որ հեշտաբորբ մտքով, իր ցանկության հրից
Ուզում է դիակն անթաղ դարձնել միս ու հոգի:
Շամիրամն է քեզ քույր, իմ վիրավոր տատրակ,
Տարփանքների գինոտ,արյունահամ ծովում,
Հրկեզ կրքի ոսկի ծիածանների տակ,
Ու բաժանման մթին անդունդների խորքում:
Քանզի մարմնով խելառ և ուղեղով հարբած,
Խուլ ու համրի նման,սոսկ զգացմունքի ուժով,
Որոնեցի լույսը՝սիրո բույլը անեղծ,
Եվ կամեցա վառվել արարչության հրով:
Մշտաբորբոք սիրո զոհարանին նետած,
Թպրտացող հոգիս հիվանդի պես հուսաց,
Հազար անգամ տրվեց երազներին հանգած
Որ նվաճի հոգի'դ,թանկս,անփուտ մի գանձ:
Իմ երազած սիրո շուշանափայլ հովտում,
Մեղավոր կրքի ոսկի կոհակներին,
Ինձ տրվեցիր որպես…թոթովախոս մանուկ,
Գտա մարմինը քո, և ոչ երբե'ք հոգին:
Էջանիշներ