Արևածագ (01.09.2021)
«Զգո՛ւյշ եղեք
Ձեր էջերից,
Ձեր մեյլերից,
Ձեր կայքերից,
Ձեր խմբերից,
Սուտ լուրերից,
Հղումներից,
Նամակներից,
Անգամ անշունչ
Սմայլիկներից
Զգո՛ւյշ եղեք,
Զգո՛ւյշ եղեք...»:
Օ՜, մենք զգույշ ենք,
Հասկանում ենք՝
Պատերազմ է,
Թշնամին՝ նենգ,
Բայց աշխարհիս
Ողջ մեյլերը,
Ողջ կայքերն ու
Նամականին,
Հղումները,
Նկարները,
Սմայլիկները
Մի կյանք չարժեն:
2020 հուլիս
Կարոտը գետի նման է հոսում՝
առու- առու հավաքվելով մարդու
էության թաքուն հորձանուտներից,
անհամբերության քարափներից թռչելով,
համբերության անդունդներում սուզվելով:
Խաղաղ հոսում է հոգնած ժպիտի խորքից,
և՝ պոռթկումի հրե արցունքներով,
հոսում է կարոտն անվերջ անդադար,
Ու մարդու հետ տեղափոխվում երկինք:
2020
Sambitbaba (27.12.2021)
Ինչքա՜ն վառման երազ մեռավ՝
Խոցված չարաչք գնդակներից,
Կռվից փախած հավքերն անբուն
Փուշ- տատասկի ճյուղեր բերին
Իրենց արնոտ կտուցներին,
Ու կիտեցին մեր սրտերում,
Որ մենք շնչել չկարենանք:
Արևերես տղաներին
Վերևներից ձայն տվեցին,
Տունը թողած՝ ճամփա ընկան,
Որ երկնքի մութը ցրեն,
Բայց մեզ վրա գիշերն իշխի՝
Կեռ չանչերով իր մահաբեր,
Որ փոխվում էր մաղձի դեղին
Ցերեկներում՝ գորշ, անկրակ,
Երբ կյանքերը՝ խոսքերի պես,
Էժան էին,
Իսկ սուտը՝ թանկ:
2020
Ուլուանա (11.02.2022)
Այսքան կորուստների մեջ
Ուրվականի պես եմ քայլերս փոխում,
Ու արդեն վաղուց մարմնիս մեջ անկար,
Բարակած սրտիս փոխարեն,
Քեզ չկորցնելու հույսն է տրոփում:
2020
Ուզում էի զրնգուն երգ երգել
Հայրենիքի մասին,
ոչ մի հնչեղ նոտա չկար:
Ուզում էի պայծառ նկար վրձնել
Հայրենիքի մասին
ոչ մի վառ գույն չկար:
Ուզում էի ուրախ բան գրել
Հայրենիքի մասին,
ոչ մի բառ չգտա:
Ինչքա՜ն անտաղանդ եմ ես:
2021
Սիրածիդ գրկիր, քանի գրկվում է,
Ոտքերը խաչած, ամուր փաթաթված,
Մութ ծածկոցի տակ՝
Չար աչքից հեռու
Քանի գրկվում է,
Ու տարիների սառցաջրերը
Քեզ չեն ողողել:
Երեխաներիդ
Թող իրենք աճեն՝
Լույս ու ստվերիդ
Լուռ հետևելով:
Մենակությունից
Չխենաթանալու
Ուղիներ էլ կան.
Գրկել՝ ինքն իրեն,
Աճեցնել սրտում մի հեզ մանուշակ,
Անընդհատ հիշել,
Ներսիդ վախվորած
Մարդուկն էլ ես դու՝
Առանց լույսերի,
Առանց սիրվելու,
Առանց մեղեդու:
2021
Nadine (10.01.2023), Sambitbaba (08.08.2022)
Մեզ էլ նկարեր եկող ամառը,
Հրաշքի վրձնով՝ եզերքում կապույտ,
Ավազների մեջ՝ տաք, արևավառ,
Աշխարհից հեռու, իրար՝ այնքա՜ն մոտ :
Լանջաբաց ծովը՝ փրփուրը շուրթին,
Խանդոտ թևերով թող անվերջ խշշա,
Մենակ ձկներին հանկարծ չպատմի,
Թե ոնց ինձ կորցրի, քո գրկում գտա:
2019
Sambitbaba (04.04.2023), Ուլուանա (29.03.2023)
Սրտիս դաշտերը
Հերկել են
Ցավի եզները,
Որտեղ անընդհատ
Հույսի ցորենի
Աշնանացան է:
2023 օգոստոս
-------------------------------------------------------------------
Մարդասիրական միջանցք,
Ինչքա՜ն կյանքեր կուլ տվեցիր
Քո անհագ երախում.
Ե՞րբ ես կշտանալու:
2023 օգոստոս
---------------------------------------
Բժիշկն ասում է.
-Մի քիչ թեթև ապրեք.
Ներողամիտ նայում եմ,
Ձայն չեմ հանում.
Մենք, որ անցանք
2020-ը, 21-ը, 22-ը, 23-ը,
Ու շարունակում ենք ապրել՝
Սրանի՞ց էլ թեթև....
2023 դեկտեմբեր
Sambitbaba (15.05.2024)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ