Իրիկվա անձրև...
Անծանոթ տաքսու մուգ դիմապակուն,
Լուսարձակների լույսերը կարմիր
Աշնան անձրևի պաղ կաթիլներում
Փշրած աստղերի ցոլքեր են մանրիկ:
Ծանոթ մեղեդու ալիքը թավշե,
Երգչուհու ձայնը մորմոքով լեցուն,
Թափանցիկ, անգո, ոնց սիրո հուշը,
Հոգնած մտքերիս թմբիր են լցնում:
Ճամփեզրի դատարկ կանգառի կողքին,
Լամպերի չռված աչքերի առաջ
Տագնապոտ նիրհով ննջում է թխկին
Ու իր նիրհի մեջ օրորվում կամաց:
Տաքսին տաքուկ է, բույրերն են օտար:
Թրթուրանման շարքը փողոցի
Լույսերով հատ-հատ քաշվում է դանդաղ
Խաչմերուկների խճճված թելից:
Թախծոտ մեղեդու ալիքը խռով
Կամաց հոսում է նվագարկիչից.
Սփոփանք եմ ուզում, ու այդ պատճառով
Անգամ մեղեդին հույս է տալիս ինձ,
Թե ճամփաների ժապավենները,
Խցանումները աշնան քաղաքի,
Ինչքան էլ երկար, անհույս ծավալվեն,
Սրանից ավել մեզ չեն բաժանի:
Որ կիզակետում մեր երազների,
Հանդիպումների հրաշքում անբառ,
Փակուղիներից հեռու մի ճամփի
Կգտնենք իրար, կփրկենք իրար...
Մութն իր անատամ, անհագ բերանում
Շարասյունների պոչը կծամի,
Բայց երկրագնդի ոչ մի խցանում
Եղածից ավել մեզ չի՛ բաժանի:
Վետվետ լույսերը լուսարձակների
Անծանոթ տաքսու մուգ դիմապակուն
Կաթիլում բեկվող ցոլքերով կարմիր
Երազանքներիս մորմոք են մաղում:
Էջանիշներ