Անհամբեր մեռնում եմ: Չնայած որ պատմվածքը դեռ ավարտին հասցված չէ, ես հրապարակում եմ այն: Գուցե սա կօգնի, որ պատասխանատվություն զգամ ու ավարտեմ: Թե չէ ամեն անգամ, երբ նստում եմ շարունակելու, սկիզբը մի հատ նորից կարդում եմ, փոփոխություններ մտցնում, հետո ալարում եմ գրել: Այնպես որ ձեր դատին եմ հանձնում առաջին կեսը: Փորձել եմ հնարավորինս հասկանալի գրել, բայց այնպես, որ ամեն ինչ ակնհայտ չլինի… Չգիտեմ, թե ինչքանով է ստացվել:
Եռյակը
Երբեք ոչ ոք միասին չի տեսել նրանց, թեև նրանք հաճախ են հանդիպում: Չափից դուրս նման են իրար, բայց միշտ վիճում են, հազվադեպ են համաձայնության գալիս: Իրար հայհոյում են, մեղադրում, ծաղրում, նվաստացնում, փնովում, բայց նաև ափսոսում են, կարոտում, փորձում լեզու գտնել: Ու մեկը մյուսին շա՜տ է սիրում: Առաջինը երազում է Երկրորդ դառնալ, Երկրորդը՝ Երրորդ, իսկ Երրորդը՝ Առաջին կամ Երկրորդ՝ պահպանելով իր սեփական հատկանիշներից մի քանիսը:
Ես երեքին էլ ճանաչում ու սիրում եմ, բայց յուրաքանչյուրին տարբեր կերպ: Առաջինին համարյա մոռացել եմ, բայց կարծեմ շատ քաղցր բալիկ էր: Երկրորդին կարոտով եմ հիշում ու մի քիչ էլ ափսոսում, իսկ Երրորդին հինգ մատիս պես գիտեմ, բայց ավելի լավ է չխոսեմ նրա մասին, թե չէ պատմությունս բոլորովին այլ ընթացք կստանա:
Մի ձմեռային օր նրանք հավաքվել էին իրենց հանդիպման միակ հնարավոր (գոնե ես այդպես գիտեմ) վայրում՝ ծալքավոր լեռներում: Առաջինը հարմարվել էր ամենախորը ծալքի մեջ ու համարյա չէր երևում: Երկրորդը փորձում էր Առաջինին դուրս քաշել, իսկ Երրորդին խցկել ծալքերից մեկնումեկի մեջ: Երբ Առաջինը մի կերպ կարողացավ տեսնել Երրորդին, հարցրեց.
- Քննությունդ ո՞նց հանձնեցիր:
- Լավ, բայց ավելի լավ կարող էի:
- Դե հա՛, ծուլությունդ ամեն ինչ փչացնում է:
- Այնպես ես ասում, կարծես դու պակաս ծույլն ես:
- Ճիշտ ես, բայց ես մի առավելություն ունեմ. դրա մասին ոչ ոք չգիտի:
- Իմի մասին էլ չգիտեն… Համենայնդեպս, դասախոսներս կարծում են, թե ամբողջ օրը դաս եմ անում:
- Միևնույն է, ես առավելություն ունեմ: Մարդիկ լրիվ ուրիշ բաներ են ինձնից պահանջում. լավ քնել, լավ ուտել (եթե ուտելու բան կա), խաղալ, մեկ-մեկ էլ դաս սովորել: Ես իմ ծուլության պատճառով դեռ երբեք չեմ տուժել:
- Միամի՛տս, կհասցնես: Կարող ես չանհանգստանալ… Այդպես ես արել, որ ես այս օրի եմ հասել: Քանի շուտ է, փորձիր պայքարել դրա դեմ, թե չէ երբ մարդկանց պահանջները փոխվեն քո նկատմամբ, դու շատ կտուժես:
Առաջինը փորձեց մարսել Երրորդի ասածները, իսկ հետո դարձավ դեպի Երկրորդը և ասաց.
- Դու ինչու՞ ես լռել:
- Ուզում եմ, լռում եմ: Դու չպետք է ինձ ասես, թե ես ինչ անեմ:
- Բայց դու չես փոխվի: Ինչքան էլ փորձում եմ քո մասին լավը մտածել, չի ստացվում,- հառաչեց Երրորդը:
- Ինձ պետք էլ չէ, որ քեզ նման պառավն իմ մասին լավը մտածի: Եվ ընդհանրապես ինձ չի հետաքրքրում, թե ով ինչ կարծիք ունի իմ մասին: Ես գիտեմ, որ լավն եմ, մնացածը ձեր խնդիրն է:
- Այդպես ես անում, որ ընկերներդ քեզնից երես են թեքում: Հետո էլ նրանց հասցեին ինչ ասես չես ասի,- բորբոքվեց Երրորդը:
- Լա՛վ, լա՛վ, լռե՛ք,- փորձեց նրանց հանգստացնել Առաջինը՝ ձեռքով փակելով Երկրորդի բերանը, քանի որ նրան լռեցնելու ուրիշ հնար չկար:
Մի պահ լռություն տիրեց: Երկրորդը չարացած նայում էր Երրորդին: Վերջինս կարոտախտով լի հայացքը հառել էր Երկրորդին, բայց մերթընդմերթ ամեն ինչ իմացող մարդու նման Առաջինին էր չափչփում:
Էջանիշներ