Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին այսօրվա հանրահավաքի մասնակիցները դիմավորեցին շնորհավորանքներով եւ մաղթանքներով: Վաղը ՀՀ առաջին նախագահի ծննդյան օրն է: Այսօրվա հանրահավաքը Տեր-Պետրոսյանը գնահատեց աննորմալ երեւույթ` նկատի ունենալով այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում իր իսկ քարոզարշավին: «Աննորմալ բան, որն այսօրվա մեր երկրի ցուցանիշն է, հատկանիշն է: Մենք մասնակցում ենք քարոզչական հանրահավաքի. քարոզչության սուբյեկտն այսօր այստեղ ներկա չէ: Պատկերացրեք պետություն, որտեղ պատգամավորության թեկնածուն գոյություն չունի այն հարթակում, որտեղ քարոզչություն է իրականացվում: Դա կոպտագույն խախտում է: Այս ընտրությունները խախտված են հենց առաջին օրվանից»,- ասաց Տեր-Պետրոսյանը` նշելով, որ Փաշինյանը պետք է ազատ արձակվեր իր պատգամավորի թեկնածու գրանցվելու պահից:


Տեր-Պետրոսյանը ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը ազատության մեջ պետք է գտնվեր ընդհատակից դուրս գալու պահից. «Այնքան կարճատես են, որ նույնիսկ չեն հասկանում, որ դրանով կարող էին միջազգային վարկ շահել: Այնքան կարճատես, այնքան հիմար են, որ անգամ իրենց շահը չեն հասկանում»:
Ի դեպ, այսօրվա հանրահավաքում Կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե Ոստիկանությունն իր վերջին հավաքներից մեկում ասել է, թե իրենց պատվի խնդիրն է, որ Նիկոլ չդառնա պատգամավոր: «Ի՞նչ պատիվ: Դա գողական պատվի հարցն է: Որեւէ քաղաքական իշխանություն այս չափանիշներով չի կարող առաջնորդվել, այդ չափանիշներով առաջնորդվել»,- ասաց Տեր-Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է, այն տեսակետին, թե Կոնգրեսի հաղթանակները միայն բարոյական է, ապա Տեր-Պետրոսյանը վստահեցրեց. «Մեր բոլոր հաղթանակները եղել են իրական հաղթանակներ: Ամենամեծ իրական հաղթանակն այն է, որ նախագահական ընտրություններից 2 տարի հետո մեր ժողովուրդը նույնքան միահամուռ է, նույն լիցքերով շարունակելու է իր պայքարը: Ցույց տվեք մի պետություն, որտեղ չնայած մարտի 1-ի գնդակահարումներին, չնայած հարյուրավոր մարդկանց ձերբակալություններին, ամենօրյա ահաբեկումներին, ժողովուրդը մինչեւ վերջ կանգնած մնա: Էլ ի՞նչ բարոյական հաղթանակի մասին է խոսքը : Սրանից ավելի իրական հաղթանակ դուք որտե՞ղ եք տեսել: Դուք եք այս երկրի հարստությունը: Եթե մեր երկիրը որեւէ հպարտանալու բան ունի,եւ եթե աշխարհը Հայաստանում ինչ-որ արժեք է տեսնում, ապա այդ արժեքը միայն ու միայն դուք եք: Այս ժողովուրդն է, որը երկու տարի շարունակ պայքարում է իր իրավունքների համար»:
Տեսնելով ոգեւորություն` Տեր-Պետրոսյանը դիմեց հավաքվածներին. «Ես շատ ուրախ եմ, որ, թեեւ Նիկոլը բանտում է եւ, եւս 14 քաղբանտարկյալ բանտերում են, սակայն այսօր այստեղ տոնական տրամադրություն է: Ես ուզում եմ, որ մեր պայքարը երբեք ջղային պայքար չլինի, երբեք նյարդային չլինի, լինի տոնական պայքար; Դա է մեր ինքնավստահության եւ ճշմարտության գիտակցության չափանիշը: Երբեք մռայլություն, վհատություն չպետք է լինի մեր շարքերում, անկախ այն բանից, թե որքան երկար կտեւի այդ պայքարը: Որքան երկար, այնքան թանկ»:
Տեր-Պետրոսյանը այսօր հատուկ ողջունեց Սուրեն Սուրենյանցին եւ Հմայակ Հովհաննիսյանին, որոնք իրենց թեկնածությունները հանեցին` հօգուտ Նիկոլ Փաշինյանի:
Առաջին նախագահը ներկաններին վստահեցրեց, որ շատ շուտով կհանդիպեն համապետական հանրահավաքում` ասելով. «Այն տեղի կունենա մարտի 1-ին, որտեղ մենք կներկայանանք ավելի հստակ, համակողմանի քաղաքական ծրագրով, որը չի կարող իր ազդեցությունը չունենալ ամբողջ տարվա ընթացքում»: Նկատի ունենալով այսօրվա հանրահավաքի մասնակիցների թիվը` Տեր-Պետրոսյանը վստահեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն արդեն հաղթել է: «Ձեզ համբերություն, հաջողություն: Վհատությունն ու նեղսրտությունը նվիրում ենք իշխանություններին»,- իր այսօրվա ելույթն ավարտեց ՀՀ Առաջին նախագահը:
Կոչ արեց «ոչ» ասել մարտի 1-ի սպանդը իրականացնողներին
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա հանրահավաքում բոլորին կոչ արեց հունվարի 10-ին մեկ մարդու նման գնալ ընտրության եւ իրենց ձայնը տալ Նիկոլ Փաշինյանին:
Պարոն Դեմիրճյանը հավաքվածներին կոչ արեց տարին սկսել ակտիվ եւ մասնակցել բոլոր իրական բարեփոխումներին: «Հունվարի 10-ին սոսկ մանդատի հարց չի լուծվելու: Այս ընտրություններն ունեն, թե բարոյական եւ թե քաղաքական նշանակություն: Ընտրելով Նիկոլ Փաշինյանին` դուք «ոչ» եք ասում մարտի 1-ի սպանդը իրականացնողներին, դուք «ոչ» եք ասում անարդար դատավարություններ իրականացնողներին: Արդեն երկու տարի է իշխանություններն ամեն ինչ անում են, որ մարտի 1-ի պատասխանատվությունը գցեն ընդդիմության վրա, սակայն փաստ է` մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին հանգեցրեց իշխանությունն ամեն գնով պահելու վարչախմբի գործելակերպը: Մարտի 1-ի էջը փակված չէ: Այդ էջը կփակվի այն ժամանակ, երբ պատասխանատվության կենթարկվեն մարտի 1-ի իրական մեղավորները»:
Մարտի 1-ի ողբերգական դեպքերին իր ելույթում անդրադարձավ նաեւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: «Հոգեւորը շատ ու շատ ավելի առաջնային է: Մարդիկ երդում են տալիս Աստվածաշնչի ու Սահմանադրության վրա: Ըստ Էության Աստվածաշնչի գլխավոր միտքն է` «մի սպանիր», իսկ Սահմանադրության մեջ նշված է, որ երկրի ղեկավարն է այս ժողովրդի անվտանգության ապահովողն ու երաշխավորը: Իսկ դրանից հետո նրանք մարտի 1 են անում ու բանտարկում Նիկոլ Փաշինյանին: Հոգեւոր արժեքներով ապրող մարդը հունվարի 10-ին իր ձայնը միանշանակ կտա Նիկոլ Փաշինյանին»,- ասաց Արամ Սարգսյանը: Նա հավաքվածներին վստահեցրեց, որ այս տարի հայ ժողովրդին լուրջ հաջողություններ եւ հաղթանակներ են սպասվում:
Էջանիշներ