Մեծ փողեր` մեծ թենիսում
Տարվա բոլոր ամիսներին տեղի են ունենում թենիսի ATP անվանակարգի մրցաշարեր:
Օրինակ` այս տարի կայանալու է մոտ 130 մրցաշար (ներառյալ կանանց մրցաշարերը): Դրանցից ամենափոքրի մրցանակային ֆոնդը 323 հազար դոլար է, իսկ առավելագույնը` 22 միլիոն: Փաստորեն, ATP-ի (Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա) անդամ մոտ 250 թենիսիստները տարեկան մասնակցելով գոնե 10 մրցաշարի ապահովում են մինիմալ` 40 հազար դոլար եկամուտ: Սա այն դեպքում եթե այդ մրցաշարերի հենց առաջին շրջանում պարտություն չկրեն: Պարտվելու դեպքում պարգեւատրումը կազմում է մոտ 4000 դոլար: Մեծ Սաղավարտի չորս մրցաշարերում, առաջին փուլին մասնակցածները ստանում են մոտ 10 հազար ԱՄՆ դոլար:
ATP-ում ժամանակին գրանցված միակ հայաստանցի թենիսիստ Սարգիս Սարգսյանը մոտ տասը տարի մասնակցել է այդ մրցաշարերին: Ընդհանուր առմամբ նա վաստակել է 2 միլիոն 521 հազար 800 դոլար: 2003 թվականին Սարգսյանը տարին եզրափակելով 42-րդ հորիզոնականում պարգեւատրվեց 530 հազար 664 դոլարով: Այս արդյունքը լավագույնն է եղել Սարգսյանի կարիերայի ընթացքում: Որպեսզի թենիսիստների գումար վաստակելու գործընթացն ավելի պատկերավոր լինի, նշենք, որ Սարգսյանը 2005 թվականին մասնակցելով Ավստրալիայում կայացած «Ադելաիդե» մրցաշարին, հենց առաջին տուրում զիջեց արգենտինացի Խուան Իգնասիո Չելային, պարգեւատրվելով 4 հազար 700 դոլարով: Մեծ Սաղավարտի Ավստրալիայի բաց առաջնությունում էլ մեր թենիսիստը առաջին տուրում հաղթեց իսպանացի Դավիթ Սանչեսին, իսկ երկրորդ տուրում զիջելով կրկին իսպանացի Ֆելիսիանո Լոպեսին` պարգեւատրվեց 21 հազար 395 դոլարով: Ի դեպ, ATP-ի կանոնադրությամբ` եթե թենիսիստը հինգ տարի անընդմեջ դուրս չի մնում վարկանիշային աղյուսակի լավագույն հարյուրյակից, ցմահ ստանում է ամսական 5 հազար դոլար նպաստ: Սարգսյանը 7-րդ տարին անընդմեջ տարին եզրափակել է լավագույն հարյուրակում, որը բավական բարձր արդյունք է:
Տասը տարուց ավելի ATP-ի մրցաշարերին մասնակցել է նաեւ ամերիկահայ Անդրե Աղասին: Այս ընթացքում մրցաշարերում նրա վաստակած գումարը կազմում է 35 միլիոն 491 հազար 861 դոլար: Արգենտինան ներկայացնող Դավիթ Նալբանդյանին երկու տարվա ընթացքում հաջողվել է վաստակել 12 միլիոն 609 հազար 195 դոլար: Ինչեւէ, ATP-ն հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակը: Դավիթ Նալբանդյանը գտնվում է 139-րդ հորիզոնականում: Վերջին տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ արգենտինահայ թենիսիստը դուրս է մնում առաջին հարյուրյակից: Պատճառը ոտքի վնասվածքն է, որը թույլ չի տալիս նրան մասնակցել ATP-ի մրցաշարերին: Այդուհանդերձ, շարք վերադառնալով` Նալբանդյանը, կարծում ենք, շատ արագ կմոտենա առաջատարներին: Նշենք, որ Նալբանդյանը, ի թիվս 3 այլ թենիսիստների, անվանական հրավեր Է ստացել` մասնակցելու մարտի 17-ին ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Ինդիանա Ուելս քաղաքում կայանալիք պրոֆեսիոնալ թենիսի ամենահեղինակավոր միջազգային մրցաշարերից մեկին: Ըստ մրցաշարի կազմակերպիչների` նրանք հաշվի են առել Նալբանդյանի վաստակը թենիսում, վերջինիս անհատական կարգով հրավեր ուղարկելով: Դավիթ Նալբանդյանը պետք է օգնի նաեւ Արգենտինայի հավաքականին հաղթելու Ռուսաստանին` Դեւիսի գավաթի` թենիսի աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության քառորդ եզրափակիչում: Նման հայտարարություն է արել Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ` Մոդեստո Վասկեսը: Նա նշել է նաեւ, որ Արգենտինան ունի լավ թենիսիստներ, բայց Նալբանդյանի դերը այս մրցամարտում յուրահատուկ է լինելու:
Հ.Գ. Այս տարի Երեւանում եւս կկայանան միջազգային մրցաշարեր: Ճիշտ է, մերոնք դեռեւս հեռու են ATP-ի մրցաշարերին մասնակցելուց, սակայն ունենք բարձրակարգ մարզաբազներ, նաեւ հեռանկարային պատանի թենիսիստներ, որոնք մոտ ապագայում կարող են հաջող ելույթ ունենալ միջազգային մրցումներում: Ի դեպ, Հայաստանի թենիսի ֆեդերացիան չի սահմանափակվելու Հայաստանում թենիսի միջազգային մրցաշարերի կազմակերպումով եւ առաջիկայում հայտ է ներկայացնելու Երեւանում` Եվրոպայի թենիսի ասոցիացիայի նիստ անցկացնելու համար: Հայաստանում թենիսի միջազգային մրցումները կմեկնարկեն մայիսին: Այս ամսին կանցկացվի Ֆեդերացիայի գավաթի` կանանց թենիսի աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության ենթախմբային մրցաշար: Բացի դրանից, կկազմակերպվեն «Երեւանի գավաթ» միջազգային մրցաշարը, «Եվրոպայի զարգացող երկրների» առաջնությունը, ինչպես նաեւ «Հրազդան տրոֆի»` վետերանների մրցաշարը: Հայաստանի թենիսիստները կմասնակցեն նաեւ Եվրոպայի ասոցիացիայի մրցաշարերին, կրտսեր հասակային կարգում աշխարհի առաջնություններին, ԱՊՀ երկրներում անցկացվող ավանդական մրցումներին:
zhamanak.com





Մեջբերել


Էջանիշներ