Հովհաննես Գրիգորյանի ծնունդն ու մահը...
***
Ծնվել եմ առավոտյան շուտ,
Գյումրվա մի աղքատիկ առավոտ:
Ինձ հետ ծնված քույրս մահացել է մի քանի ժամ հետո,
երբ օգոստոսի արևը վաղուց արդեն դուրս էր եկել
և անտարբեր նայում էր մեր մոլորված ընտանիքին,
որը մեկ խնդում և մեկ լալիս էր սրտակեղեք:
Հիմա մեր տանը ոչ ոք չի հիշում նրան,
Քրոջս, որին ի՜նչ էին տեսել, ընդամենը մի քանի ժամ՝
Ետպատերազմյան մի կիսաքաղց առավոտ…
…Միայն ես չեմ կարողանում նրան մոռանալ, և երբեմն
Վաղ առավոտյան արթնանում եմ սրտիս ցավից,
և թաց աչքերով մթության մեջ պառկած
օր առ օր վերհիշում եմ այն ինն ամիսները,
որ միասին ապրել ենք
մեր կյանքի լավագույն շրջանում…
***
Ես գիտեմ` կմեռնեմ ձմռան առաջին օրը:
Մարդիկ կթփթփացնեն ձյունոտված ոտները
դռան շեմի փալասին և զարմանքով կնայեն,
թե ինչպես է ձյունը հալվում սառած այտերիս վրա:
Հանկարծակի ծերացած կինս կորոնի
և չի գտնի վառարանի ունելին`
վաղուց սատկած կատվին սենյակից դուրս քշելու համար,
հետո հուսահատ կնստի, կօրորի գլուխը`
քմահաճ կատվի և իմ անխոհեմ քայլից ընկճված:
Քույրս, որը ծնվել էր ինձ հետ և մահացել մի քանի ժամ հետո`
թեյ կբաժանի մրսած հյուրերին
և ազատ ձեռքով կուղղի
կրծքիս դարսված ձմեռային ծաղիկներն ու թեքված մոմը,
որի հալված կաթիլներն ուղիղ ճակատիս էին ծորում
և ուր որ է լցվելու էին աչքերս…Եվ հենց այդ պահին
բոլորը միանգամից կելնեն ոտի և աղմուկ-
աղաղակով ինձ դուրս կհանեն տանից
ձեռների վրա բարձր, շատ բարձր բռնած,
և այդ ահռելի բարձունքից կտեսնեմ կյանքս ծայրեծայր,
որ մնացել էր ներքևում` ամբողջովին ձյան մեջ կորած,
և այդ հրաշալի տեսարանից քար կտրած`
խոսքեր չեմ գտնի հիացմունքս արտահայտելու համար…
Էջանիշներ