Երկու օր առաջ մահացել էր իմ ազգականներից մեկը: Հիսուն տարեկան կին էր, քսան տարի տառապում էր անբուժելի հիվանդությունից (հիվանդության անվանումը չգիտեմ) և վերջին տասնհինգ տարին անցկացրել էր շարժասայլակին նստած: Մահացել էր լյարդի ցեռոզից, այսքան տարիներ ընդունած դեղերից լյարդը լրիվ քայքայվել էր, սիրտը ճարպակալել ու պարզապես օրգանիզմը արդեն ի վիճակի չէր շարունակել գոյատևել:
Երեկ երբ այցելեցի մահացածի ընտանիքին սարսափեցի դիակի տեսքից: Դեմքը սարսափելի այլայլված ու ծերացած էր, իննսուն տարեկան պառավի տեսք ուներ, մարմին դեղնած էր, քանի որ մահանալուց մի քանի օր առաջ լյարդը դադարել էր գործել, ձեռքերն ու դեմքը տեղ տեղ կապտած էին.... Չեմ կարծում, որ այդ կինը կցանկանար, որ իր մահից հետո հարազատների ու բարեկամների հիշողություններում այդ ձևով մնար....
Մի խոսքով ինչ կարծիքի եք հայկական մեռելապաշտության մասին? Ինչքանով է ճիշտ մահացածի մարմինը երեք օր տեղադրել տան մեջ, ինչքանով է ճիշտ, երբ մահացածի մարմինը սենյակի մեջտեղը դրած` խոհանոցից գալիս է խաշլամայի հոտը? Ինչքանով է ճիշտ, որ կանայք նստում են դիակի կողքը ու իրենց մի կերպ ստիպելով լաց են լինում? Կամ թաղումից հետո մարդիկ գալիս են տուն ուտել խմելու.... Էլ չշարունակեմ....
Չգիտեմ, երբ ես մահանամ, կուզենայի որ իմ մարմինը այրեին, փոքրիկ արարողություն կազմակերպեին եկեղեցում կամ մեկ ուրիշ տեղ, իսկ մոխիրներս լցնեին Արաքսը: Ու թող որ իմ մահից հետո մարդկանց հիշողություններում մնար ոչ թե իմ սառած դիակը, այլ իմ կերպարը....
Էջանիշներ