Վաշինգտոն, էդգար Հուվերի անվ. շենք
Փորձագիտական լաբորատորիա
10:08
- Մինչև դիակը չգա, չեմ խոստանում որևէ բան, - Դաշնային բյուրոյի գլխավոր փորձագետը Սքալլիից վերցրեց սպանված աղջկա վրայից վերցրած կապույտ սրբիչի արյունոտ հատվածը՝ պոլիէթիլենից տոպրակի մեջ դրված:
- Դիակը կհասնի մեկ ժամից:
- Հենց նորություն եղավ, ձեզ տեղյակ կպահեմ:
- Շնորհակալ եմ: Ես վերադառնալու եմ Օլբանի հաջորդ թռիչքով, հնարավորինս արագ արեք ամեն ինչ, լա՞վ:
- Առաջին գործս կլինի, - խոստացավ փորձագետը:
Սքալլին գլուխը կախ քայլում էր Բյուրոյի շենքի միջանցքներից մեկով, երբ հանկարծ հասկացավ, որ հայտնվել է աշխատակիցներին անհրաժեշության դեպքում հոգեբանական օգնությամբ աջակցող դոկտոր Սամերսբիի սենյակի մոտ:
Իրար մեջ գործակալները սիրում էին "ուղեղ գզող" անվանել նրան և հնարավորինս խուսափում էին հայտնվել այս աշխատասենյակում: Իմացողը դա կարող էր թուլության հետ նույնացնել:
... Դու անում ես քո գործը, անում ես ամեն ինչի հաշվին՝ առաջին հերթին անձնական կյանքիդ... աշխատանքիդ ընթացքում տեսնում ես երևույթներ...շփվում ես այնպիսի փաստերի հետ, որ քեզ դադարում է որևէ բան զարմացնել կամ վախեցնել... դու նայում ես ուղիղ "Չարիքի" աչքերի մեջ ու մեկ մեկ ստիպված ես լինում ժպտալ նրան... հետո...երբ համոզված ես լինում, որ արդեն տեսել ես ամեն ինչ...եղել ես ամենուր.. դեմ ես առնում մի երևույթի որից արյունդ սառչում է երակներումդ...լրիվ անսպասելի...ախր դու չէիր վախենում ոչնչից...
Սքալլին լռեց:
- Դանա, դուք նկատե՞լ եք, որ այս ընթացքում ձեր մասին երկրորդ դեմքով էիք խոսում, -փափուկ, խաղաղ ձայնով հարցրեց Սամերսբին:
- Այո՞...
- Այո, ինչի՞ց է, ինչ եք կարծում:
- Գուցե ևս մի խղճուկ փորձ է՝ սեփական անձս մտքերիցս ու վախերիցս հեռացնել:
- Դուք շատ ուժեղ մարդ եք, Դանա... և միշտ սովոր եք ձեր խնդիրներն ինքներդ լուծել... բայց հիմա դուք խոցելի եք..ինչու՞
- Եթե իմանայի երևի այստեղ չէի գա, չէ՞, - Սքալլին փորձեց զսպել հեգնանքը:
Սամերսբին ասես անգամ չնկատեց նրա տոնը:
- Ձեր դոսյեում գրված է, որ դուք ձեր հորն եք կորցրել մի քանի ամիս առաջ ու վերջերս շատ ծանր առողջական վիճակում եք եղել, - ծնկներին դրած թղթապանակի մեջ նայելով ասաց հոգեբանը, - իսկ դոսյեից դուրս լսել եմ, որ ձեր կյանք վերադառնալը հրաշքի պես մի բան էր:
- Այո...եղել է նման բան:
- Այս գործն իր բարդությամբ առաջի՞նն է այդ դեպքերից հետո:
- Բարդությամբ՝ ոչ, բայց ես... հայտնաբերեցի, որ այն ինչ առաջ ինձ ոտքի վրա էր պահում... հեռանում է ինձնից... Հավատը, որ ես կարող եմ օգնել վտանգի մեջ գտնվող մարդկանց... այն չկա..ես հիմա ինքս եմ ինձ վտանգված զգում..
- Ձեր գործընկերը... նրան վստահելու հետ խնդի՞ր կա:
- Ոչ, - Սքալլին ժպտաց, - ես նրան կյանքս էլ կվստահեմ... վստահել եմ, արդեն երկու տարի է:
- Նա գիտի՞ այս ձեր վիճակի մասին:
- Ոչ, և չի էլ իմանա: Չեմ ուզում հասկանա, թե որքան ծանր է այս գործն ինձ վրա նստում: Չեմ ուզում, որ մտածի, թե իր պաշտպանության կարիքն ունեմ: Դա առաջին հերթին գործին կխանգարի:
Սքալլին նայեց Սամեսբիի աչքերին:
- Ինձ պետք է իմ Հավատը, դոկտոր Սամերսբի.. պետք է..
Փորձագետն անհամբեր սպասել էր, Սքալլին զգաց.
- Դե՞:
- Մարդասպանն աշխատել էր ձեռնոցներով... նա կտրել էր աղջկա բոլոր մատները, բացի մեկից..
- Դրա մասին գիտեմ, Բիլ, դիահերձումը ես եմ արել, - ընդհատեց Սքալլին:
- Այն մի մատի եղունգին մատնահետք կա, հավանաբար ձեռնոցները դնելուց առաջ է թողել, պայքարի արդյունքում- փորձագետը ժպտաց ու ցույց տվեց մոնիտորը՝ գործակալին հրավիրելով մոտենալ:
- Ուղարկեք մերոնց, բազայով անցկացնելու:
- Արված է, - նրան հաղորդեց փորձագետը, - ի դեպ, ձեզ զանգահարել էին, Օլբանիից, մեր գործակալներից մեկը:
- Ո՞վ:
- Չներկայացավ: Ուզում էր իմանալ՝ վերադառնալու եք, թե ոչ:
– Մալդեր, - Սքալլին խոսափողի մեջ լսեց գործընկերոջ հաճելի կրծքային ձայնը. - մատնահետք կա, մերոնք բազան են արդեն փորփրում, մի քանի րոպեից տեղեկությունները կուղարկեմ քեզ: Ես վերադառնում եմ:
շարունակելի
Էջանիշներ