Անդրեան քնցնում էր սպորտային խանութի մոտով, որի ցուցափեղկերից սպորտային հագուստ և տարբեր պարագաներ էին երևում...
- Այդպես չէ՛, Անջելո, մյո՛ւս ոտքով, ա՛յ այդպես, ապրե՛ս:
- Քեզ ո՞վ է սովորացրել ֆուտբոլ խաղալ, պապ,- հարցրեց Անջելոն:
- Չեմ հիշում, ընկերներիցս եմ երևի սովորել:
- Լավ է՞իր խաղում:
- Վատ չէի խաղում, բայց ամենալավ խաղացողը չէի:
- Ե՞ս եմ ավելի լավ խաղում, թե՞ դու իմ տարիքում:
- Դո՛ւ, տղաս, դո՛ւ,- ժպտաց հայրը և համբուրեց որդու գլուխը:
Որպեսզի չտեսնի ֆուտբոլի գնդակը, անցավ փողոցի մյուս կողմը և շուտ թեքվեց հատող փողոց՝ մեջքով շրջվելով սպորտային խանութին:
*******
Մագդալենան սովորում էր իր պարտիտուրան: Մեկ ամսից նա պետք է քաղաքի գլխավոր եկեղեցում երգեր նախազատկական մեծ մեսսայի ժամանակ: Նրանք երգչախումբը պատրաստվում էր կատարել Հայդնի «Թերեզյան» մեսսան, և Մագդալենային հասել էր մենակատար սոպրանոյի պարտիտուրան: Նրա ձայնը հրաշալի կերպով սազում էր այդ մեսսային: Դիրիժորը հատկապես զմայլվում էր, երբ նրա մաքուր, զրնգուն ձայնը հիացական-հաղթական խոստովանությունն էր հնչեցնում մեսսայի երրորդ հատվածում՝ Domine, Domine Fili unigenite, Jesu Christe: Մագդալենան ժամերով պարապում էր, առանց որևէ ջանք խնայելու, քանի որ գիտեր, որ ամեն լավ բան, ինչին հասնում են մարդիկ, միայն տանջանքի և քրտինքի միջոցով է տրվում: Իսկ անբանների, վատնողների և մարդասպանների տեղը բանտն է: Վերջիններին հիշելիս նրա մարմարյա սպիտակ ճակատին հազիվ նկատելի խորշոմ հայտնվեց, որն իսկույն կորավ, և նա շարունակեց երգել:
Էջանիշներ