Հայ դաշտերուն պաղատանքը
" - Արարատյան աշխարհներեն մինչ հովիտներն Եփրատյան,
Մեր ընդերքներեն բարձրացող պաղատանքն ու պարսավը ձե՛զ կ'ուղղենք,
Կյանքին հանդեպ դրուժաննե՛ր, հեռացողնե՛ր, կամ երկչոտնե՛ր.
Հալածական կամ աքսորյալ, դու՛ն վտարանդի կամ տարագիր,
Ու՞ր եք, և ու՞ր են ձեր բազուկները որ մեր կողմերը կարորեին...
Ու՞ր եք և դուք հին օրերու անկաշառ և անկնճիռ ճակատներ,
Երբ ձեր քրտինքն հուժկու և վեհ հողագործի,
Մարգարտի պես կուգար հոսիլ ծալքերուն մեջը մեր ակոսին,
Հին օրերու ձեռվընե՜ր, ու՞ր եք դուք, ձեռքեր օրհնյալ,
Ձեռքեր անպի՜ղծ, ձեռքեև հուռթի՜ և արագավա՜նդ,
Ձեռքեր բարի՜ և բեղմնավոր, ձեռքեր վսե՜մ և վճռակա՛ն,
Երբ ցորյանին սրբազան սերմը ձեր ափին մեջ,
Հալած ոսկու հեղեղի պես լայնաբուռն կը ցանեիք...:
Ու գութանին երգը կ'երգեիք... և ձեր եզներն հաղթամարմին,
Իրենց երկաթը շանթերու պես մեր ընդերքը մխրճելեն...
Արտավարե արտավար, հպարտորեն բառաչելով կը հերկեին...
Ու ներդաշնակ անձրևներն և արևը, մեծ օրենքին կշիռներուն համեմատ,
Կ'իջնեին ձեր հողին հանձնած հատիկները բեղմնավորռլ...:
Եվ երբ ամառը կծներ կամ աշունին մահեն առաջ`
Քաղաքներեն և գյուղերեն` գերանդիով, մանգաղներով բեռնավոր,
Հազարներով կուգայիք, հայ դաշտերեն Մարդկությանն իբր ընծա,
Անխտրական ցորյանին հասուն հասկերն հնձելու...:
Բայց քանի գարուն և աղաչավո՜ր աշուններ եկան անցան,
Եվ անծաղիկ ու անպտուղ անսահմանը ձեզ կ'սպասե...
Ա՜հ, գթացեք հայրենական և հավատարիմ ձեր հողերուն,
Գթացե՜ք այն այրիներուն և վարդի նման որբերուն,
Որ առավոտեն հուսաբեկ և իրիկունեն եղերական,
Իրենց կուծքերը կոծելով` մեր քարացած սև կողերեն,
Երկու բու՜ռ հունցք, ա՜փ մը ցորյան կպաղատին...:
Ու հայ դաշտեն կը հեռանան, կյանքին օրենքն անիծելով
Եվ բնությանն ալ, իր բարիքն ալ, իր բերքերն ալ անմատույց:
- Հազարավոր տարիներու դուք անարժան ժառանգորդներ,
Օտարության և մոլորության ճամփաներեն մեզի դարձեք,
Հույսեն խաբված կամ աղետեն հալածական բայց չարիքին հաղթահարող`
Աշխատողներ` բոլորդ մեկ ձեր բարեգութ բնությանը գրկին եկեք.
Ամեն բարիք մեր լանջքերեն և լեռներեն կը ծնանի...
Ամեն մետաղ մեր խավին տակ հրաշանյութ իր գանձն ունի...
Մեզմե միայն կրնաք կորզել Հույսին ոսկին և գինիներն Երազին...
Հաղթանակները մենք կուտանք ու պարտությունները մեզի են...
Վերադարձե՛ք, որդինե՛ր, ձեր գութանին և արորին ժանգը նորեն սրբելու.
Թո՛ղ նորեն ձեր հնադարյան հայրենի հողը ծաղկոտի...
Թո՛ղ մեր հունձքերն հովտե հովիտ` ծովերուն պես տարածվին...
Թո՛ղ կալերն ու որաները, բլուրեն վեր, լուսնկին հետ բարձրանան,
Թո՛ղ հայ հովիվն, մարգերուն մեջ, իր նախահորը նման,
Իր սրնգին, սարսուռներովը իր հլու հոտը հմայե...
Ձորին վրա ջրաղացը խաղաղությամբ թո՛ղ շարժի...
Ու առատությունը թո՛ղ նորեն գա մեր արտերուն վրա լայնացող
Հայկյան ցեղի պղտոր աչքերը լուավառել...
Ամեն բարիք և մարդկային չարիքներու ամեն դարման,շ
Մեր խորհուրդեն, մեր խավերեն, մեր օրենքեն պետք է հուսալ...
Ու այսպես` Ձիթենիին ոստերուն հետ աստվածաբույս,
Սուրն ալ մեզմե կը ծնանի, սրբությունն ալ Ցորյանին..."




Մեջբերել
Էջանիշներ