ՄԵԾ ՄԱՔՐՈՒՄ
Սիրտս զգաստացավ բանականության`
Հերթական անգամ, իր իսկ կարծիքով,
Ճիշտ ժամանակին զարկած ապտակից,
Եվ դառնահամը հպարտ մենության
Լուռ ներս սողոսկեց կարկատած սրտիս
Մաշված պատերի մանր անցքերից:
Երազանքներիս բեկորներն անզոր
Բախվեցին սրտիս անհարթ հատակին.
Չդիմացան ստացած ապտակին...
Եվ հավաքում եմ նրանց մեկ առ մեկ,
Մի քիչ խնամքով, մի քիչ ձանձրացած,
Իրար եմ կցում, ապա սոսնձում
Մեքենայաբար, արդեն վարժված։
Ապտակն ուժեղ չէր, պարզապես նրանք
Արդեն այնքան են այսպես սոսնձվել,
Որ ամենամեղմ ապտակը անգամ
Կարող է նրանց իսկույն բաժանել:
Ու հավաքում եմ փշուր առ փշուր
Երազանքներս երբեմնի աշխույժ,
Իսկ այժմ դժգույն ու արդեն անուժ,
Նայում եմ նրանց ու մի պահ ցնցվում.
Այս ի՞նչ գույնի են, այս ի՞նչ են դարձել,
Մի՞թե փոխվել են... թե՞ մի ժամանակ
Ես հենց այդպես եմ նրանց երազել...
Եվ որոշեցի հին թափոններից
Հոգնատանջ սիրտս հիմնովին մաքրել,
Լավ օդափոխել ու ձերբազատվել
Նամշաբույրերից, խամրած գույներից,
Վերքերը կոծկող, բայց չապաքինող
Այն հին սոսնձից, որի սուր հոտից
Սրտիս սիրտն արդեն վաղուց խառնում է
(Ճիշտ էլ անում է), և ինչ-որ տեղից
Անհայտ որակի ու անհայտ ծագման
Նոր երազանքներ թափվեցին գլխիս,
Ես դեռ չգիտեմ, թե ինչ համի են,
Բայց նրանց բույրը ինձ դուր է գալիս...
06.2005թ.
Էջանիշներ