### կամ հետո:
Եկավ ուսումնական բրիգադից սահմանապահ զորքեր տեղափոխվելու ժամանակը:
Մենք բեռնավորված եկանք վերջին տեսակցությունից ու քանի որ խմել-հայրենիքը կորցնելու առիթ էր հասունանում. վերջին գիշերը նվիրվեց այդ սրբազան գործին:
Թալինցի Գոնչը միջանցքով մեկ գոռաց` էսօր խմում ենք ու անհամություններ անե՜նք...
Կուբրիկներից ոմանք գոռացին` եղիցի:
Գումարտակը ծփում էր խորովածով ու օրորվում արաղահոտից: Սերժանտիկները (չնայած այդ ժամանակ մենք բոլորս ել արդեն սերժանտիկ էինք)` մեր միսը կերած ու մեր արաղից հարբած, մեզ վախեցնում էին սահմանապահ զորքերի մասին դաժան պատմություններով` ականապատ դաշտերով ու փախած կրակոցներով` փորձելով օգտագործել մեզ ճնշելու վերջին հնարավորությունները: Արդեն լավ-լավ էինք: Մեկը միջանցքով մեկ անցավ ու կուբրիկներում աթոռներով շինած խնջույքի սեղաններին հատ-հատ հայտնեց, որ Փիղը գնում է: Մեր տեղափոխման օրը Փիղն ու հիմնական կազմից էլի մի քանի հոգի զորացրվելու էին, բայց Փղի զինգրքույկը գիշերն էին տվել ու նա արդեն քաղաքացիական հագուստով շրջում էր միջանցքում` հրաժեշտ տալով տղերքին: Ես մեռած էի, ասեցի դուրս գամ մի քիչ թարմանամ: Տեղատարափ անձրև էր գալիս: Անձրևի շիթերից միանգամից սթափվեցի, գումարտակի առջև տաքսի կանգնեց, հավանաբար Փղի տաքսին էր: Ասեցի ոտքս կախ գցեմ, մինչ նա իջնի ու այստեղ հանգիստ հրաժեշտ կտամ նրան, բայց հանկարծ վատացա ու անցա պատի հետև` ստամոքսս դատարկելու... էնքան վատ էի, որ չէի գիտակցում, որ մաքուր տարածք եմ պղծում, ավելացնում եմ պիղծ տարածքների թիվն ու ինձնից հետո եկող զինվորների հոգսը: Ամբողջությամբ թրջվել էի տեղատարափից: Սակայն իմ բախտից հորդ անձրևն անմիջապես լվաց-մաքրեց իմ փսխուկի հետքերը: Մինչ հանգստացա մի քիչ ու մոտեցա գումարտակի դռանը,Փիղն ու երկու հոգի քաղաքացիական հագուստով նստեցին տաքսին ու անմիջապես պոկվեցին տեղից:
Չեմ հիշում ուր և ինչպես եմ անցկացրել էդ գիշերը, բայց ամբողջ գիշեր զգում էի, որ անձրև է գալիս: Առավոտյան գլխացավ էր, ցուրտ էր ու խոնավ: Մերկության տհաճ զգացողություն կար ներսում… քամուց ներս… մենք էինք: Այստեղից չերևացող սարերից քամու բերած ուրցի հոտ: Ուրցով թեյից ճնշումս ընկնում է: Չեմ սիրում: Մենք մեր բոլոր իրերը դեղին տոպրակների մեջ հավաքած` սովորական շարքերով կանգնած էինք շարահրապարակում ու սպասում էինք, թե ում, ուր կտանեն: Այդ օրն ավելի տխուր ու դատարկ էի, քան բանակ գալուս օրը, ավելի տխուր էի, քան երբևէ...
Բոլոր նրանք, ովքեր առանձնապես նախապատրաստություն չէին տեսել իրենց հետագա ողջ ծառայության վայրի համար և թողել էին այսպես կոչված պատահականության հույսին, հիմնականում ծառայելու էին հայ-ադրբեջանական ամբողջ սահմանով ձգվող սահմանապահ զորամասերում ` որպես դասակի հրամանատարներ ու հենակետերի ավագներ:
Աշխատավորական օթյակից առաջինն իմ անունը կարդացին: Նույնսիկ չհասցրեցի իմանալ, թե տղերքից ում, ուր տարան: Չնայած հետո կարող էի իմանալ, բայց մենք, նույնիսկ զորացրվելուց հետո, չհանդիպեցինք ու երբեք այլևս ընկերություն չարեցինք:
Հավես չկար շատ բան հիշելու:
### կամ 300 մետր ճակոտով և 400 մետր խորությամբ սահման
Բոլոր դասերը խորապես սերտած` ես գնացի հիմնական ծառայության զորքեր, ուր շահեկանորեն տարբերվում էի մնացյալից հատկապես նոր ու մաքուր բուշլյատով, սերժանտի կոչումով, տարիքով, կրթությամբ ու պարտականություններով. ամենակերևորը… ես այլևս Ջուրը չէի… այլ սերժանտ Վահանսարյանը, Վահե ջանը, Վահիկը, Վահը, Վահանսարյանը ու երբեք` Ջուրը: Ուսումնականում Տղերքի հետ մոտիկից շփված լինելս ու նրանց տարած թեմաների նրբություններին, կուռաժին ու հերթապահ արտահայտություններին լավ տիրապետելս ինձ պետք եկան. ես շատ հեշտ հայտնվեցի մեր սահմանպահ խեղճ ու կրակ զորքին ճիշտ ու սխալ սովորեցնող, սխալի համար չորով ստացող կամ մեկի օդերը բացող լավերի շրջանակում:
Ես միշտ գերազանցիկ եմ եղել…
### կամ չգրված, չուղարկված, տեղ չհասած նամակ
«Բարև Շուշան ջան, բարև մռութս, էլի նամակ եմ գրում... մի զարմացի, որ մեզ մոտ բջջային չկա, մի 100 հատ անտենա պետք ա դնեն, որ ալիքը հասնի էս կորած-մոլորած տեղը սարերում: Առաջիկա գյուղն ել 12 կմ-ի վրա է, էլ ում համար դնեն… Նամակս գրում եմ հենակետեր մեկնելուց առաջ, հուսով եմ քեզ կհասնի, երբ արդեն վերևում լինեմ: Առաջ ամեն շաբաթ քեզ «թարսի պես» ուզողներից մեկը զանգում էր ինձ` ճշտելու իրոք ընկերդ եմ, թե չէ, ( լսի´, օրեկան քան՞ի հոգու էիր տալիս համարս): Հիմա չգիտեմ ինչ են/ես/ենք անելու. ինչի՞ էս էդքան սիրուն ծնվել, աղչի´… կարոտել եմ պուպուշս, չգիտեմ ոնց եմ դիմանալու 2 ամիս` մինչ արձակուրդս: Պոստում տղերքիցս մեկը փայտից փախած բաներ է սարքում, մի հատ լավ վզնոց եմ նկարել, սարքում ա նռան փայտից… հետս կբերեմ… Բայց դու իմ գալուն մի սպասի, ասածս գրքերն առ, ուղարկի, հասի´ զինվորիդ նեղին, հենակետի ավագ եմ, ամբողջ գիշեր արթուն պետք է մնամ, քանի որ թուրքական ալիքներից բացի ուրիշ ոչինչ չի բռնում ռադիոյով, կարդում եմ մանրից:
Լսի, մի´ նեղանա, որ քեզ ասում եմ փղիկս, ես սիրում եմ թմբլիկներին, հասկանում ես, սիրելի կինը պետք է շատ լինի
Ամուր-ամուր գրկում ու համով-համով պաչիկ եմ անում, փղի՛կս… »
### կամ հետադարձ հաշվարկ
Զորացրումից մի քանի օր հետո Շուշանն ինձ հրավիրեց իրենց տուն` մոր հետ ծանոթացնելու:
Լուրջ կին էր: Հագուստի մեծածախ աճառքի խանութ ու արագ սնունդի կետ ուներ Բանգլադեշի տոնավաճառում: Ամուսին, կարծեմ, չի էլ ունեցել:
Շուշանի վախվխոտ հայացքների ներքո նա ծծախոտ վառեց ու հենց սկզբից դիմեց ինձ` «աբեր»… աբե՛ր, բա դու ո՞ւրդու տղա ես, գործ կա՞ ձեռդ, ի՞նչ կխմես, աբե՛ր…
Տիկին Մարգարիտան, որ նախորդ 23 տարիներին հասցրել էր լրջորեն տրամադրվել էր մինուճար աղջկան ուզելու եկած աբերոյի ընդունելությանը, խաչաձև և ճակատային հարցերով ինձ միանգամից հիշեցրեց, որ ես տվյալ պահի դրությամբ անհետաքրքիր, վատ հագնված, դեղնակտուց ու անհեռանկար միջին վիճակագրական գործազուրկ եմ, ով հաստատ չի կարող հավակնել Շուշանի կողակիցը դառնալուն: Մինչ նա օգնում էր ինձ հաղթահարել հետբանակային ադապտացիոն շրջանն` ինձ անհնարին վերևներից երրոր մասի կողմերն առանց պառաշյուտի իջեցնելով, ես ահավոր լարվածույթունից անընդհատ ճակատիս քրտինքն էի սրբում ու կուլ տալիս նրա արտաշնչած ծխախոտի թանձր ծուխը: Իսկ իմ լարվածությունն ու նյարդայնությունը ոչ այնքան նրա` պորտս տեղը դնելու քաղաքականությունն էր այնպիսի լկտի հումորներով, ինչպես ասենք` ինձ Երևանի կենտրոնում «Շինանյութ» անունով սեքս-շոփ բացելու գաղափարը տալը, այլ բոլոր սենյակներից միալարի ականջներս սղոցող ջրի կաթոցքի ձայնը: Հա, հասկացանք տանը վաղուց տղամարդ չի եղել, բայց ինչի պիտի ունիտազից, լվացարանից, խոհանոցից ու էլի ինչ-որ տեղերից անընդհատ կաթ-կաթ, ծլ-ծլ ծորա ջուրը մանր-մունր տարաների մեջ… մի կես ժամից, երբ հիստերիկույթունս հասավ վերջին` Շուշանից ջուր ուզեցի, որ գոնե մեկ անգամ ուժեղ հոսանքով բացվի մի ծորակ ու ցրվի խեղդող լարվածությունը: Փակուղու մեջ թպրտացող մարդ, ուղեղումդ ծագած թանձր-իմաստուն կամ մերձիմահ-դառը միտքը դանդաղ կծորա ողնուղեղովդ ցած ու մանրից կթունավորի քեզ, եթե ջուր չխմես: Երբ վատ է, շատ վատ է, կամ ահավոր` միշտ ջուր եմ խմում: Երբ ջուր ես խմում ու հոգիդ թեթևանում է, պարզում ես, որ այդ կիսաբաց ծորակներից թույլ ծորացող ջուրը ջրաչափի վրա համարյա զրոյական ցուցմունք է ցույց տալիս և դա ընդամենը տնտեսելու միջոց էր… մարդ ինչքան այլասերված պիտի լինի, որ այդպիսի միտք հղանա:
Տիկին Մարգոյի հետ ճակատագրական հանդիպումից հետո մի շաբաթ էլ անկիրք պաչպչվեցինք Շուշանի հետ ու բաժանվեցինք խաղաղությամբ: Ջրի ծորակները հեչ` նա արդեն ահագին առաջ էր գնացել իր բանկում, լուրջ փող էր ստանում, վարորդական իրավունքների դասերի էր գնում ու նույնիսկ մի շաբաթով մեկնել էր Պրահա` հանգստանալու: Իսկ ես դեռ զրոյի վրա էի:
Հաճելիորեն թեթև տարա, նույնիսկ վաստակած խաղաղություն զգացի առաջին շաբաթը, բայց երկրորդ շաբաթից տարօրինակ կերպով սկսեցի վայրենի հակվածույթուն ու կարոտ զգալ նրա հանդեպ: Մի երկու անգամ ծաղիկներ ուղարկեցի աշխատավայր ու տուն, սրտաճմլիկ նամակներ ու sms-ներ գրեցի, մի անգամ նույնիսկ հանդիպելու փորձ արեցի: Բայց շուտով ինձ զանգեց ոմն Բեկո ու ինձ բացատրեց, որը որից հետո է: կարոտախտի նոպաներս անցան:
Որոշեցի գործ ճարել: Մի քանի ամիս անկապ թափառումներից ու ռեզյումե բաժանելուց հետո վերջապես հորս ընկերն օգնեց ու ես ընդունվեցի ասֆալտ արտադրող մի գործարանի պահեստ, որպես պահեստապետ: Պարտականություններիս մեջ էր բահեր, մեխեր, դիզվառելիք, բանվորական ձեռնոցներ ու էլի ինչ-որ զրթուզիբիլ ընդունելն ու քիչ-քիչ ամեն առավոտ դուրս տալը: Նույնիսկ մի ենթակա բանվոր ունեի` Լութվիգը:
Կյանքս ոնց որ սկսեց կարգավորվել: Նույնիսկ ինչ-որ ընկերներ հայտնվեցին: Վարկով նոթբուք առա: Սկսեցի համերգ-մամերգ գնալ, օպեռայի կաֆեներում գարեջուր-մարեջուր խմել շաբաթը մեկ:
Ու մոտավորապես էն ժամանակ, երբ իմ սեռական օրգաններից միայն աչքերիս տեղն էի հիշում, իսկ վերջիններս էլ սկսել էին բավականաչափ վատ տեսնել, հանդիպեցի Համասփյուռին: Նա 33 տարեկան էր, մենակ էր ապրում, մայրն ու եղբայրը մի տաս տարի առաջ, երբ Համասփյուռը դեռ ամուսնացած էր, գնացել էին Լեհաստան ու ոնց որ քաղաքացիություն կամ նման մի բան ունեին արդեն: Նանարիս ամուսնությունը չէր ստացվել, բաժանվել էր ու հիմա գեղեցկության սրահում մատնահարդար էր աշխատում: Ծանոթացանք ինտերնետով, սկզբում երկու շաբաթ անկապ չաթ էինք անում, հետո փոխանակվեցինք հեռախոսահամարներով, հետո հանդիպեցինք, երրորդ հանդիպմանը հրավիրեց տուն. Էդ հրավիրելն էր:
Ընկերուհիները Համասփյուռին երկար բարակ Հա-մա-սփյուռ չասելու համար կարճ Հեմո էին ասում: Ես նրան ասում էի Համո. հեռախոսիս մեջ հենց այդպես էլ գրած էր` [Hamo sexik]:
Ինչը հավանեցի Համոյիս մեջ. նա այն կանանցից չէր, ովքեր կարծում էին, որ լուրջ տղամարդը պետք է կարողանա թաքցնել իր կեղտոտ մտքերը Շոպենհաուերի իմացությամբ:
Երկուսս էլ, կարելի է ասել, չտես էինք` անկողնու, սիրո, համատեղ կենցաղավարության ու առաջին ամիսը շատ հավես էր: Երբ մեր բոլոր չտես զգայարանները բավականաչափ հաղորդակցվեցին, աշխատեցին ըստ նախաստեղծ նշանակության, շփվեցին այնկողմնայինի հետ ու քյառթուացան, նորից ձանձրույթ տիրեց աշխարհում: Սկսեցինք սերը համատեղել խմիչքի հետ. մի որոշ ժամանակ էլ դա հետաքրքրացրեց կյանքը, երբ խմիչքը նույնպես սպառեց իրեն, սկսվեցին խոտի փնտրտուքները: Համակեցության նոր գլուխը չտեսնված ու չունեցած ապրումների գլխապտույտ էր: Լավ էր: Վատ չէր:
Էջանիշներ