Կաղ,
Կուզ,
Գեղեցիկ,
Ճաղատ,
Ծիծաղելի,
Մռայլ,
Սուտ անկոտրում,
Սուտ հանդիսավոր,
Դժգո՜հ, ավերջ դժգոհ,
Ուրա՜խ, անմտության չափ ուրախ բանաստեղծների քո տոհմը,
Ծաղրածուների այդ մեծ ընտանիքը հիմա ամբողջ աշխարհով մեկ արև է փռում,
Արևի մեջ սամիթի բույր է փռում,
Ծիրանի ծառ է տնկում,
Լուսին է օծում,
Հմայիլի աղոթքով փափկեցնում է մարդու ժանիքները,
Իմաստավորելով մահը՝
Լռին գերեզմանատներ է դնում արևի տակ,
Իմաստավորելով ծնունդը՝
Ուրախության բաժակներ է փշրում,
Աղավնիներ ու աստղաթիռներ է շպրտում երկինք,
Հավերժելու տարտամ ցանկությունը դարձնում է հայրենիքի կարոտ,
Փառաբանում է հացի չլինելը,
Տղամարդ-ավազակներից շինում է հայր-ավանակներ
Եվ արևային երկիրը լցնում է մոլոր արահետներով ու բարի ավանակներով,
Բանաստեղծների այդ տոհմն ահա աղուտ հարթավայրը դարձրել է Արարատյան դաշտ,-
Եվ մարդիկ խմբավորվում են ըստ արահետների
Եվ չկա խմբավորման մի այլ կերպ.
Եվ թող սուրբ լինի բանաստեղծների քո ընտանիքը,
Որի հոգնած նահապետի ճանապարհն այստեղ,
Այս բլրի տակ իր տան դռանը փակեցին զինվորական գործի մարդիկ
Ու պահանջեցին.
«Անցաթուղթ»:
Էջանիշներ