User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 88 հատից

Թեմա: Անտաշատ. պոեզիա 78%

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #15
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Փիղը

    -Ասա ի՛նը:
    - Ի՛նը:
    -Ուտես փղի տակինը:
    Մանկության հիշողություն

    ###

    Փղին Թոխմախ թաղեցին: Կպչուն-շոգ օր էր: Նույնիսկ քահանան ալարելով էր կարդում, ծամծմում էր բառերն ու մանրից առաջ անցնում, զգացվում էր, որ կոկորդը չորացել է, միայն երբեմն բարձրացնում և խստացնում էր ձայնն ու թաշկինակով խաչն արագ ձախից աջ տեղափոխում իբրև ծեսի մաս, բայց հաստատ վրա տված ճանճերին էր քշում դեմքից: Արևն էնքան վառ ու թունդ էր, որ չէր երևում. տարօրինակ բան. ես ընթացքում քանի անգամ հայացքով պրպտեցի երկինքն ու արևն աչքովս չընկավ:
    Քամի չկար: Խնկահոտ չկար: Լաց ու կոծ անող չկար:
    Սխտորի հոտ կար շատ… զզվելի շատ:
    Գերեզմանի տեղը խիստ նեղվածք էր` հազարավոր իրար շալակած տապանաքարերի մեջ հազիվ խցկված: Տղերքի մի մասը բարձրացել էին համեմատաբար հնոտ` գոնե 60-ականներից էն կողմ թաղված մեռելների գերեզմաններին:
    Փղի փոսը սովորական գերեզմանափոսերից երկու անգամ լայն էր փորված: Սկզբում մտածեցի` ապուշ կատակ են արել: Հետո տղերքից մեկը բացատրեց, որ կողքի գերզմանի տերը կռվով-դավով ստիպել է նախնական փոսը իր գերեզմանից մի մետրաչափ տեղափոխել, որովհետև նախատեսել է մեծացնել էդ տարածքը` իրեն էլ հետո կնոջ կողքը տեղավորելու համար, ու Փղին պետք է թաղեին փոսի հարավային պատի տակ, որ հյուսիսային հատվածում տեղ ազատվեր հարևանի ընտանեկան դամբարանի համար:
    Հրաժեշտի հրմշտոցի մեջ ոմանք ուզում էին առաջանալ. ինձ հետևից հրեցին ու քիչ էր մնում` փոսի մեջ ընկնեի: Հետո, երբ Փղին իջեցրին ու քաշեցին փոսի հարավային պատի տակ, ես նկատեցի էդ զարհուրելի, մի մարդաչափ դատարկությունը, որ ընդգծվեց նրա դագաղի կողքին:
    էդ ամիս անձրև չեկավ քաղաքում:

    ### կամ 3 օր, 3 գիշեր

    Զորակոչվելուս ընդամենը երեք օր էր մնացել, երբ ընտանեկան խորհուրդն արձանագրեց մի անշրջանցելի փաստ. ո՛չ ինձ խոստացված մեխֆակի ասպիրանտական տեղը կար, ո՛չ հորիցս 4500 դոլլար վերցրած վարչության պետը, կարճ ասած` մեզ լկտիորեն քցել էին ու... սկսվեց ինձ բանակ ճանապարհելու լացուկոծաարտասվախառը արարողակարգը:
    Ես այնքան էլ ծանր չտարա: Արդեն զզվել էի սպասումի ու վախի, ինձ անընդհատ կոտորելու էդ քայքայող դրությունից, որ արդեն 5-6 տարի ինձ ներշնչում էին մերոնք: Էդպիսի «ճշմարտություն» կար, որ ես գերդաստանիս ամենախելացի ու հաջողված դեմքն եմ, գերդաստանի անունն ու պատիվը փրկողը, ազգի անգործ տղամարդկանց գործի տեղավորվելու հույսը և կանանց` ազնվացեղ տեղերից ինձ համար աղջիկ հավանելու հաճույքը պարգևողը: Ասա` էդ ինչի՞ պիտի ես բացառություն լինեի, երբ 4500-ից ընդամենը 350 էր պակասում, պապան ցանկով զանգեց մեր բոլոր առաջին ու երկրորդ կարևորության բարեկամներին և մեկը չեղավ, ում համար այդ գումարը թեմա չէր... ռամիկ մեռնում էր ազգուտակս:
    Պրծա:
    Հիմա ես ինձ զգում էի մոտավորապես այնպես, ոնց որ Քրիստոսը չարչարանքներից առաջ` այսինքն. «Թքա´ծ, թե երեք օրից գլուխս ուտելու են, մեկ ա, ես միակն եմ ում վերջը լավ ա լինելու»: Ուրախ էի, որ գոնե մերոնք իրենց մեղավոր չեն զգա ինձ բանակ տանելու համար, քանի որ արել էին հնարավոր ամեն ինչ` մասնավորապես ծախել էին պապայի ցեցոտ 07-ը, մամայի օժիտի 1,2 հեկտար անջրդի հողատարածքը գյուղում, որից երբեք մի դրամ չենք ունեցել, պապիս ոսկերչական արհեստանոցում անիմաստ ծերացող մի քանի հաստոցները, որոնք տատս նրա մահից հետո խնամքով պահպանում էր: Այսինքն փողի էինք վերածել մի շարք գաղափարապես կարևոր, բայց ըստ էության անպետք բաներ ու... ապարդյուն:
    Նախավերջին օրը հիմնական ծիսակարգն էր:
    Էնքան հարևան, բարեկամ, ծանոթ, ընկեր ու եսիմովքեր էին եկել, որ տանը ասեղ գցելու տեղ ու շնչելու օդ չկար: Նրանք բոլորն իրենց պարտքն էին համարում ինձ պաչպչելն ու խրախուսական բաներ ասելը: Առաջին իսկ կես ժամում ես միանգամից հարբեցի, որ հաղթահարեմ «բանակի քեֆ» փորձությունն ու ատելությունը բոլոր նրանց հանդեպ, ովքեր երկու օրից բանակ չէին գնալու, ովքեր ընդհանրապես չէին գնալու, ովքեր գնացել- եկել էին, ովքեր երկու օրից վերադառնալու էին: Մեր տան նախաբանակային կամ ավելի ճիշտ նախապատերազմական էդ իրարանցումը կանանց լացելու ու ողբալու, տղամարդկանց հարբելու ու փիլիսոփայելու նյութ էր տալիս:
    Միջոցառման կեսերից սեղանի անկյունում մի տասնյակ սևազգեստ, անթրաշ, շատ ծխող, շատ խմող, քիչ ուտող ու շատ խոսող տղերքի բրիգադ կուտակվեց, որոնց պարտադրված էի լսել, լսել, գլուխս խոհեմաբար ու խորհրդավոր տմբտմբացնել, էլի լսել, հա´ լսել, էնքան լսել, մինչ ականջներս թոշնեցին ու ապրիլի 7-ին չծախված ապրիլի 10-ի կակաչների նման կախվեցին վրայիցս: Բայց տե´ս… իմ ինտելեկտուալ ընդդիմությունն ու ամեն դեպքում իրենցից շատ հասկանալու ներքին համոզումը կեսից սկսեցին դավաճանել ինձ, ջանս դող ընկավ ու ես անկեղծ վախեցա: Զգացի, որ տղերքի պատմածներն ու վերլուծությունները, խորհուրդներն ու ճշտի մեկնություններն ինձ օդի ու ջրի պես պետք են` ճակատագրական սխալներ չանելու համար:
    Լռվեցի:
    Լսեցի, բոլոր էդ ցուցումները կլանեցի ծխախոտի ծխի ու արաղահոտի հետ, փորձեցի հասկանալ, չհասկացածս երևակայեցի, ու դրանից զզվելի վախ ընկավ սիրտս:
    Էլի խմեցի…
    Զոռով-ճարով գիշերվա 2-ի կողմերը կոչ ու անկոչ հյուրերս ցրվեցին: 2-4-ը հայրական օջախի հարազատ ունիտազի հետ անմոռանալի գիշերային ժամեր անցկացնելուց հետո` պառկեցի, 5-ի կողմերը խաղաղվեցի ու էլի սկսեցի խորանալ:
    Ամեն դեպքում, իմ ինժեներ-մեխանիկի ուղեղը առաջին իսկ գիշերը յուրացրեց, համակարգեց և ուղեղի դարակներով սիրուն դասավորեց տղերքի ինձ սովորացրած ճիշտ ու սխալ անելու ալգորիթմը` «լավ տղու կոդեքսը», որն այնքան ազնվական ու ասպետական թվաց, որ ես ճշտով ոգևորվեցի:
    Ի դեպ, հավեսի համար բանակ մեկնելուս նախորդ գիշերը կոմպի վրա փորձեցի ձևակերպել հասկացածս` մի բան, որ երևի մինչ ինձ ոչ ոքի մտքով չի էլ անցել.

    [Լավ տղու կոդեքսը

    Լավ տղու ֆունդամենտալ սրբությունն իր ինքնասիրությունն է:
    Լավ տղու հատկանիշներն են` շնորհքը, մաքրությունը (հոգեմարմնական), պատասխանատվությունը ասածների և արածների համար:
    Լավ տղու թվարկելի սրբություններն են` ծնողները (որոշ վերապահումներով), կենսաբանական ախպերներն ու նրանց հավասարեցվող անձինք, եթե լավ տղերք են, կենսաբանական քույրերն ու նրանց հավասարեցվող անձինք, եթե օրինավոր են, բոլոր նրանք, ում լավ տղեն ընդունում է որպես ախպեր կամ քույր, ընտանիքը, տունը, հացը, սեփական և այլ լավ տղերքի երեխեքը, ընկերները (հիմնականում լավ տղերքի համար կինը կամ սիրած աղջիկը սրբություն են, բայց սա չի պնդվում):
    Լավ տղուն ու նրա «ճիշտը» (որ հիմնականում նույն բանն են) ոչ ոք չի կարող անտեսել:
    Լավ տղեն չի խաբում լավ տղերքին:
    Լավ տղուն չեն խաբում այլ լավ տղերքը:
    Լավ տղուն չեն կարող ասել, թե նա ինչ և ինչպես անի:
    Լավ տղուն չի կարելի բացատրել ճիշտը, կարելի է միայն բացատրվել նրա առաջ:
    Լավ տղու համար աղջկա, նույնիսկ լավ աղջկա (իգական սեռի առաքինի ներկայացուցչի), ասածը ինքնին հիմնավոր և ճշմարտացի չէ:
    Լավ տղու կողմից ինչ-որ մեկի (հիմնականում լավ տղերքի) մասին հավաստի տեղեկատվության կամ նպատակային ապատեղեկատվության կանխամտածված փոխանցումն այնպիսի անձանց կամ կառույցների (ոչ լավ տղերքի), ովքեր կարող են օգտագործել այդ տեղեկատվությունը տվյալ անձի կամ անձանց դեմ, նրան ցմահ զրկում է մաքրության իմունիտետից:
    Լավ տղեն օրալ և օնալ սեքս չի անում «կրավորական» դիրքերով (այլ խտրականություններ, ինչպիսիք ասենք զուգընկերոջ սեռական ու ազգային պատկանելությունն են, չկան):
    Տղամարդու կամ կնոջ հետ «կրավորական» դիրքերով օրալ և օնալ սեքսուալ հարաբերությունների փորձառությամբ տղամարդիկ և կանայք միակողմանիորեն համարվում են պիղծ և լավ տղեն պետք է բացառի նրանցից սնունդի ընդունումը ու նրանց օգտագործած իրերի (հիմնականում սպասքի) օգտագործումը: Ամուսնական հարաբերություններում նույնպես լավ տղու համար արգելվում են էդպիսի «դիրքերը»:
    Լավ տղեն ենթադրաբար հայ է, բայց դա չի պնդվում: Չնայած պարզ է, որ ոչ մի միջին վիճակագրական եվրոպացի տղամարդ չի կարող լավ տղա լինել:
    Լավ տղեն ենթադրաբար խաչապաշտ է, այսինքն նրա համար սուրբ նշան է համարվում խաչի խորհրդանիշը: Զուտ քրիստոնեական բանաձևերը ոչ մի կերպ չեն պնդվում:
    Լավ տղու հարցերը ոչ մեկ իրենից լավ չի կարող լուծել:
    Լավ տղու համար չհարգված բիզնես է համարվում պոտենցյալ հաճույքի հատկանիշներով օժտված օբյեկտի կամ սուբյեկտի շահադիտական իրացումն այլ լավ տղերքի վրա. մասնավորապես կավատությունն ու թմրանյութի վաճառքն այս կատեգորիայի բիզնեսներ են:
    Լիրիրկական կոնցեպտներից`
    - լավ տղեն` Տղա´ է` օդում, ջրում, թե ցամաքում:
    - տղուց տղայա ծնվում, լավ տղուց` աղջիկ:
    Ցանկացած երկու լավ տղա պոտենցիալ համախոհներ են, այսինքն նրանց ախպերության համար ոչ մի խանգարող հանգամանք ըստ էության չկա:
    Լավ տղեն ինքը այս արժեհամակարգի բարձրագույն արժեքն է, հավատարիմ պահապանն ու գլխավոր երաշխավորը, ճիշտը սխալից զատողը, մեղավորներից ու սրբապիղծներից «ստացողը» (նրանց պատժողը):
    Բոլոր տղերքն էլ լավ տղա են ծնվում:
    Լավ տղու համար, բացի վերը թվարկված կանոններից, ուրիշ ոչ մի օրենք ու կարգ և նրանց հիման վրա ձևավորված համակարգեր ու կառույցներ ընդունելի չեն, ինչը ենթադրում է, որ լավ տղեն բանակ չի գնում, նրան տանում են, իսկ նա, հանուն իր վերը թվարկված սրբությունների, խոհեմաբար, բայց ներքին դառնությամբ, ժամանակավոր կուլ է գնում: ]

    Ես լավ տղա եմ:
    Մաքրության ու ընտրյալության ինչպիսի հիանալի զգացում. ես լավ տղա եմ:
    Հին ժամանակներից մնացած սովորություն է, որ բանակ գնացողը պատերազմ գնացող է, պատերազմ գնացողը մեռնելու գնացող է, մեռնելու գնացողին գաղափարներ են պետք` մահը կյանքի համեմատ արժեվորելու համար, իսկ իմ գլխավոր գաղափարն ասում էր, որ ես չեմ գնում բանակ, ինձ տանում են, այսինքն չնայած ֆիզիոլոգիաս ծառայելու է` ես մտովի ազատ եմ, էդ ամեն ինչի դեմ եմ, համակարգից չեմ, որովհետև ես լավ տղա եմ: Երբևէ եղած բոլոր պետական ռազմահայրենասիրական դաստիարակության ու քարոզչական մեքենաների տապալումն էր իմ գաղափարը, սակայն իմ գաղափարը ոչ մի կերպ չէր շրջանցում էդ մահվան միտքը:
    Շատ հին (երևի մամոնտի որսի) ժամանակներից ձևավորված արարողակարգ է նաև բանակ գնալու նախապատրաստությունը, երբ ամեն արժող-չարժող, ահել-ջահել, կայացած ու տեսական որսորդ քեզ պատմում է 765 պատմություն, 765 իրավիճակ, մանրամասնորեն նկարագրում, թե որի դեպքում «լավ տղեն», ենթադրաբար` դու, «իրան ոնց պտի պահի», դու, գլուխդ լիքը պատմություններով գնում ես «մարտի» ու թարսի պես էդ իրավիճակներից և ոչ մեկը հետո չի կրկնվում քո համար: Փոխարենը քեզ հետ պատահում են բոլորովին այլ 765 իրավիճակներ, որոնցից մեծամասնութունում դու թքում ես և որոնց շուրջ սարքված իմպրովիզ պատմություննրեով` ամբողջ կյանքում հետո դու ես տանելու մարդկանց գլուխը, որովհետև ոչինչ այնպես չի զարգացնում երևակայության գեղձերն, ինչպես սեփական անհաղթահարելի ցավը հաղթահարելու հոգեմարմնական ճիգը: Երևակայությունը մեր ամենակարևոր իմունային համակարգն է, որ հորինում ու եռաչափ է դարձնում այն, ինչ մենք չունենք ու չենք էլ ունենալու մեր խեղճության, թշվառության ու անզորության պատճառով:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    RADIOmanyachka (23.01.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •