ՈՉ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ, ՈՉ` ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Երեկվա դրությամբ, իրավապահներին դեռեւս չի հաջողվել հայտնաբերել նոյեմբերի 27-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմած ցմահ դատապարտյալներ Սողոմոն Քոչարյանին եւ Մհեր Ենոքյանին: Ողջ օրը շրջանառվող այն լուրերը, թե իբր` իրավապահներին հաջողվել է հայտնաբերել ցմահ դատապարտվածներից մեկին, այդպես էլ չհաստատվեցին:
Իսկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը երեկվանից ցմահ դատապարտվածների տեղը հայտնելու համար խոստանում է դրամական խոշոր պարգեւ եւ տեղեկություն հայտնողների անձի գաղտնիության ապահովում: Այս միջադեպի հետ կապված` երեկ հաղորդագրություն է տարածել նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը: Ըստ այդմ, նշվում է, որ ցմահ դատապարտվածներ Սողոմոն Քոչարյանի եւ Մհեր Ենոքյանի փախուստի փաստի առիթով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի երեք աշխատակիցների մեղադրանք է առաջադրվել: «Նուբարաշեն» ՔԿՀ հերթափոխի ավագ Ա. Սմբատյանին, անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցներ Ա. Աթաբեկյանին եւ Վ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական անփութություն, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Այս հոդվածով, ՔԿՀ աշխատակիցներին սպառնում է առավելագույնը մինչեւ հինգ տարվա ազատազրկում:
Նույն հաղորդագրության համաձայն, մասնավորապես, Ա. Սմբատյանը փախուստի օրը` նոյեմբերի 27-ին, ժամը 17-ի սահմաններում Սողոմոն Քոչարյանի եւ Մհեր Ենոքյանի մեկժամյա զբոսանքը կազմակերպելու ընթացքում չի ապահովել պատշաճ հսկողություն: Ըստ այդմ, առանց անհրաժեշտ հսկողության են մնացել զբոսախցերի մուտքի դռները եւ զբոսախցերի տանիքի հատվածը, ինչպես նաեւ մինչեւ զբոսանքի տանելը պատշաճ անձնական խուզարկության չեն ենթարկվել Սողոմոն Քոչարյանը եւ Մհեր Ենոքյանը: Հենց վերը բերված անփութությամբ էլ պատճառաբանվում է այն փաստը, որ առանձնապես ծանր հանցագործության կատարման համար ցմահ ազատազրկման դատապարտվածներ Սողոմոն Քոչարյանն ու Մհեր Ենոքյանը կարողացել են «Նուբարաշեն» ՔԿՀ 6-րդ հարկի թիվ 1 զբոսախցից դիմել փախուստի, քանի որ նրանք այնտեղ են տարվել առանց անձնական խուզարկության եւ տեւական ժամանակ մնացել են առանց հսկողության: ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունում, սակայն, ոչինչ նշված չէ այն մասին, թե ինչպես է ստացվել, որ ցմահ դատապարտվածները երեկոյան են տարվել զբոսանքի: Բանն այն է, որ զբոսանքը նախատեսված է օրվա առաջին կեսին` մինչեւ ճաշի ժամը: Սակայն, այս դեպքում Սողոմոն Քոչարյանը եւ Մհեր Ենոքյանը, չգիտես ինչու, զբոսանքի են տարվել աշխատանքային ժամի ավարտից մեկ ժամ առաջ:
Մեր տեղեկություններով, ցմահ դատապարտվածների` առանց հսկողության մնալու հարցում օգնել է այն հանգամանքը, որ նրանց զբոսանքի տանելուց հետո «Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցերում համընդհանուր խուզարկություններ են սկսվել: Արդյունքում, ՔԿՀ-ում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ նախ` բոլոր աշխատակիցները զբաղված են եղել խուզարկության գործընթացով, եւ զբոսախուցը մնացել է առանց հսկողության, ու հետո` այդ թոհուբոհի մեջ աննկատ է մնացել երկու ցմահ դատապարտվածների բացակայելու փաստը:
Ի դեպ, մեր տեղեկություններով, զբոսախցի տանիքից կապված պարանը, որով էլ, ենթադրվում է, փախել են ցմահ դատապարտվածները, կախված է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ վարչական շենքի տանիքին: Այլ կերպ ասած, ենթադրվում է, որ ցմահ դատապարտվածներ Սողոմոն Քոչարյանը եւ Մհեր Ենոքյանը պարանով պետք է իջած լինեն ՔԿՀ վարչական շենքի տանիք եւ այնտեղից նոր միայն փախուստի դիմած:
Մյուս կողմից, երբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած գործընթացները դիտարկում ենք այն ֆոնին, որ ցմահ դատապարտվածների փախուստը ՀՀ իշխանական վերնախավի իմացությամբ է կազմակերպվել, ապա առավել հավանական է դառնում, որ Սողոմոն Քոչարյանի եւ Մհեր Ենոքյանի փախուստի հայտնի դետալներն ընդամենը փախուստի իմիտացիա ստեղծելու համար են: Այսինքն` հաշվի առնելով այն հանգամանքը, թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինչ իրավիճակ է եղել, իրավապահ համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրները չեն բացառում, որ ցմահ դատապարտվածները ոչ թե ճաղեր են կտրել, պարանով տասնյակ մետրեր իջել, հետո կտուրների վրայով աննկատ անցել, այլ պարզապես ՔԿՀ-ի մուտքերից մեկով, ինչ-որ մարդկանց հետ, գաղտնի եւ աննկատ դուրս են եկել: Իսկ ՔԿՀ աշխատակիցներին մեղադրելը եւ նրանց քավության նոխազ դարձնելը լիարժեք տեղավորվում է վերը բերված տարբերակի տրամաբանության մեջ: Ասենք` ուժային կառույցների ինչ-որ աշխատակիցների աջակցությամբ կազմակերպված փախուստի դեպքում ցմահ դատապարտվածների հայտնաբերելը գործնականում կարող անհնար դառնալ: Ուստի, եթե փախուստը հենց այդպես է տեղի ունեցել, եթե անգամ ցմահ դատապարտվածները չօգտագործվեն այն նպատակով, ինչի համար ինչ-որ մարդիկ նրանց ՔԿՀ-ից դուրս են հանել, ապա առավելագույնը` մի օր կարող է հայտնի դառնալ, որ իրավապահները նրանց հայտնաբերել են, բայց` սպանված վիճակում: Իրադարձությունների նման զարգացման դեպքում կարող է հայտարարվել, որ դատապարտվածներին ձերբակալելիս նրանք, ասենք, դիմադրություն են ցույց տվել, ինչի արդյունքում էլ իրավապահները ստիպված են եղել նրանց «վնասազերծել»:
Էջանիշներ