ԴԱՏԱՎՈՐԸ ԳԻՆԴ ԷՐ ԿՊԵԼ
Երեկ «Օգոստոս» գործակալության դեմ «Գինդ» ՍՊԸ-ի ներկայացրած հայցով դատավարության հերթական նիստն էր: Միանգամից ասենք` ուրախ անցավ: Երեւի արժե հիշեցնել, թե ինչի մասին է խոսքը: Բանն այն է, որ «Գինդ» տպարանի տնօրեն Կարեն Ավետյանը, ինչպես հայտնի է, մի քանի ամիս առաջ աջ ձեռքի ցուցամատով քչփորել էր իր մարմնի ամենաինտելեկտուալ հատվածը, ապա հոտոտել այն (ցուցամատը նկատի ունենք), որոշել, որ «Չորրորդ իշխանություն» թերթը տպարանին փող է պարտք, եւ դիմել դատարան:
Կարեն Ավետյանի այս անսպասելի եռանդն, իհարկե, զուտ մարդկայնորն հասկանալի է. ճգնաժամի արդյունքում օդեկոլոնները եւ պեդիկյուրի ծառայությունները թանկացել են, հետեւաբար` յուրաքանչյուր իրեն հարգող տպարանատեր իրավունք ունի մտածել հավելյալ եկամուտների մասին (մանավանդ որ «Գինդ» տպարանը ձեռք է բերվել արեւմտյան գրանտների միջոցներով, իսկ արեւմտյան գրանտատուները բարձր են գնահատում օդեկոլոնների եւ պեդիկյուրի սիրահար տղամարդկանց): Ինչեւէ:
Բայց այն, ինչ արեց դատավոր Գագիկ Խանդանյանը, վեր է ամեն երեւակայությունից: Այդ արժանապատիվ պարոնը (որի մտերմությունը Սամվել Մայրապետյանի հետ, հուսով ենք, չի հարուցի Գոհար Քյալյանի զայրույթը) երեկ մի զարմանահրաշ որոշում կայացրեց; Բանն այն է, որ հայցվոր կողմը (հուսով ենք, որ Կարեն Ավետյանի դեպքում «կողմ» արտահայտությունը ճիշտ կընկալվի) միջնորդություն ներկայացրեց` պահանջելով, որ «Չորրորդ իշխանություն» թերթի տպագրումն ընդհանրապես արգելվի: Եվ պատկերացրեք` պրն Խանդանյանը բավարարեց այդ միջնորդությունը եւ որոշում ընդունեց, որի համաձայն` «Հայաստանի բոլոր տպարաններին» արգելվում է տպագրել այդ թերթը: Չէ, մենք հասկանում ենք, որ պաթոլոգիկ ապուշությունը ոչ թե իրավաբանական, այլ առողջապահական կատեգորիա է, բայց ամեն դեպքում` արժե անդրադառնալ նաեւ խնդրի իրավաբանական կողմին:
Ի՞նչ է տեղի ունեցել իրականում: Կարեն Ավետյանը, մեղմ ասած, «գինդ է կպել» եւ որոշել է դատի տալ «Օգոստոս» գործակալությանը: Թե ինչով կավարտվի այդ դատը` դեռ հայտնի չէ, բայց այդ ընթացքում մեկ այլ ընկերություն ցանկություն է հայտնել տպել «Չորրորդ իշխանություն» թերթը, եւ այդպես էլ վարվել է: Դատավորն էլ առանց երկար-բարակ մտածելու որոշել է, որ այդ մեկ այլ ընկերությունն «Օգոստոս» գործակալության իրավահաջորդն է (տեղեկացնենք, որ իրավահաջորդ ունենում են միայն հանգուցյալները, իսկ «Օգոստոս» գործակալությունը ոչ միայն ողջ-առողջ է, այլեւ հանդիսավորապես պարտավորվում է հոգալ «Գինդի»հուղարկավորության ծախսերը): Ավելին. դատավորը որոշել է «նավսյակի» արգելել նաեւ բոլոր մյուս ընկերություններին (երեւի բոլոր մյուս ընկերությունները նույնպես «Օգոստոսի» իրավահաջորդն են): Եթե այսպես շարունակվի, Էրազմ Ռոտերդամցու «Գովք հիմարության» գրքի այս քայլող իլյուստրացիան երեւի իր հաջորդ որոշմամբ «Հայաստանի բոլոր մյուս քաղաքացիներին» կարգելի կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթը, բայց սա, կրկնում ենք, դատաբժշկական ատյանների խնդիրն է:
Արդյո՞ք կարելի է այս ամենը որպես քաղաքական պատվեր գնահատել: Ակնհայտորեն, խոսքն իսկապես քաղաքական պատվերի մասին է, բայց սա, եթե կարելի է այդպես ասել, այնքան էլ ստանդարտ պատվեր չէ: Բանն այն է, որ պատվիրատուները, որպես կանոն, կատարողներից ավելի խելացի են լինում եւ նման ախմախ պատվերներ չեն տալիս, հետեւաբար` այս անգամ պատվերը «ներքեւիցե է եղել: Ըստ երեւույթին Կարեն Ավետյանը որոշել է ինչ-որ լավություն անել իշխանություններին, եւ ավելի խելացի բան չգտնելով` դեմ է տվել (սխալ չհասկանաք) իր ունեցած ամենագայթակղիչ բանը` «Չորրորդ իշխանություն» թերթի հրատարակչին դատի տալու հնարավորությունը: Դատավորն էլ իր հերթին երեւի մտածել է, որ եթե իրեն այդպիսի բան են դեմ տալիս (սխալ չհասկանաք), ուրեմն` անպայման պետք է օգտվել: Արդյունքում` դատավորի եւ Կարեն Ավետյանի սերտ համագործակցությունը սկսվել է (սխալ չհասկանաք) եւ շարունակվում է: Վստահեցնում ենք սակայն, որ այս համատեղ ակտը հազիվ թե որեւէ ազդեցություն ունենա «Չորրորդ իշխանություն» թերթի հետագա ճակատագրի վրա: Ավելին. եթե նրանք այդ գործընթացից հաճույք են ստանում, մեզանից «հասնում է» ընդամենը երաշխավորել պրոցեսի շարունակականությունը:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա ակնհայտ է, որ այս ամենը միայն մի նպատակ ունի` կասեցնել «Չորրորդ իշխանություն» թերթի գործունեությունը: Ակնհայտ է նաեւ, որ պատվիրատուն իշխանություններն են, իսկ թե կոնկրետ ով` առայմ դժվարանում ենք ասել: Մեզ մնում է ընդամենը պարզել, թե ով է ամենաշատը «գինդ կպել» մեր թերթի հրապարակումներից:
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ
Էջանիշներ