«Չորրորդ իշխանություն» -ը չի տպագրվի՞
20:15 | Նոյեմբեր 09, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության 4 աշխատակից առավոտվանից «Չորրորդ իշխանություն» օրաթերթի խմբագրությունում էին, որտեղ փորձում էին օրաթերթի խմբագիր Շողեր Մաթեւոսյանին հանձնել թերթի տպագրությունը արգելելու մասին որոշումը:
«Ժամը 14-ին մոտ եկա խմբագրություն: Նրանք ինձ հանձնեցին ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարողի որոշումները, համաձայն որոնց արգելվում է «Չորրորդ իշխանություն» թերթի տպագրությունը: Ես հրաժարվեցի դրանք վերցնել, բացատրելով որ «Չորրորդ իշխանություն»-ը իրավաբանական անձ չի համարվում» ,-«Ա1+»ի հետ զրույցում ասաց Շողեր Մաթեւոսյանը:
Ըստ նրա, ԴԱՀԿ աշխատակիցները որոշել են հենց խմբագրությունում սպասել «Օգոստոս գործակալություն» ՍՊԸ տնօրեն Մհեր Ղալեչյանին եւ «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ տնօրեն Դավիթ Մաթեւոսյանին /նա Շողեր Մաթեւոսյանի եղբայրն է/: Նույնիսկ այցելել են Մաթեւոսյանների բնակարան: «Նրանց բացատրեցի, որ Մհեր Ղալեչյանը հազվադեպ է գալիս այստեղ, իսկ Դավիթ Մաթեւոսյանը Երեւանում չէ, սակայն նրանք շարունակեցին մնալ խմբագրությունում»,-պատմեց Շողեր Մաթեւոսյանը:
Հիշեցնեք, որ «Գինդ տպարան» ՍՊԸ-ն դատական հայց էր ներկայացրել Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Օգոստոս գործակալություն» ՍՊԸ- ի, որը հենց տպագրում է «Չորրորդ իշխանություն» օրաթերթը: Ըստ հայցի` խմբագրությունը իրենց պարտք է 1 մլն 800 հազար դրամ,որը, սակայն, ըստ Շողեր Մաթեւոսյանի, անհիմն էր:
Նոյեմբերի 6-ին կայացած դատական նիստի ժամանակ դատավորը որոշել էր ընդունել հայցվոր կողմի միջնորդությունը եւ ընդհանրապես արգելել «Չորրորդ իշխանություն» թերթի տպագրությունը ոչ միայն վերոհիշյալ ընկերություններում, այլեւ բոլոր այլ տեսակի տպարաններում:
«Մի բան է անհասկանալի: Ի՞նչ է նշանակում արգելել բոլոր այլ տպարաններին: Մի՞գուցե, ասեին աշխարհի այլ տպարաններին, կամ այլ երկրներում, կամ արգելեն այլ քաղաքացիներին կարդալ մեր թերթը»,-«Ա1+»-ին վրդովված ասաց Շողեր Մաթեւոսյանը:
Ըստ նրա, եթե գործընթացին սկզբում վերաբերում էին անլուրջ, ապա հիմա համոզված են' դատավորները քաղաքական պատվեր են կատարում: «Եթե պատվեր են կատարում, գոնե պետք է ունենան այնպիսի լուրջ հիմքեր, որ ծիծաղ չհարուցեն»,-ասաց նա:
Շողեր Մաթեւոսյանը նաեւ տեղեկացրեց, որ «Չորրորդ իշխանություն» օրաթերթը շարունակելու է տպագրվել:
Էջանիշներ