Յուսուֆ Իդրիսի մտքերը թատրոնի վերաբերյալ
«Դեպի եգիպտական թատրոն» հոդվածաշարից
Ինչ վերաբերվում է թատրոնին, ապա դա հավաք է, որում պարտադիր է ներկաներից յուրաքանչյուրի մասնակցությունը... Պարտադիր է երկու տարրերի առկայությունը` առաջինը` համախմբում և համախմբված ներկայություն, և երկրորդը` ամբողջ կոլեկտիվի կողմից որևէ աշխատանքի կատարում:
Այսպիսով, անհրաժեշտ է, որ արվեստը` արվեստի ցանկացած տեսակ, ունենա հող, որից աճի և որի վրա կանգնի, անհրաժեշտ է, որ այն հիմնականում ուղղված լինի այդ հողի բնակչությանը... համաշխարհայնությունը գրականության մեջ անհեթեթություն է: Յուրաքանչյուր գրող, ով փորձում է գրել գրականություն, որը կարդա ողջ աշխարհը և ազդվի դրանից, վերլևանտյան գրող է և չի կարող անկեղծ լինել ոչ իր հետ, ոչ էլ այն ժողովրդի հետ, որը նրան աճեցրել, ուժ և կրթություն է տվել: Նյութը, որի մասին նա գրում է, չի կարող իրական լինել, որովհետև արվեստի և գրականության նյութը մարդն է, և մինչև այժմ չի գտնվել այդ համաշխարհային մարդը` կախված երկրագնդի եթերում և չկապված որևէ հայրենիքի կամ ժողովրդի, կամ էլ ժամանակի ու տեղի հետ:
Արվեստում չկան ձևեր և բովանդակություն. բովանդակությունը ձև է, և ձևը բովանդակություն է:
Եթե կա ժողովուրդ, ապա նրա կենսական առանձնահատկություններն ու գոյության անհրաժեշտ պահանջներն են ուտելը, խմելը, պարելը, ծիծաղելը և նաև թատերայնանալը:
Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր հանդիսատես և դերասան` յուրաքանչյուր ներկա, զգա, որ ինքը ազատորեն մասնակցում և համագործակցում է թատերայնացման վիճակի ստեղծմանը և դրա բովանդակությանը:
Անհրաժեշտ է, որ լուծարվի պատրաստի պիեսը, որին սովոր են, և նրանք (այսինքը` հանդիսատեսները) զգան, որ պիեսը հորինվում է իրենց առաջ, և իրենք կարող են մտնել դրա հորինման, փոփոխման և փոխարինման գործընթացի մեջ: Անհրաժեշտ է, որ լուծարվեն ներկայացումը և ներկայացման դիտումը: Անհրաժեշտ է, որ բոլորը հանեն իրենց արտաքին էությունները և դուրս բերեն իրենց թաքնված մարդկային բնույթը, որպեսզի բոլորը համախմբվեն, կազմվի մեկ միասնական հասարակական էություն, որը և կվայելի թատերայնացումը:
«Ալ-Ֆարաֆիր» պիեսից
Մենք թատրոնում ենք. թատրոնը տոնակատարություն է, մեծ հավաք, փառատոն, շատ մարդիկ, մարդիկ` ադամորդիներ, որոնք թողել են իրենց խնդիրները դրսում և եկել են երկու-երեք ժամ արելու միմյանց հետ` որպես մարդկային մեծ ընտանիք:
Էջանիշներ