Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ նրան մոտեցավ մի կին ու հարցրեց. «Տասներեք հազար դրամ թոշակով ես կարող ե՞մ ապրել» , իսկ հետո խորհուրդ տվեց հույսը դնել միայն Ասստծո վրա: Իսկ Աստված վերևում հառաչեց. «Էլի մեկը, որ ինձ սխալ է հասկացել»:
...
Արտոն արթնացավ սովորականից ավելի շուտ ու որոշեց. «Էսօրվանից ես փոխում եմ կյանքս: Թարգում եմ ծխելս. մեկ: Գտնում եմ ինձ գործ. երկու: Աշխատավարձս տալիս եմ մամային. երեք: Գտնում եմ ընկերուհի. չորս: Ամուսնանում եմ. հինգ, մնացածը հետո...»
Նա ինքն իր մտքերի վրա կիսատ քմծիծաղ տվեց ու որոշեց առայժմ կենտրոնանալ առաջին երկուսի վրա:
_Մա՛մ, սուրճ տու՛ր մի հատ:Մա՛մ ջան, չմտածե'ս, էսօրվանից ամեն ինչ սկսվում ա փոխվել:
Մայրը ժպտաց` հասկանալով ընդամնեը, որ որդին աջ ոտքից է արթնացել:
Սուրճը խմելիս Արտոն մեխանիկորեն վառեց ծխախոտը, հանկարծ հիշեց ծխելը թարգելու որոշման մասին ու հանգցրեց այն: Այս հանգամանքը չվրիպեց մոր աչքից: Նա նորից ժպտաց` հույսով, որ սա ոչ թե ժամանակավոր գրազ է, այլ իսկապես վերջնական որոշում:
Ռեզյումե ունի, Անգլերենը դեռ չի մոռացել, համակրգչին տիրապետում է, երիտասարդ է, աշխատանքային փորձ չունի:
«Ըհըն, մնում ա սկսենք, ինչի՞ց»:
Սկզբում ռեզյումեն ուղարկեց տարբեր գրասենյակների մեյլերին: Հետո կոորդինատներ թողեց աշխատանք առաջարկող-գտնող-դասավորող տարբեր կայքերում և վերջապես հազար ու մի գործակալություն գնաց, մի քանի տեղ երկու հազարական դրամներ թողեց ու հասկացավ, որ ամեն տեղ չգիտես ինչու գեղեցկադեմ աղջիկ են ուզում, իսկ ինքը սեռը փոխել չի պատրաստվում:
«Որ շատ փնտրես, կգտնես»-հիշեց, մեկը ասել էր: Փնտրեց, փնտրեց, ամեն տեղ խոստացան զանգել ու հանկարծ հեռախոսը երկկողմանի արգելափակվեց: Այդ ժամանակ նա որոշեց գրավ դնել վերջին զանգին նվեր ստացած ոսկե շղթան ու վճարել հեռախոսի պարտքը, որ մարդ ես, մեկ էլ տեսար զանգեցին :
...
Իսկ այնուհետև սկսվեցին մեկը մյուսին հաջորդող խնդիրները, մինչդեռ աշխատանք չկար ու չկար, բացի ժամանակավոր բանվորություններից:
ԸստԱրտոյի հաշվարկի՝ տարեկան մի քանի հազար ուսանող է ավարտում զանազան պետական ու ոչ պետական բուհեր: Ամեն դեպքում համեմատական կարգով այս հազարների մեջ իսկապես գտնվում են անփորձ մասնագետներ: Սակայն նրանցից ևս աշխատանք ընդունելու համար հաճախ պահանջում են աշխատանքային փորձ ու մինչ անհատը ձեռք կբերի այդ փորձը, հազար ու մի փորձանքի կհանդիպի, իսկ հետո եթե բախտը ժպտա, կսկսի զանգերի պատասխանել ասենք վիվասելում` լինելով պատմաբան, իրավաբան, արվեստաբան, կամ մեկ այլ բան...
Եվ արդյոք այս մեծ մրցակցության մեջ ում բախտի բախտը կբերի , դժվար է ասել, իսկ շատերը գուցե մոգոնեն` խելացին միշտ էլ պահանջարկ ունի, իսկ գործազրկությանը նպաստող «ատյանները» գուցե աղոթեն, որ խելացիները հնարավորինս քչանան...
Դժվար է ասել, թե այս երկրում որտեղ են պետք խելացիները, որտեղ հիմարները, բայց հիմար լինելու համար ևս բավականին խելք է պետք, եթե հաշվի առնենք այն պաշտոնները, որ ինչ-որ կերպ զբաղեցնում են ոմանք: Բայց որպեսզի այն ամենը, ինչ պատմում եմ սոսկ քննադատություն չթվա, հետևենք ընթացքին:
Արտոն, գլուխը բռնած, այս ու այն կողմ էր դիմում ու դիմում: Մոր առողջությունը լավ չէ, հարևանները հաճախ են նետում` թուլամորթ է, իսկ ընկերուհի չի կարող ունենալ, որովհետև ինքը հաճախ ոտքով կիլոմետրեր է կտրում, որ երթուղայինի համար փող չծախսի: Արտոն նայում է շուրջը: Նա միակը չէ, եթե դատենք մարդկանց հայացքներից:
«Ի՞նչ է պետք քեզ, իմ քաղա՛ք, ի՞նչ, որ քեզ լքե՞ն...»
Եվ հանկարծ մի օր նրան զանգում են ինչ-որ «գրասենյակից». հագուստի բիզնես է: Նա այնքան տեղեր է ուղարկել իր մասին ինֆորմացիան, որ արդեն չի հիշում, թե այս բիզնեսի մասին որտեղ է կարդացել ու դիմել: Իսկ հետո միտքն է գալիս...գինդում պահանջում էին դիզայիներ: Մոռացա ասել... նա ավարտել է ճարտարագիտական համալսարանը՝ ճարտարպետության բաժին , շատ լավ դիզաիներ է, բայց կահույքի և սա դեռ բավական չէ նրան հրավիրում են «դիզաինելու» հագուստ...
Գնում է ասված հասցեով: Ինչ-որ խուլ գործարանատիպ տեղ է:
Նրան դիմավորում է մի թմբլիկ կին` կարմիր այտերով ու մեծ քթով:
_Անգելերեն գիտե՞ս,-առաջին հարցը:
_Գիտեմ
_Ո՞նց
_Այսի՞նքն
_Լա՞վ, վա՞տ, միջի՞ն
_Լավ
_Բա ո՞նց իմանամ , ի՞նչ երաշխիք ունեմ, թոյֆլ հանձնել ե՞ս...
_Ինչի՞ համար...չէ...ես կարող եմ Ձեզ հետ խոսել, դուք ըստ այդմ պարզեք, թե ոնց գիտեմ:
Կինը լռում է...ի՞նչ խոսել...ախր նրա իմացած միակ օտար լեզուն սովետից խեր մնացած ռուսերենն է:
_Չէ...կարա՞ս բաճկոն նկարես, տեղական ապրանք ենք ուզում սարքենք:
_Կարող եմ...ես լավ եմ նկարում:
_Ինձ պռոստը խուդոժնիկ պետք չի, կարգին ստիլնի բաներ:
_Խնդիր չկա:
_Դե հիմա ամենակարևորը. պիտի փորձաշրջան անցնես, մի ամիս կաշխատես, դուրներս կգաս, կպահենք...
Մեկ ամիս Արտոն աշխատում է...բաճկոններ է նկարում, դերձակները կարում են: Պատվերներ է ընդունում ըստ ճաշակի և ամենակարևորը չկա պայմանագիր, ինքն էլ գրանցված աշխատող չէ, այսինքն ամեն վայրկյան կարող են նենգաբար դուրս շպրտել և բացատրություն չտալ: Բայց քանի որ մեր երկրում սոցիալական ցածր /բարեկեցության իմաստով/ խավը հենվում է բախտի քմահաճույքի, ոտքի վրա ընդունված օրենքի և ավելի հաճախ դիմացինի խղճի վրա, Արտոն նման երկրորդական բաների մասին չի մտածում, նա աշխատում է, աշխատում, գծում, ջնջում, փոխում, և կահույքի դիզաիներից, ով ավարտել է ճարտարապետության բաժինը, դառնում հագուստի դիզաիներ և հետզհետեմոռանում անգլերենը, քանի որ այն իհարկե պետք չի գալիս:
Անցնում է մեկ ամիսը: Նա հեռացված է աշխատանքից: Գումա՞ր..տալիս են սիմվոլիկ քսան հազար դրամ: Պատճառը՝ նոր, ավելի լավ դիզաիներ է գտնվել:
Իսկ երբ օրերից մի օր հանդիպում է իր հին ընկերոջը, պարզվում է, որ իրեն փոխարինել են նրանով:
Այդ ժամանակ նա պատմում է իր հետ կատարվածը՝ համոզված լինելով, որ ընկերոջ հետ էլ նույնկերպ կվարվեն, իսկ ընկերը մտածում է. «աչքիս էս մի հոգավորը իրոք լավ չի աշխատել, հիմա էլ տակս ա փորում, մյուս կողմից էլ եթե ճիշտ ա ասում, քսան հազարն էլ քիչ փող չի»...Շատերն այսպես մտածելիս անմիջապես ավելացնում են՝ չեղած տեղից:
Արտոն հուսահատված վերադառնում է տուն:
«Չէ, ձև ա պետք անել...թողնում եմ գնամ...էտ ա՞... արտագաղթը...ինչ որ ա...թողնում եմ գնամ: Կա՛մ ես անհաջողակ եմ, կա՛մ ծայրաստիճան դեբիլ, կա՛մ...ո՞վ ասեց է, որ ես ուզում էի թարգել ծխելը, ես ուղղակի ծխախոտի փող էլ չունեմ»: Այս մտքերը տանջում էն նրան: Գնալ, լավ, իսկ ու՞մ թողնել հիվանդ մորը: Իսկ ու՞մ թողնել երկիրը...իսկ գերեզմանը՞ հոր...
Զանգում է հեռախոսը: /այս մեկը փաստորեն օդի ու ջրի պես հարկավոր է և հետո հարգանքի ու պատվի նշան է մեր օրերում/
_Արտո՛ ջան, անձնագիրդ մոտդ է՞
_Հա, մա՛մ ջան
_Մի հատ մտի՛ր բանկ, քեռիդ փող է ուղարկել:
Քեռին փող է ուղարկել: Ամերիկայի քեռին:
«Յոլա կգնանք»-մտածում է Արտոն,-«Մինչև...հեռանալու համար եքա փող ա պետք...»
Իսկ մինչ Ամերիկայից էլի փող կգա...մի տեղ մի հատ փորձաշրջան կգտնվի...փորձաշրջան, ոչ թե աշխատանք...
...
Հեռուստացույցով մեկը հայտարարում է. «Հայաստանում գործազուրկների թիվը պակասել է»: Հիմարները ուրախանում են, խելոքները հառաչում. «ուրեմն շատացել է արտագաղթը»:
Էջանիշներ