Խնձորը միաժամանակ և միրգ է, և դեղ: Այն օգտակար է և հիվանդների, և առողջների համար, սա մենք վաղուց գիտենք: Այնուամենայնիվ, խնձորի իրական օգտակարությունը գնահատել կարող են միայն նրանք, ում սեղանին այս միրգը հայտնվում է կանոնավոր կերպով:
Օրգանիզմի վրա խնձորի ազդեցությունը արտահայտվում է մի քանի ուղղություններով.
- այն նպաստում է արյան մեջ խոլեստերինի քանակի նվազմանը,
- կարգավորում է մարսողությունը,
- կրճատում է բազում հիվանդությունների, մասնավորապես՝ ինֆարկտի և այլ սրտանոթային հիվանդությունների, շագանակագեղձի քաղցկեղի և այլ քաղցկեղային ուռուցքների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, ասթմայի առաջացման հավանականությունը:
Խնձորն ու խնձորի հյութը կանխարգելում են անոթներում խոլեստերինի առաջացումը: Բանն այն է, որ խնձորի բաղադրության մեջ պարունակվող բջջաթելերի չլուծվող մոլեկուլները կպչում են խոլեստերինին և նպաստում օրգանիզմից նրա արտամղմանը՝ այդպիսով կրճատելով անոթների խցանման, սրտային նոպաների առաջացման հավանականությունը: Խնձորի մեջ կան նաև լուծվող բջջաթելեր, որոնք կոչվում են պեկտիններ: Ահա այս պեկտիններն էլ նպաստում են երիկամից խոլեստերինի արտամղմանը: Խնձորով բեռնաթափման օրերը (1.5-2 կգ թարմ կամ եփած խնձոր՝ 1 օրվա ընթացքում) օգնում են պայքարել սրտային և երիկամային այտուցների դեմ:
Հետազոտությունները վկայում են, որ օրական 2 խնձոր օգտագործելու դեպքում խոլեստերինի մակարդակը նվազում է 16%-ով, իսկ այդ նույն 2 խնձորը մեկ միջին չափի գլուխ սոխի և 4 բաժակ կանաչ թեյի հետ զուգորդելու դեպքում 32%-ով կրճատվում է սրտային նոպայի առաջացման հավանականությունը:
Խնձորը նպաստում է մարսողության կարգավորմանը և վերոհիշյալ բջջաթելերի շնորհիվ, որոնք օրգանիզմից դուրս են մղում վնասակար նյութերը, կանխարգելում է փորկապությունը: Թարմ քերած խնձորը լուծի դեմ պայքարի լավագույն միջոցն է:
Կալիումական աղերի շնորհիվ այն հանդիսանում է թեթև միզամուղ և շատ արդյունավետ ազդեցություն է ունենում երիկամային հիվանդությունների ժամանակ: Խնձորը խորհուրդ է տրվում պոդագրայով, միզաքարային հիվանդությամբ տառապող անձանց:
Խնձորը շատ օգտակար է տարեցների համար, որոնց մոտ ստամոքսահյութի թթվայնությունը հաճախ նորմայից ցածր է լինում: Խնձորի օգնությամբ նրանց մոտ կարգավորվում է նաև աղիների աշխատանքը:
Վերջին 4 տարիների ընթացքում տարբեր կլինիկաներում անցկացված հետազոտությունները գիտնականներին հիմք են տվել եզրակացնելու, որ թարմ խնձորի պարբերաբար օգտագործումը զգալիորեն նպաստում է քաղցկեղային հիվանդների վիճակի բարելավմանը հիվանդության զարգացման տարբեր փուլերում:
Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի գիտնականների կողմից իրականացված գիտափորձերը վկայում են, որ խնձորը բարենպաստ է ազդում թոքերի վիճակի վրա: Օրինակ, Ուելսի գիտնականները պնդում են, որ շաբաթական գոնե 5 խնձոր ուտող մարդու շնչառական համակարգը գործում է շատ ավելի լավ, քան նրանցը, ովքեր բոլորովին խնձոր չեն ուտում: Հենց այդ նույն շաբաթական 5 խնձորը, ըստ Նոթինգհեմի համալսարանի հետազոտողների, զգալիորեն կրճատում են շնչուղիների սուր հիվանդությունների առաջացման հավանականությունը: Ավելին, Քրոնինգենի համալսարանի գիտնականները հավաստում են, որ խնձորը միակ միրգն է, որը կարող է օգնել ծխողներին՝ կրճատելով քրոնիկ թոքային հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Խնձորի դիետան շատ արդյունավետ է հիպերտոնիայի ժամանակ: Երկաթի բավականաչափ պարունակության շնորհիվ այն կարող է կանխարգելել սակավարյունությունը, և հենց նույն հատկության համար այն կիրառվում է որպես աղջիկների մոտ «անեմիկ» գունատության բուժման միջոց: Եթե խնձորը կտրելուց հետո այն արագ մգանում է, դա նշանակում է, որ այն շատ օգտակար է արյունատար անոթների փխրունությամբ տառապող մարդկանց համար:
Ի վերջո, խնձորը շատ լավ միջոց է նրանց համար, ովքեր որոշել են ազատվել ավելորդ քաշից: Այս միրգը բջջանյութի (ցելյուլոզա) անսպառ աղբյուր է, և հենց դրա շնորհիվ էլ նպաստում է մարսողական համակարգի աշխատանքին և ավելորդ քաշից ազատվելուն: Ընդ որում, խնձորը գրեթե չի պարունակում ճարպեր և խոլեստերին, այնպես որ կարող եք հանգիստ վայելել այս համեղ միրգը և, միաժամանակ, դառնալ ավելի բարետես:
Հիշեք, որ խնձորն ավելի լավ է օգտագործել թարմ և չեփած վիճակում, սակայն թեթևակի ջերմամշակումից հետո էլ այն դեռևս պահպանում է իր օգտակարությունը: Աշխատեք խնձորն ուտել կեղևով, քանի որ հենց կեղևի մեջ է խտացած պեկտինի և մյուս բջջաթելերի հիմնական մասը:
Հ.Գ. գնամ խնձոր ուտեմ![]()
Էջանիշներ