Ստորաքարշության սիմֆոնիա
Նոյեմբեր 26, 2009



Այս ամսվա սկզբին «մեծանուն» հայ կինոռեժիսոր, բացառապես «Օսկարի» հավակնորդ Վիգեն Չալդրանյանը ներկայացրել է իր նկարահանած «Մաեստրո» ֆիլմը: Այն դիտելու հնարավորություն է ունեցել դեռեւս միայն «էլիտար» հանդիսատեսը: Սակայն դատելով այդ ֆիլմի մասին պատմող հեռուստատեսային ռեպորտաժներից, կարելի է չկասկածել` այն շուտով կցուցադրվի բոլոր հեռուստաընկերություններով, կցուցադրվի երեւի բազմաթիվ անգամներ, քանի որ ճոռոմ լիրիկական զեղումներով «Մաեստրոն» իր մեջ խտացնում է պետական քարոզչության այն ողջ մաղձը, որը հեղվում էր անցած տարվա նախագահական ընտրություններից հետո Երեւանի կենտրոնում տեղի ունեցող բազմահազարանոց հանրահավաքներին ի պատասխան: Չալդրանյանն իր ֆիլմում կերտել է մի վեհ, գրեթե երկնային կյանքով ապրող, անարդարության դեմ երաժշտության հնչյուններով իր մեջ պայքարող, «միայն իր գործը լավ անող» դիրիժորի, որին, պատկերացնում եք... խանգարում են հանրահավաք անող «շարքային» մարդիկ: Ընդ որում, «արվեստի բարձունքներից» շարքային մարդկանց ստորացնող այս ֆիլմի վրա ծախսված գումարների ինչ-որ մասը տրամադրվել է նույն այդ քաղաքացիների միջոցներով գոյացած պետբյուջեից` «Ազգային Կինոկենտրոն» կոչվող կառույցի կողմից: Խնդիրն այստեղ ոչ թե ռեժիսորի քաղաքական հայացքներն են, այլ այն, որ իշխանությունների բարեհաճությանն արժանանալու մոլուցքը իրենց «մտավորական» համարող շատերի մոտ կարող է հասնել անսահմանության: Ընդ որում, «Մաեստրոյի» հեղինակներին այդ առումով չէին զիջում այդ ֆիլմի մասին տեսախցիկների առաջ հոգեցունց կարծիքներ արտահայտող մյուս «մտավորականները»: Որոնց մեծ մասը, ի դեպ, մասնավոր զրույցներում ուղղակի գարշանքով է խոսում այդ ֆիլմի մասին: Բարեբախտաբար, դեռեւս կան մարդիկ, ովքեր նման տհաճ երեւույթների վերաբերյալ կարծիք հայտնելուց չեն հրաժարվում: «Մեր հանրապետությունը հիմա վատ վիճակում է, եւ սեփական անձը հասարակությունից վեհ համարելը ճղճիմ վարք եմ համարում»,- մեր թղթակցի հետ զրույցում խոսելով այդ ֆիլմի մասին՝ ասել է գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը:
168 Ժամ