ՄԵՐ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՄԵԶ

Արվեստը տարբեր հարթություններ է ունենում:Երեկվա հարցերին պետք էր երեկ պատասխանել:
Երբ ուզում ես չափանիշ ունենալ, մտածիր չափանիշի չափանիշի մասին:
Ինչո՞ւ եւ ե՞րբ են մարդիկ փշրում հայելիները:
Դուք սիրո՞ւմ եք ձեր քաղաքը:
Իսկ դուք պատրա՞ստ եք ճշմարտության: Ոչ ապրիորի: Ոչ համամարդկային: Ոչ անբեկանելի: Պարզապես ճշմարտության:

Պարբերաբար որեւէ արվեստագետ հավաքում է իր մեջ իր ժողովրդի անցած ժամանակների ու ապրած օրերի ամբողջ անելքությունը, անօգնականությունը, հզորությունն ու խելառությունը, պատուպատ խփվելով իմաստի ու նպատակի որոնումները, տեր լինելու ու ապրելով ապրելու երազները, հավաքում է, զտում հարդը ցորենից, որոմը հացից ու ամալգամ դարձրած ծեփում է օրերի ապակուն՝ նայեք, տեսեք ձեզ ու ձեզ:

Պարբերաբար գտնվում է մեկը հազարներից, որ հերքում է հանուրի օրենքները, փոխելով հարթությունը՝ հատում է զուգահեռները, հայտնագործում է Ա եւ Բ կետերը միացնող ոչ ամենակարճ, այլ՝ ամենաճիշտ ճանապարհը, հանկարծ սկսում է անուններ տալ իրերին ու երեւույթներին, ու պարզվում է, որ մենք բոլորս մոռացել էինք նրանց նախնական տեսքը, ձեւը, համը, էությունը: Նրանց չեն հասկանում, որովհետեւ ավելի հեշտ է ճշմարտությունը չհասկանալ, քան՝ ընդունել: Նրանց արագ ու հեշտ հասկանում են օտարները, որովհետեւ օտարները նրանց ճշմարտությունը տեսնում են առանց ցավի, տեսնում են իբրեւ օտար՝ չեն ապրումակցում, գնահատում են, եւ նրանց համար դժվար չէ տեսանելին տեսնել, որովհետեւ աչքի ու տեսնելիքի միջեւ չունեն ազգային ընկալման նախապատմությունը:

Ես կունենամ հնարավորություն Վիգեն Չալդրանյանին հարցնելու՝ ինչո՞ւ, «Մաեստրո», եւ ինչ էլ նա պատասխանի, չեմ թաքցնի իմ վերնագիրը՝ «Վերադարձ»: Վերադարձ, որովհետեւ «Մաեստրոն» ֆիլմ է, որ ինձ վերադարձնում է ինձ: Անկախացածիս, թույլիս ու ուժեղիս, ժամանակի հարցերի ու ժամանակի պատասխանների մեջ շփոթվածիս, հաղթողիս ու պարտվողիս, կրակողիս ու կրակի տակ զոհվողիս վերադարձնում է իմ բնական պատկերը, ինձ՝ չափանիշ որոնողիս ցույց է տալիս չափանիշի չափանիշը: Վերադարձ, որովհետեւ վերջապես պիտի գտնվեր ինչ-որ մեկը, որ իմ առաջ պիտի հայելի դներ: Այո, ես իմ թուլությունից ու իմ անորոշ շփոթահարությունից կարող եմ ջարդել այդ հայելին, բայց փշրված ապակուց բացի՝ կա ամալգամը, որ այլեւս իմ ներսում է: Վերադարձ, որովհետեւ միայն այդպես ես կարող եմ հաղթահարել իմ այսօրվա երկատվածությունը: Եթե քաղաքական գործիչները որոնում են մարտի 1-ի էջը փակելու ձեւը, հնարն ու ժամանակն ու նույնիսկ երեսպաշտորեն կամ ինքնախաբեությամբ համարում են, որ փակել են, արվեստը բերում է իսկապես փակելու հնարավորությունը՝ ցավը պետք է ապրել ու հաղթահարել: Փոսը քողարկելով՝ որոգայթից չես խուսափի: Ոչ էլ շրջանցելով: Ոչ էլ ձեւացնելով, թե մոռացել ես նրա գոյությունը, ուրեմն՝ նա այլեւս չկա:

Ֆիլմի քաղաքական եւ ֆիլմի գեղագիտական հարթությունները շատ անհավասար են թվում առաջին հայացքից, փաստավավերագրական քաղաքականը ավելի ակնհայտ է, գեղագիտականը անորսալի է, նուրբ ու ֆիլմով չի ավարտվում: Գնահատելին գեղագիտական հարթությունն է, որովհետեւ այդ տարածքում են մարդկային փոխհարաբերությունները երեւակվում նաեւ իրենց ներմարդկային ու ներժամանակային էությամբ, այդ հարթության մեջ է, ի սկզբանե եւ ի վերջո նաեւ քաղաքականը, որը մենք չենք ընկալում, որովհետեւ թույլ ենք տվել մեզ համոզել ու հակված ենք կարծել, որ մենք ոչինչ չենք որոշում ու մեզնից ոչինչ կախված չէ:

Անկախության անցած տասնամյակներում մենք անընդհատ մեղադրում էինք արվեստագետներին՝ գրողներին, ռեժիսորներին, որ արվեստի փաստ չեն դարձնում ժողովրդի ու պետության կյանքում կատարված արմատական փոփոխությունը: Մեր ապրած կյանքը հասցրել էր մեզ տասնյակ հարցեր առաջադրել, պատասխանների մեր տարբերակը նրանցով հաստատել կամ հերքել էինք ուզում, իսկ նրանք, եզակի բացառություններով, կամ իրենք էին այդ պատասխանները պահանջում, կամ օմերտայի օրենքով լռում էին: Երկար էին լռում: Մոռանալով իրենց գործը՝ շատերը մեզ հետ խոսում էին քաղաքականության լեզվով: Ապարդյուն ջանալով նոր հարթության մեջ ունենալ նախկին տեղն ու դերը: Այդպես ազգն ու իր մտավորականը օտարացան միմյանց: Բարեբախտաբար՝ ոչ բոլորը: Դարձյալ բարեբախտաբար՝ շատերը: Որովհետեւ նրանց հեռանալով առավել հստակ դարձավ՝ ինչի ու ում կարիքն ունենք բոլորս: Ինչպես ապացուցված է՝ սուրբ տեղը թափուր չի մնում: Համենայնդեպս՝ երկար:

ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ

հոդվածն ամբողջությամբ՝ http://aravot.am/am/articles/guidepark/74233/view
ՆԵՐՎԱՅԻՆ ՄԱԵՍՏՐՈՆ ԵՎ ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ հոդվածը համարում եմ շատ ցինիկ… Էսպիսի արձագանքներ իհարկե ակնկալվում էին, բայց դե չէի կարծում, որ էստեղ մարդիկ դրա վրա հենվելով պիտի կարծիք կազմեին ֆիլմի մասին: Գևորգ Գևորգյանի խոսքերն էլ պետք չի հիմք ընդունել, որովհետև ասածն ակնհայտ ապուշություն է, մարդ է՝ չի հավանել ֆիլմը, պարզ բան: Ես չեմ ասում, թե շեդևր է /մարդիկ կան էդ էլ են ասում/, բայց ֆիլմը միանշանակ արժեքավոր է՝ բարձրացրած հարցերի համար… ասեմ՝ ես եղել եմ նկարահանման հրապարակում, դեռ նկարահանումներից առաջ էլ՝ ընկերներիս հետ ասիստենտ էինք էս ֆիլմում: Սցենարի քննարկումներից սկսած մեր մեջ էդ հարցը եփվում էր՝ ֆիլմը ի վերջո հարելու է որոշակի քաղաքական ուժի, թե՞ ոչ: Էն, ինչ քննարկումների ժամանակ ձևակերպում ու բացատրում էր Չալդրանյանը, էն էր, ինչի մասին մենք բոլորս երազում էինք՝ արվեստագետի անկախ քննադատակն հայացք դեպքերին: Նկարահանմանը զուգընթաց որոշ փոքրիկ բաներ փոխվեցին, բայց մենք տեսնում էինք, որ Չալդրանյանը փորձում է մնալ երկու բևեռների մեջտեղում… էն որ, վավերագրական կադրերի վրայից նոր ձայնագրություն է արվել, միանշանակ ճիշտ եմ համարում: Որովհետև ֆիլմը Լևոնի մասին չի, ֆիլմը ՀԱԿ-ի ու Սերժի մասին չի, անունները կարևոր չեն, երբ խոսքը գնում է ժողղովրդի ներսում եփվող հոսանքների, բողոքի ու կրքերի մասին: Կա ժողովուրդ, որը ցնորվել էր ինքն իր տարերքից, կա արվեստագետ, կա քաղաքի ոգին կրող նկարիչը... ու խոսքը արվեստագետի անձնական անհաջողությունների մասին չի, ֆիլմը քաղաքի օդում կուտակված բացասական լիցքերի մասին է, որ վարակում է բոլորին, կուլ է տալիս երկու կողմերին էլ: Հարցը մեղավոր-անմեղ փնտրելու մեջ չի, բոլորն էլ գիտեն ով էր ում հրաման արձակում. հարցը ինքներս մեզ հասկանալն է, ինչի՞ ոչինչ չի համընկնում էս քաղաքում այլևս, ինչի՞ ա կյանքը դուրս եկել իր հունից... մաեստրոն էլ ճիշտ չէր, ինքն իր ճշմարտությամբ էլ կուլ գնացին, որովհետև ստեղծվել էր մի վիճակ, որտեղ ճիշտ ու սխալ չկար. գաղափարական ճիշտն ահավոր ավարտի հանգեցրեց, ու դա ինձ իրավունք է տալիս մտածելու, որ դա էլ սխալ էր: Ասում եմ՝ եղել եմ նկարահանման հրապարակում, բայց ամենավերջնական արդյունքը տեսնելու առիթ դեռ չեմ ունեցել, չգիտեմ ինչ տպավորություն է թողնում ֆիլմը, բայց վստահ եմ, որ էս մակերեսային քննադատությունները ուղղակի բռնկուն "վիրավորված" էմոցիաների արդյունք են՝ առանց փորձելու հասկանալ, թե քեզ ինչ են ասում: Վիգեն Չալդրանյանին չեք սիրում՝ նորմալ է, ով ասես իր մասին ինչ ասես չի ասում, մերոնց էլ թողես՝ լսեն, հավատան, ձայն-ձայնի տան. բայց Միքայել Պողոսյանին հո շատ-շատերն են սիրում, բա մի պահ չեք մտածում էս մարդն ինչի՞ է էս դերը վերցրել՝ խիստ հոգեկան ապրումներով հարուստ, բարդ, տեղ-տեղ գռեհիկ: Իր համար հեչ խաղ ու պար չէր էս դերն իրականացնելը, ինքն էլ՝ իր կերպարի կայացմամբ, ֆիլմի համահեղինակ է. տեսնես ինչի՞…
Ես դեռ մի քանի ամսից հնարավորություն կունենամ ֆիլմը նորմալ դիտել, բայց մեկ է՝ էն ինչ հիմա գրեցի, կախված չէ դրանից, որովհետև գիտեմ, որ այս ամենն առկա է ֆիլմում ու գիտեմ նաև, որ մենք սիրում ենք անուններին կպած պիտակները ուռճացնել ու չփորձել դրանց ետևի կողմն էլ կարդալ: