Այսօր Երեւանի թիվ 10 ընտրատարածքում մեկնարկել է մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի ընտրությունը: Այս տարածքը թափուր է Խաչատուր Սուքիասյանի հրաժարականից հետո: Պատգամավորի համար պայքարում են երեք թեկնածու` 'Հայկական ժամանակ' օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, 'Ազգային միաբանություն' կուսակցության անդամ Արա Սիմոնյանը, Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:

Այս պահի դրությամբ լարվածություն է նկատվում հատկապես թիվ 114 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում, որտեղ քաշքշել են ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին ու իրավապաշտպան Միքայել Դանիելյանին: Նիկոլ Փաշինյանի շտաբում արձանագրել են նաեւ այլ միջադեպեր տարբեր ընտրատեղամասերում:
11:47:25
ՏԸՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ

Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի հաղորդագրության համաձայն, այսօր ժամը 10.25-ի սահմաններում 10/19 տեղամասում, ՏԸՀ նախագահ Գագիկ Բաղդասարյանը խոչընդոտել է լրագրողների աշխատանքը: Այդ ընթացքում բռնություն է կիրառվել լրագրողներ Անուշ Մարտիրոսյանի և Գագիկ Շամշյանի նկատմամբ:
13:01:02
lragir.am

Թիվ 114 դպրոցում 10/19 տեղամասում հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի լրագրողական աշխատանքը, «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցների, ինչպես նաև Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի և նույն ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանի աշխատանքը:

Հանձնաժողովի նախագահը պահանջել է թղթակիցներից անձնագիր, որի իրավունքը չունի: Ու թեև «Ազատության» լրագրողը ցույց է տվել անձնագիրը, այնուամենայնիվ նրանց դուրս են հանել: Դրանից հետո ներս են մտել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները, սակայն տեղում ոստիկանները դուրս են հանել խմբին, և բեղերով ինչ-որ մարդ, որը, ըստ լրագրողների, գլխավորն էր տեղամասում, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Գագիկ Շամշյանին:
tert.am

Չնայած ընտրությունների մեկնարկից անցել է համարյա 5 ժամ, սակայն Հանրապետություն փողոցում տեղակայված 10/19 եւ 10/20 տեղամասերում ընտրողների ակտիվություն այնուամենայնիվ չի նկատվում:

Ընտրական պրոցեսի վրա ազդող լուրջ միջադեպեր չեն արձանագրվել, սակայն «Ա1+»-ի օպերատորին 10/20 ընտրատեղամասի Արա Սիմոնյանի վստահված անձ ներկայացած մի տղա արգելում էր նկարահանել այն հատվածը, որտեղ ինքն էր կանգնած իր ընկերների հետ միասին: «Եթե նկարես, հեռախոսովս կջարդեմ կամեռատ: Արի դուրս, քեզ կասեմ»,- հայտարարեց երիտասարդը, ով լրագրողների միջամտությունից հետո լքեց տեղամասը այնքան ժամանակ, մինչեւ լրագրողները հեռացան տեղամասից:

Թե ինչ էր անում նա տեղամասում, երբ կար նույն թեկնածուի նաեւ մեկ այլ վստահված անձ, հանձնաժողովի նախագահ Արշակ Վարդանյանը պատասխանեց. «Գրանցված 100 հոգի մարդ կա, ո՞ւմ հետ եք, տեղյակ չեմ: Չեմ տեսել, ես նոր տեղեկանք էի տալիս, որ գնային անձնագրային բաժանմունք, որովհետեւ գրանցումից դուրս էին»:

Տվյալ տեղամասում Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Սոնա Մուրադյանը «Ա1+»-ին վստահեցրեց, որ այդ տղան իրեն սպառնացել է, թե «իր հարցերը տեղում կլուծի, եթե ինչ- որ բան անի»:

«Հայտարարեց, թե իրենք արդեն շահել են, սա իրենց թաղն է, իրենց գյուղն է, ասաց թե «դուք պարտավոր եք նորմալ պահել, թե չէ հարցերը կլուծենք»: Ինձ չեն էլ թույլատրում, որ գրանցամատյանից նայեմ անունը: Խոչընդոտում է անձամբ նախագահը»,-ասաց Սոնա Մուրադյանը:

114 դպրոցի մյուս մասնաշենքում տեղակայված 10/19 տեղամասի վստահված անձանց հավաստմամբ բռնության է ենթարկվել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

«Բավականին շիկացած մթնոլորտ է, հանձնաժողովի նախագահը դեռեւս երեկվանից սկսած բավականին կոշտ մոտեցում է ցուցաբերում ընտրական պրոցեսի մասնակիցների նկատմամբ: Եղել է բռնություն լրագրողի նկատմամբ: Հանձնաժողովի նախագահը բռնի ուժով դուրս էր հրավիրում լրագրողին, որը ուներ համապատասխան փաստաթուղթ»,- ասաց 10/19 ընտրատեղամասում Դավիթ Հակոբյանի վստահված անձ Վլադիմիր Կարապետյանը:

10/19 հանձնաժողովի նախագահ Գագիկ Բաղդասարյանը «Ա1+»-ին հաստատեց, որ եղել է միջադեպ Գագիկ Շամշյանի հետ կապված, սակայն մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Մինչեւ այս պահը այնպիսի դեպք չի եղել, որ ազդի ընտրական պրոցեսի վրա: Ուղղակի մանր ընտրական օրենսգրքի կետերի վրա զրույցներ է եղել, որ համարում եմ` միջադեպ չի: Գագիկ Շամշյանը թույլ է տվել օրենքի խախտում, դրա համար դուրս հրավիրեցինք»: Իսկ թե ինչ խախտում է, նա հրաժարվեց բացել փակագծերը. «Դա արձանագրված է, հետո կկցենք»:
Նույն ընտրատարածքում խոչընդոտել էին նաեւ «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների աշխատանքը:

Ի դեպ, 10/19 ընտրատեսամասում 1800 գրանցված ընտրողներից ժամը 12-ի դրությամբ 110 մարդ, իսկ 10/20 ընտրատեղամասում 1798 ընտրողներից միայն 40-ն էր ներկայացել եւ ընտրել: Հետաքրքիր է, որ թիվ 10/20 ընտրատեղամասում ընտրության եկած քաղաքացիների մի մասը մինչ քվեարկելը համբուրվում էին տեղամասում գտնվող շեկ, միջահասակ մի երիտասարդի հետ:
a1plus.am