Կոնգրեսը սատարում է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

17:09 • 30.10.09

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի թիվ 10 ընտրատարածքում առաջադրմանն արձագանքել է Հայ Ազգային Կոնգրեսը։ Կոնգրեսի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Հայ Ազգային Կոնգրեսը, երկրում իրավիճակը շտկելու միակ ձեւը հայտարարել է Սերժ Սարգսյանի հրաժարականը, արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները։ Ըստ այդմ՝ Կոնգրեսը որոշում էր կայացրել չմասնակցել Աժ թափուր մնացած մեծամասնական տեղերի համար մասնական ընտրություններին և չպաշտպանել որևէ թեկնածուի՝ բացառությամբ այն դեպքերի, եթե այդ կերպ հնարավոր է վերականգնել քաղբանտարկյալների ոտնահարված իրավունքները։

Ապօրինաբար կալանքի տակ պահվող Նիկոլ Փաշինյանը, որի գործը գտնվում է դատաքննության փուլում, որոշում է ընդունել առաջադրվել թիվ 10 թափուր մնացած ընտրատարածքում։ Կոնգրեսը, հենվելով նախապես կայացրած իր որոշման վրա, այս հնարավորությունը գնահատում է որպես քաղբանտարկյալի ոտնահարված իրավունքների վերականգնման գործիք։ Նրա առաջադրմամբ հնարավոր է բազմապատիկ ընդլայնել պայքարի այդ ճակատը՝ լայն հասարակության ուշադրության կենտրոնում պահելով քաղբանտարկյալների ազատ արձակման, մարտի 1-ի պատասխանատուների հարցերը, ինչպես նաև, ժողովրդավարական ազատությունների ու սահմանադրական կարգի վերականգնման և այսօր առկա բազմաթիվ այլ խնդիրներ։

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ պաշտպանելու է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին որպես ԱԺ պատգամավորի թեկնածու և ամեն ինչ անելու է նրա հաղթանակի համար։
Մենք կոչ ենք անում մեր բոլոր համախոհներին ու համակիրներին՝ ակտիվորեն ներգրավվել այս գործին՝ այն դարձնելով մեր պայքարի կարևոր ու արդյունավետ փուլերից մեկը»։
Աղբյուր՝ tert.am

Ինչպես նաև.
Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է լրագրողների հետ և պաշտոնապես հայտարարել, որ թիվ 10 ընտրատարածքում Կոնգրեսից պատգամավորության թեկնածու կառաջադրվի «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկայլ Նիկոլ Փաշինյանը:

Զուրաբյանը նշեց, որ այս քայլերը բխում են օրենսդրության պահանջներից և որևէ խոչընդոտ ո՛չ Նիկոլ Փաշինյանի առաջադրման համար, ո՛չ նրա գրանցման, ոչ էլ Կոնգրեսի կողմից նրա պաշտպանության համար գոյություն չունի:

«Եթե սա լիներ մանդատի համար պայքար, մենք բնականաբար նման պայքարի մեջ չէինք մտնի, բայց սա մենք դիտարկում ենք որպես գործիք մեր քաղբանտարկյալ ընկերոջ իրավունքների վերականգնման համար: Սա մենք դիտարկում ենք որպես գործիք հասարակության ուշադրությունը նորից կենտրոնացնելու քաղբանտարկյալների խնդրի վրա: Եվ կարծում եմ ավելի լավ թեկնածություն այս խնդիրը լուծելու համար ուղղակի դժվար էր գտնել»,- նշեց Զուրաբյանը:

Զուրաբյանը նաև վստահություն հայտնեց, որ իշխանությունները կիրառելու են ընտրակեղծիքների ամբողջ պաշարը և մեքենան, բայց դա չի նշանակում, որ իրենք չպետք է մտնեն մի ճակատամարտի մեջ, որից իրենց ակընկալիքն այն է, որ հասարակությունը աջակցի Նիկոլ Փաշինյանին, քաղբանտարկյալներին ժողովրդավարության վերականգնման գործընթացում:

Զուրաբյանը նաև նշեց, որ Կոնգրեսը կենտրոնացնելու է իր ռեսուրսը, որպեսզի հասնի հաղթանակի և այդ հաղթանակին հասնելու համար պայքարելու է մինչև վերջ:
tert.am