Հերթական բախումը թիվ 10 ընտրատարածքում | 08.10.2009
Կենտրոնի 10-րդ ընտրատարածքում առաջադրվել պատրաստվողներից երկուսի անունն արդեն հայտնի է: Ըստ ակտիվացած քարոզչության, որն այս պահին իրականացնում են Հայաստանի առաջադիմական կուսակցությունն ու Երեւանի կենտրոնում բացվող իր գրասենյակները, կարելի է եզրակացնել, թե ինչ պատրաստություն է տեսնում այդ կուսակցության նախագահ` Սերժ Սարգսյանի նվիրյալ Տիգրան Ուրիխանյանը: Մինչդեռ հայտնի է, որ Սերժ Սարգսյանի փեսա ու համատեղության կարգով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանի հովանու տակ ստեղծված ՄԻԱԿ կուսակցությունն այդ ընտրատարածքում պատրաստվում է առաջադրել Վահան Բաբայան անունով մի երիտասարդի:
Հարցն ամենեւին այն չէ, թե ինչ վաստակ ունի կրակելով հարցեր լուծող Ուրիխանյանը իր կուսակցությամբ հանդերձ, որ հավակնում է ժողովրդի ընտրյալի կարգավիճակին: Հարցն այն էլ չէ, թե ինչու ՄԻԱԿ-ը որոշեց ընդամենը մի քանի ամիս այդ կուսակցությանն անդամակցող եւ մինչ այդ մի քանի կուսակցություն փոխած եւ ընդդիմությունից իշխանություն թռած, բոլորին անհայտ երիտասարդին առաջադրել թիվ 10 ընտրատարածքում: Հարցն այն է, թե ինչու ՀՀ նախագահի հովանու տակ գտնվող այդ երկու միավորների ներկայացուցիչները բախվեցին այստեղ: Սա ձեւական ցուցադրություն է՝ ցույց տալու համար, թե իբր մեզ մոտ ներքին հավասարություն ու ժողովրդավարություն կա, եւ "ով էլ որ հաղթի, թող հաղթի՞", թե՞ իրական հակամարտություն: Վերջին հաշվով, մի կողմից՝ մարդ, որը երկար տարիներ ակտիվորեն աշխատել է այս իշխանությունների ամրապնդմանը նպաստելով ու մինչ օրս որեւէ պետական պաշտոն այդպես էլ չի զբաղեցրել (Տիգրան Ուրիխանյան), մյուս կողմից էլ՝ նախագահականի երիտասարդներից բաղկացած կուսակցության ներկայացուցիչը (Վահան Բաբայան):
Ում կողմը կկանգնի իշխանությունների հավանության սլաքը՝ դժվար է ասել: Հետաքրքիրն այն է, որ լրացել են Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված ժամկետները, սակայն համառորեն չի նշանակվում ընտրությունների օրը, համենայնդեպս՝ հոդվածը գրելու պահին: Հնարավոր է, որ այս հանգամանքը կապված է դեռեւս ձեռք չբերված պայմանավորվածության կամ, ինչպես ասում են՝ "դաբրոյի" հետ: Գուցե վերեւներում պարզապես չեն կողմնորոշվել, թե սրանցից ում արժե այդ տեղը վստահել: Դե, իսկ ընտրողներս մնանք կարոտ այն ժամանակներին, երբ ընտրվել-չընտրվելու չափանիշ են դառնալու մտավոր կարողությունները, աշխատանքային փորձը, ազնվությունն ու կենսագրականի այլ դրվագներ:
http://www.hraparak.am/hodvac.php?h_id=3588
www.miak.am




Մեջբերել
))))


Էջանիշներ