Խաչատուր Սուքիասյանի ուղերձը Երևանի թիվ 10 ընտրատարածքի ընտրողներին
Սիրելի ժողովուրդ,
2010 թվականի հունվարի 10-ին մեր ընտրատարածքում տեղի են ունենալու լրացուցիչ ընտրություններ, քանի որ ես՝ այդ ընտրատարածքում ձեր կողմից ընտրված պատգամավոր Խաչատուր Սուքիասյանս, հրաժարվեցի ԱԺ պատգամավորի մանդատից: Այդ քայլով իմ սկզբունքային գնահատականն ու դիրքորոշումն եմ արտահայտել գործող խորհրդարանի նկատմամբ, որը քաղաքական հետապնդումների կույր գործիք դարձավ: Մանդատից հրաժարվելով՝ ես արտահայտել եմ նաև իմ ընտրողների բողոքը Հայաստանում ծայր առած տնտեսական և քաղաքական հետապնդումների կապակցությամբ:
Հունվարի 10-ին նախատեսված լրացուցիչ ընտրություններում պատգամավորի թեկնածու է առաջադրվել քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր «Նիկոլ Փաշինյանը»: Որպես տնտեսական գործիչ, որպես գործարար և հնաբնակ երևանցի՝ աներկբա պաշտպանում եմ Նիկոլի թեկնածությունը, որովհետև գիտակցում եմ, որ այդ ընտրություններում մանդատի հարց չէ, որ վճռվում է: Ընտրությունների օրը մենք հնարավորություն ունենք քվեարկել բոլոր քաղբանտարկյալների ազատության օգտին: Մենք հնարավորություն ունենք արձանագրելու, որ քաղաքական գործչի տեսակը, որի ներկայացուցիչն է Նիկոլ Փաշինյանը, վայելում է մեր վստահությունը հանուն Ապագայի Հայաստանի մղվող պայքարում:
Սիրելի ժողովուրդ,
Առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակը լինելու է մեզնից յուրաքանչյուրի և մեր հավաքական հաղթանակը: Թիվ 10 ընտրատարածքի բոլոր ընտրողներին, իմ բոլոր համախոհներին կոչ եմ անում հունվարի 10-ին այցելել ընտրական տեղամաս և քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին:
ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Սիլ կոնցեռնի» հիմնադիր
Աղբյուր՝ «Հայկական ժամանակ» օրաթերթ, դեկտեմբեր 26/շաբաթ/2009, #244 (2433)
Էջանիշներ