Ծեծի են ենթարկվել Փաշինյանի շտաբի երիտասարդները
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն այսօր, Ամանորի նախաշեմին, Նոր-Նորքի վերակենդանացման բաժնի դռների մոտ էին. հերթական անգամ ծեծի են ենթարկվել Կոնգրեսի ակտիվիստները: Թիվ 10 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի մոտ 10 երիտասարդ այսօր ծեծի են ենթարկվել` Փաշինյանի քարոզարշավն իրականացնելու համար: Ըստ երիտասարդների` նրանց ծեծի են ենթարկել նույն ընտրատարածքում առաջադրված թեկանածու Արա Սիմոնյանի նախընտրական շտաբի մոտ 50 անդամ` «երկաթե ձողերով եւ ձեռքներին երկաթե իրեր ամրացված»:
Երիտասարդներից 5-ը` Վահագն Գեւորգյանը, Սերգեյ Գասպարյանը, Սարգիս Գեւորգյանը, Սահակ Մուրադյանը եւ Թեւոս Մաթեւոսյանը տարբեր վնասվածքներ ստանալով` տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց` առաջին բուժօգնություն ստանալու համար: Նրանցից 2-ին, առավել ծանր վնասվածքներ ստացածներին` Վահագն Գեւորգյանին եւ Սերգեյ Գասպարյանին այնտեղից տեղափոխել են Նոր-Նորքի հիվանդանոցի վերակենդանացման բաժին: Վերջիններս հարվածներ են ստացել գլխի շրջանում:
Վահագն Գեւորգյանի ամբողջ հագուստը արյուն էր: Նրա գլխի վրա կարեր են դրվել: Սերգեյ Գասպարյանին կասկածում են ուղեղի ցնցում ստանալու մեջ: Մյուս երիտասարդներին հիմնականում հարվածներ են հասցրել դեմքի շրջանում` երկաթե իրերով: «Վարդանանց 50 Ա շենքում այսօր կեսօրին մենք Նիկոլ Փաշինյանի նախընտրական նյութերն էինք բաժանում: Մենք 2 խմբի էինք բաժանվել: Այդ շենքում է գտնվում Արա Սիմոնյանի նախընտրական շտաբերից մեկը: Սիմոնյանի շտաբից մոտ 15 մարդ մոտեցավ մեր խմբից մեկին եւ ասացին, որ այստեղ ոչինչ չբաժանենք: Նրանք մեր ձեռքից խլեցին ընտրողների ցուցակները, ըստ որի, մենք այցելում էինք նրանց: Դրանից հետո մեր հետեւից մոտեցան Սիմոնյանի կողմնակիցներից եւս մոտ 20-25 տղամարդ, նրանց մեջ նաեւ մոտ 50 տարեկան տղամարդիկ էլ կային, եւ առանց ոչինչ ասելու` երկաթե ձողերով եւ ձեռքներին երկաթե ինչ-որ բաներ ամրացված, կաստինգներով, սկսեցին մեզ հարվածել»,- հիվանդանոցի վերակենդանացման բաժնում «Ա1+»-ին պատմեց ծեծի ենթարկվածներից Վահագն Գեւորգյանը:
Սերգեյ Գասպարյանը դեռ սուր ցավեր ուներ եւ ընդամենն ասաց. «Ինչ էլ անեն, մենք շարունակելու ենք մեր քարոզարշավը: Մեր պայքարը չի դադարեցվելու: Ես վատ եմ զգում միան նրա համար, որ 50-ին մոտ տղամարդիկ հաշվի չառան, որ մեր մեջ նաեւ աղջիկների կային, իրենց երեխանների տարիքի, որոնց նույնպես քաշքշեցին եւ նրանց ներկայությամբ հայհոյում էին»: Ծեծի ենթարկվածներից Սարգիս Գեւորգյանը «Ա1+»-ին նաեւ պատմեց, որ ծեծի ժամանակ Արա Սիմոնյանի շտաբի անդամներից մեկի գրպանից դանակ է ընկել. «Բարեբախտաբար դանակը հասցրել է վերցնել Սիմոնյանի կողմնակիցներից մեկը: Որեւէ մեկը չէր կարող բացառել, որ այն չէր օգտագործվի»:
Տեղի ունեցածը Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Մաթեւոսյանին ամենեւին չի զարմացնում: «Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել: Իշխանությունների ձեռագիրը չի փոխվել: Անկախ ամեն ինչից մեր քարոզարշավը շարունակվելու է: Երիտասարդները նույնիսկ այս վիճակով են պատրաստ շարունակել Փաշինյանի քարոզարշավը»,- հիվանդանոցում «Ա1+»-ին ասաց Դավիթ Մաթեւոսյանը:
Ավելի ուշ Նոր-Նորքի հիվանդանոցի հերթապահ բժիշկ`Վիգեն Սարգսյանը մեզ հայտնեց, որ այս պահին երիտասարդների կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նրանք լավ կլինի, որ ինչ-որ ժամանակ շարունակեն մնալ բժիշկների վերահսկողության տակ: «Մեզ մոտ հետազոտման ենթարկված Վահագն Գեւորգյանի եւ Սերգեյ Գասպարյանի մոտ ոսկրային կոտրվածքներ, ներքին օգրանների պատռվածքներ ու գեմատոմաներ չենք հայտնաբերել, սակայն երբեմն ուշացած գեմատոմաներ են լինում եւ ցանկալի է, որ գոնե 24 ժամ նրանք մնան մեզ մոտ»:
Ի դեպ, Նոր-Նորքի հիվանդանոց են ներկայացել ոստիկանները եւ առգրավել են ծեծի ենթարկված երիտասարդների արյունոտ հագուստները:
Էջանիշներ