Գործը հասավ դատարան
17:46 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանն այսօր հայց է ներկայացրել Վարչական դատարան:
Նա դատարանից պահանջել է վերացնել ՀՀ Ոստիկանության վիզաների եւ անձնագրերի վարչության Իջեւանի բաժանմունքի գրությունը եւ պարտադրել լիազոր մարմնին «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին վերջին 5 տարում ՀՀ-ում բնակվելու մասին տեղեկանք տրամադրել:
Հիշեցնենք, որ տեղեկանք չի տրամադրվել հետեւյալ պատճառաբանությամբ, թե Փաշինյանը 2008թ. փետրվարի 26-ից 2009թ. հուլիսի 7-ը գտնվել է հետախուզման մեջ եւ այդ ժամանակահատվածում նա չի բնակվել ՀՀ-ում:
Նիկոլ Փաշինյանը իրավապահ մարմիններին ներկայացել է հուլիսի 1-ին, իսկ այն, որ գրության մեջ նշված է հուլիսի 7-ը, Դավիթ Մաթեւոսյանն այսպես մեկնաբանեց. «Այդ 7 օրը նա անցկացրել է ԱԱԾ-ում, որն ըստ լիազոր մարմնի' երեւի ՀՀ տարածք չէ»:
«Պետք չէ առողջ բանականությամբ վերլուծել սա, ընդամենը կա մի հրահանգ' չգրանցել: Ինչ էլ, որ գրեն, այդ գրողը որեւիցե պատասխանատվության չի ենթարկվելու, որքան էլ դա անգրագետ ձեւակերպում լինի: Անպատժելիության իմունիտետն հասցնում է այս անգրագետ ձեւակերպումներին»,-ասաց նա:
Իսկ արդյո՞ք դատարանը կբավարարի այս հայցը. Ա1+»-ի հետ զրույցում
Դավիթ Մաթեւոսյանն ասաց. Թեեւ համոզված ենք, որ ՀՀ դատարաններն' իբրեւ գործադիրին կից մարմիններ, ինքնուրույն որոշում կայացնելուց զրկված են, բայց ամեն դեպքում մենք կատարում ենք մեր պարտականությունները»:
Նշենք, որ այս տեղեկանքը Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է, որպեսզի կարողանա Երեւանի թիվ 10 ընտրատարածքում գրանցվել իբրեւ պատգամավորության թեկնածու:
Էջանիշներ