Հարձակումներ հայերի ազգային բնավորության և արժանապատվության վրա
Սյունին, օրինակ, սիրում է ընդարձակ մեջբերումներ անել ռուս և եվրոպացի հենց այն մի քանի հայատյաց հեղինակներից, որոնք խիստ նախապաշարված ու բացասական գնահատականներ են տվել հայերի ազգային բնավորությանը, այլազանորեն անվանարկելով նրանց (այդ վիրավորանքներն այստեղ վերարտադրելու ցանկություն չունենք): Բնական է, որ Սյունին զլացել է մեջբերել ու օտարերկրացիների՝ hայերի մասին արտաhայտած բազմաթիվ գրական գնաhատականները,որոնց նա չէր կարող հանդիպած չլինել: Ըստ երևույթին, Սյունին մտածում է հայերի մասին նույն հայատյաց կատեգորիաներով: Այսպես՝ փորձելով ևս մեկ անգամ ձախկել հայ ազատագրական շարժումները, նա պատմաբանին անհարիր ոճով մեղադրում է միջնադարում ապրող հայերին օտար տիրապետության տակ նրանց կրած բոլոր տառապանքների համար. «Վաճառական գործիչների մի խումբ Մադրասում գրում էր քաղաքական տրակտատներ, որոնք բարդում էին հայության դրության մեղքը նրանց սեփական մեղավոր անցյալից՝ օտար տիրակալների դեսպոտիզմի վրա»
Նույն միտքը Սյունին սիրում է շեշտել այլ կերպ ևս, թե իբր «քաղաքական համերաշխությունը հայերի մեջ թույլ էր», «հայ ավատատերերը հաճախ դաշնակցում էին ոչ-հայ ուժերի հետ՝ իրենց հայրենակից հայերի դեմ [կռվելու համար]»395։ Փաստորեն, միայն հայերին է վերագրում երևույթներ, որոնք բնորոշ էին միջնադարյան բոլոր հասարակություններին՝ այն էլ շատ ավելի մեծ չափերով (այդպիսի երևույթները բնորոշ են նույնիսկ բազմաթիվ արդի հասարակությունների): Այսպիսի ոչ-գիտական մտապատճենների կապակցությամբ Հակոբ Մանանդյանն իրավացի բացատրություն է տվել տակավին 1902 թ., նույն հարցին ևս մեկ անգամ վերադարձել է 1940-ական թթ..
Թե որքան սովորական, բայց ծայրահեղ կարող են լինել ուրվականների նման բերնից բերան, գրքից գիրք՛ հոդվածից հոդված շրջող դոնքիշոթական ընհանրացումները՝ ցույց տանք մի քանի օրինակներով: Մեր նախկին պատմության վերաբերյալ համարյա ամեն մի գրքում և հոդվածում կարող եք կարդալ այսպիսի մի կարծիք, իբր թե Հայոց նախարարների անմիաբանությունն է Հայաստանի կործանման պատճառը: Այդ միամիտ կարծիքը հայտնողներից ոչ մեկը չէ մտածում, որ պետական միության տեսակետից վտանգավոր նախարարական (իսկ Եվրոպայում ֆեոդալական) կազմակերպությունը ոչ մի ազգության մեջ մոգական գավազանի շարժումով չէ փոխվել, այլ բարոյական, իրավական և տնտեսական որոշ զարգացման շրջանում և աշխարհագրական ու քաղաքական որոշ պայմաններում անխուսափելի անհրաժեշտություն է եղել։ Հունաստանը՝ մեզանից ավելի քաղաքակրթված երկիրը, կործանվեց մասամբ էլ այն պատճառով, որ չկարողացավ լուծել ազգային-քաղաքական միության մեծ խնդիրը: Իսկ մենք դեռ շարունակ կրկնում ենք, եթե հայերը անմիաբան չլինեին, եթե նախարարներն ըմբոստ չլինեին և այսպես անվերջ (ընդգծումը՝ Մանանդյանինը): Այս րնդհանուր ու սովորական դարձած ժողովրդական կարծիքը ճիշտ չէ։ Անմիաբանությունը և ներքին խռովությունները, որ րնդհանուր երևույթ էին ֆեոդալական կազմակերպություն ունեցող բոլոր երկրներում՝ համեմատաբար հազվագյուտ էին Զաքարյան Հայաստանի հայ իշխանություններում: Եղբայրասպան կռիվներն ու տիրանենգումներն ավելի մեծ չափերով տեղի էին ունենում, ընդհակառակը, թուրքական, մոնղոլական ու թուրքմենական իշխող դինաստիաների միջև, որոնք տիրել էին նրանց երկրին:
Իսկ, իրապես, հիմնական պատճառը Հայաստանի քաղաքական ու. ազգային ինքնուրույնության խորտակման, ինչպես և նրա տնտեսական ու կուլտուրական կյանքի հետադիմության, ո՛չ թե հայերի երկպառակություններն էին ու անմիաբանությունը, այլ Միջին Ասիայից եկող քոչվոր ու խաշնարած թուրք և թաթար ցեղերի տևական ու անհաղթահարելի արշավանքները, որոնք հիմնավորապես ավերածության մատնեցին և քարուքանդ արին առաջադեմ քաղաքակրթությունն ու կուլտուրան ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Արևմտյան Ասիայի: Արշավողների կատաղի առաջշարժումը, ինչպես հայտնի է, չկարողացան կասեցնել մինչև իսկ այնպիսի մեծ ու հզոր պետություններ, ինչպիսիք էին Խվարեզմը, Չինաստանը և Ռուսաստանը: Ուստի միանգամայն պարզ է, որ սելջուկյան, մոնղոլական ու լանկթամուրյան ռազմական տեսակետից խիստ կազմակերպված մոլեգին արշավանքները կործանիչ ու սոսկալի մի աղետ էին, որից փրկվել անկարող էր, իհարկե, և հայ ժողովուրդը:
Միաժամանակ,պետք է ասենք, որ Սյունին և նրա հավատակիցները գրել են ոչ թե Մանանդյանի նշած ժողովրդական կարծիքի ազդեցության տակ, այլ ընդհակառակը՝ այդպիսի կարծիքն առավել տարածելու և հայերի մեջ իրենց ազգային կարողությունների նկատմամբ անվստահություն սերմանելու նպատակով: Նաև՝ անկախության ձեռքբերմանը և արցախյան փայլուն ռազմական հաղթանակներին զուգընթաց անհետացող թերարժեքության բարդույթին նոր շունչ հաղորդելու, այն հնարավոր չափով ամրապնդելու նպատակով:
Դե, պարզա - իրենց ստրկությունը փորձում են փաթաթել հայերի վզին...
Էջանիշներ