Եվս մի շտրիխ Սյունու "բարոյական նկարագրի" -
Թուրք-ադրբեջանական պատմագրության հետ Սյունիի գրքի զուգորդումները կանոնավոր բնույթի են: Այսպես, Սյունին նախորդ մեջբերման մեջ Հայաստան եզրի փոխարեն գործածել է Հայկական լեռնաշխարհ աշխարհագրական եզրը: Արդյո՞ք սա պատահականություն է: Պարզվում է, որ՝ ո՛չ: Հայաստան եզրն այս գրքում հիշատակվում է անհամեմատ ավելի քիչ, քան՝ նրա փոխարեն, երբեմն զավեշտորեն անպատեհ տեղերում գործածվող, Անատոլիա-ն ու Արևելյան Անատոլիան (տե՛ս էջ 55, 56, 67, 95, 98, 104, 111 և այլն): Հայաստան անվան այս նենգափոխումն առավել ցայտուն արտացոլվել է գրքի տեղանունների և անձնանունների Անվանացանկում՝ Index-ում (էջ 283-289): Անվանացանկի Հայաստան հոդվածը ուղղակի պարպված է. այն ընթերցողին լոկ հղում է երեք այլ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետություն, Խորհրդային Հայաստան և Թուրքահայաստան: Այսպիսով, Սյունիի Անվանացանկը հին և միջնադարյան Հայաստանի, Պարսկահայաստանի կամ Ռուսահայաստանի գոյությունն ուղղակի չի ճանաչում, թեև շարադրանքի մեջ ինչ-որ կերպ սողոսկել են «[հին] Հայաստանը» (Էջ 7), «[միջնադարյան] Հայասաանը», «[արևմտյան] Հայասաանը» (Էջ 18), «պատմական Հայասաանը» (Էջ 19, 104) և այլն: Ավելին, ինչպես շարադրանքում, նույնպես և. Անվանացանկում Թուրքիայում ապրած բոլոր հայերի համար, ավանդական՝ արևմտահայեր-ի կամ թուրքահայեր-ի փոխարեն առաջարկվում է գործածել անատոլիական հայեր նորահնար հորջորջումը (մասնագետ պատմաբանի համար անատոլիական հայեր-ը կարող են լինել միայն նրանք, ովքեր ապրել կամ ապրում են պատմական Հայաստանից դուրս՝ Փոքր Ասիա թերակղզու տարածքում): Դատելով Սյունիի՝ Անատոլիա եզրի գործածման բացարձակ գերակշռությունից, որ, ի դեպ, Անվանացանկը թերացել է արտացոլելուց (Անատոլիան գործածված է շատ ավելի էջերում, քան նշել է Անվանացանկը), նույնպես և ողջ շարադրանքից, կարելի է զարմանալ, թե ինչու՞ է գիրքը վերնագրված Հայաստանը և ո՛չ թե՝ Արևելյան Անատոլիան նոր պատմության մեջ։
Թուրքական քարոզչությունն այս մոտեցումը բավական վաղուց էր ծրագրել: Նրա էությունը հստակ ձևակերպել է Թուրքիայի գաղտնի ծառայության նախկին գործակալ, հետագայում՝ թուրքական «հայագիտության» գաղափարախոսական առաջնորդ Էսաթ Ուրասը (ստորև, մեջբերվող նախադասությունը թուրքերեն բնագրում ամբողջովին գրված է մեծատառերով).
Ամենից կարևոր և անհրաժեշտ եմ համարում ընդգծել հետևյալը. Հայաստանը չի կարող լինել որևէ այլ բան, քան աշխարհագրության վրա հիմնված հասարակ հիշողություն, տարածք՝ առանց քաղաքական սահմանների
Խոստովանենք, որ Ուրասի համեմատությամբ՝ Սյունին առաջադեմ հեղինակ է. չէ՞ որ Ուրասի՝ «Հայերը պատմության մեջ և հայկական հարցը» հսկայածավալ հատորի Անվանացանկում Հայաստան անունը չկա:
Մանվել Զուլալյանը, վերլուծելով թուրք պատմաբանի վերջերս լույս տեսած աշխատությունը, արդարացիորեն նկատել է, որ «թուրք պատմագրության բոլոր ուղղությունների ներկայացուցիչների հայեցակետը այն է, [որ] հայերը իրենց ողջ պատմության ընթացքում ինքնուրույնությունից զուրկ, փոքրաթիվ մի համայնք են եղել, իսկ Հայաստան կոչեցյալ երկիրն էլ լոկ մի աշխարհագրական հասկացողություն է»։
Իր վերոբերյալ արտահայտություններով Սյունին պարզապես կրկնում է թուրք պատմագրության հենց ա՛յս հայեցակետը: Ցավոք, Հայաստան անվան դեմ թուրքական քարոզչության արշավը և արևելյան Անատոլիա կեղծիքով նրա նենգափոխումը գրեթե ամբողջովին հաղթանակել է Արևմուտքի ակադեմիական շրջանակներում ու նաև լրջորեն թափանցել ռուսական պատմագրական և քաղաքագիտական գրականության մեջ (թեև. ռուսներն ավելի հաճախ գործածում են Արևմտյան Հայաստան եզրը):
Ավելացնենք, որ պատմական Հայաստանի հիշատակումը «չեզոքացնող» թուրքական և թուրքամետ աշխատանքներին Սյունին վաղուց է լծվել: Այսպես, դեռևս 1983 թ. լույս տեսած՝ «Հայաստանը քսաներորդ դարում» անունով գրքույկում, նա արել է այսպիսի մի հայտարարություն. «Բացի Խորհրդային Հայաստանից չկա այլ Հայաստան, ու նաև չկա մի այլ հայ ազգ, բացի նրանից, ով երազում է Արարատի ստորոտում»
(There is no Armenia but Soviet Armenia, and there is no Armenian nation but the one which dreams at the base of Ararat)61։ Ահա այսպես՝ բացի պատմական Հայաստանը «չեղյալ» հայտարարելուց, փորձ է արվում նաև թուլացնել Հայաստան- սփյուռք կապերը, միլիոնավոր սփյուռքահայերին զրկել իրենց հայ ազգի բաղկացուցիչ մասը զգալուց ու, հետևաբար համապատասխանաբար գործելուց: Հետաքրքիր է, որ Սյունիի արած այս հայտարարությունը ժամանակին քննադատել էր սոցիոլոգ Մարի Քիլբորն Մաթոսյանը, որ ազգությամբ ամերիկուհի է։ Սակայն, ինչպես տեսնում ենք, քննադատությունը տեղ չի հասել:
Բա... քննարկենք, թե ուղղակի արհամարհենք այս գրվածքը: Քննադատել այստեղ երևի թե պետք էլ չէ, բայց արհամարհել էլ չարժե ու զուտ այն պատճառով, որ... այս թույնը շատ գործուն է, վտանգավոր և անչափ մեծ տարածում ունի արևմտյան պատմագիտության մեջ...
Էջանիշներ