Ինչպես սովորեցնել երեխային հանգիստ պառկել քնելու
Երբ գալիս է երեխաների քնեցնելու ժամը, բոլոր ծնողները մեծ դժվարությունների են հանդիպում։ Պատճառը պարզ է, երեխաները չեն սիրում պառկել քնելու։ Դա նշանակում է, որ երբ նրանց անկողին ենք մտցնում, ապա ստիպում ենք անել այն, ինչ ինքներս ենք ցանկանում, և ինչը երեխաները բոլորովին չեն ուզում։
Իսկ ինչո՞ւ երեխաները չեն ուզում պառկել քնելու։ Դուք բազմիցս նկատել եք, իհարկե, որ նույնիսկ շատ հոգնած վիճակում, ոտքի վրա քնելիս, նրանք երբեք իրենք չեն գնում քնելու և կարելի է ասել, որ քուն են մտնում իրենց կամքին հակառակ։ Ո՞րն է դրա պատճառը։
1. Պառկել քնելու՝ նշանակում է հրաժարվել ինչ-որ հետաքրքիր զբաղմունքից կամ հեռանալ հաճելի միջավայրից։
2. Երեխաները գիտեն, որ մենք՝ մեծահասակներս, դեռ չենք պառկում քնելու ու կարծում են, թե ինքներս մեզ թույլ ենք տալիս այնպիսի մի բան, որը նրանց արգելված է։
3. Ավելի հաճախ, քան մենք հակված ենք կարծելու, երեխաները պարզապես դեռ չեն հոգնել։
4. Երբեմն երեխաները վախենում են մթությունից:
5. Հնարավոր է, որ նրանք սարսափելի երազներ են տեսել և դրա հետևանքով քնելը որոշ չափով տհաճ է դարձել։
6. Հնարավոր է նաև, որ երեխան ինչ-որ ժամանակ գիշերն արթնացել է թաց անկողնում, սառել ու վախեցել է, և դա շատ տհաճ է եղել, նա իրեն մենակ, լքված ու մոռացված է զգացել, երբ նրա կանչերը շատ ավելի երկար են անպատասխան մնացել, քան սովորաբար դա տեղի է ունեցել ցերեկները։
7. Բացառված չէ նաև, որ երեխային համոզելով պառկել քնելու, մենք նրան չափից ավելի երես ենք տվել և այժմ դա նրա համար ինքնահաստատման և ծնողներին հրամայելու լավ առիթ է:
Բայց ի՛նչ անել, որպեսզի երեխան հաճույքով անկողին մտնի։ Մենք պետք է սովորեցնենք երեխային հասկանալ, որ քնելն անհրաժեշտ է, թեկուզ և դա նրա ցանկությանը դեմ է։
Այս մոտեցումը կարող է դաժան թվալ, բայց այդպես է պետք։ Մենք նշեցինք այն փաստը, որ երեխաները չեն սիրում պառկել քնելու, բայց դրանով մենք չէինք ցանկանում ձեզ հուշել, որ ավելի եռանդուն ու խիստ եղանակների դիմեք։
Մենք այդ հանգամանքի վրա ձեր ուշադրությունը հրավիրեցինք հետևյալ պատճառներով.
1. Սովորական բացատրությունները, պարգևներն ու նվերները ոչնչով չեն օգնում։ Այդ խնդրի հետ մենք առնչվում ենք գրեթե ամեն օր և նորանոր դրդիչներ որոնելով՝ մշտապես դժվարին վիճակում ենք հայտնվելու։ Ընդհանրապես երեխաների հետ չի կարելի առևտրական հարաբերություններ հաստատել։ Այլապես նրանք, օրինակ, չիմանալով, որ այսօր մեր տրամադրությունը վատ է, կզարմանան, թե ինչու մենք հակված չենք կնքելու հերթական «գործարքը»։ Եվ, ի վերջո, պետք է իմանալ, որ ոչ մի երեխա հանուն որևէ նվերի չի սովորի ուրախությամբ գնալ քնելու։
2. Եթե ցանկանում ենք մարդուն սովորեցնել այն, ինչ նա չի ցանկանում սովորել, պետք է մեծ ըմբռնողականություն, բարի կամք և համբերություն ցուցաբերել։ Բոլորին հայտնի է, թե ինչքան հեշտ է սովորել այն, ինչ հետաքրքիր է։ Պատրաստ եմ երդվել, որ աշխարհում ոչ մի երեխա այդ դասով չի հետաքրքրվի, քանի դեռ առողջ Է ու իրեն նորմալ Է զգում։ Ահա թե ինչու այդ խնդիրը մեզ՝ ծնողներիս համար, այդպես դժվար Է, և մենք կորցնում ենք մեր համբերությունը, իսկ անհամբերությունն ուղղակի ճանապարհով տանում Է դեպի խստություններ։ Իսկ դա շատ վատ է, որովհետև, նախ՝ խստությունը հաջողության գրավական չէ և երկրորդ՝ եթե նույնիսկ մեզ թվում է, թե խստությունը օգնում է, իրականում այդպես չէ, մենք լոկ խաբում ենք ինքներս մեզ: Չէ՞ որ միայն խստություն բանեցնելով երեխային չենք սովորեցնի հասկանալ քնի նշանակությունը, այլ կստիպենք միայն հաշտվել այն մտքի հետ, որ իր ծնողները շատ պահանջկոտ են։ Լինում է նաև այլ կերպ, երեխան շփոթվում և չի կարողանում հասկանալ, թե ինչու իր միշտ քնքուշ և իր հետ միշտ բարի հայրիկն ու մայրիկը այնքան տհաճ ու չար են դառնում, երբ գալիս է քնելու ժամը:
Այնուամենայնիվ, ի՞նչ պետք է անել։ Ամենից առաջ փորձենք պարզել, թե իրականում ինչի՞ ենք ցանկանում հասնել։ Չէ՞ որ մենք չենք ուզում Ջոնին քնելու համար պառկեցնել միայն այսօր երեկոյան կամ միայն վաղը, մենք չենք փորձում ստիպել, որ նա սիրի քնելու ժամը, մենք չենք ցանկանում, որ նա մեզ խիստ ծնողներ համարի։ Մենք ցանկանում ենք, որպեսզի նա հասկանա քնելու անհրաժեշտությունը՝ անկախ իր ցանկությունից։ Մենք ցանկանաս ենք սովորեցնել նրան, որ հաշտվի այն բանի հետ, ինչը պետք է սովորություն դառնա։ Այժմ, գլխում այդ պարզ մտքերն ունենալով, դուք կարող եք տարբեր կերպ վարվել.
1. Մի ջանացեք երեխային անմիջապես ինչ-որ բան սովորեցնել կյանքի հենց առաջին տարում։ Կրծքի երեխայի մոտ քնելու պահանջը դեռևս գերակշռում է շրջապատող աշխարհի նկատմամբ հետաքրքրությանը, և դա նրա համար լավագույն ուսուցիչն է։
2. Կյանքի առաջին տարում նույնպես երեխային կարելի է դաս տալ հետևյալ կերպ,
ա) թույլ մի տվեք, որ նա ցերեկը քնի, իսկ օրվա երկրորդ կեսին այնքան զբաղեցրեք ու զվարճացրեք նրան, որ հոգնի,
բ) ցերեկը նրան մահճակալից կամ սայլակից հանեք ու գրկեք, ընդ որում ոչ միայն այն ժամանակ, երբ նա լաց է լինում,
գ) ջանացեք որքան հնարավոր է շուտ առանձին սենյակում տեղավորել նրան,
դ) մարեք լույսը,
ե) հենց որ երեխան սկսի լաց լինել կամ գոռգոռալ, անմիջապես մոտեցեք նրան, փոխեք խանձարուրը, եթե նա թրջել է տակը, ջուր խմեցրեք և քնքշորեն հանգստացրեք, մինչև որ քուն մտնի։ Մի գրկեք նրան և ամզուկ մի տվեք։ Թեթևակիորեն թփթփացրեք ուսին, խոսեք հետը, որպեսզի նա զգա ձեր հանգիստ և քնքուշ ներկայությունը։
3. Լինում են նաև դեպքեր (ճիշտ է՝ հազվադեպ), երբ երեխան գիշերն արթնանում է խիստ հուզված վիճակում։ Եթե նա մրսած չէ կամ ջերմություն չունի և մահճակալում նրան խանգարող ոչինչ չկա, ապա հնարավոր է, որ նա վախեցել է ինչ-որ տհաճ երազից։ երեխաները, ի տարբերություն մեծերի, երազն իրականությունից չեն տարբերում, և հաճախ երազները նրանց անհամեմատ ավելի շատ են անհանգստացնում, քան մեզ։ Միանգամայն հնարավոր է, որ երազներում նրանք մեզ խիստ աղճատված են տեսնում։ Եթե երեխան վատ երազ է տեսել, լավ կլինի արթնացնել նրան, գրկել, մինչև հանգստանա և չլացի, կարելի է խոսել հետը, նույնիսկ մի քիչ զվարճացնել և կրկին պառկեցնել քնելու։ Այս ամենը խիստ կարևոր է, որպեսզի երեխաների մեջ քնի նկատմամբ տհաճ վերաբերմունք չձևավորվի։
4. Երբ երեխան 1,5-2 տարեկան է, գործը մի փոքր բարդանում Է։ Նա արդեն գիտե «բարի գիշեր» բառերի իմաստը, բայց երբեմն ձևացնում Է, իբր չի հասկանում։ Նման դեպքերում անհրաժեշտ Է հետևողական լինել և խոսքը փոխարինել գործով։ Եթե արդեն «բարի գիշեր» եք ասել, ուրեմն այդպես էլ պետք է լինի։ Սակայն երեխան սկսում Է լաց լինել։ Այդ դեպքում՝
ա) որևէ պարզ ծես հնարեք, որևէ հաճելի ձևականություն, և ամեն անգամ, երբ քնելու ժամը վրա է հասնում, կատարեք այն։ Երեխան կսկսի սպասել այդ ծեսին և աստիճանաբար կսովորի այն բանին, որ դրանից հետո վրա է հասնելու քունը։ Այսպիսի ծեսի դեր կարող են կատարել որոշ շատ պարզ գործողություններ, օրինակ, դուք բացում եք լուսամատը, ծածկում եք վարագույրները, նրան խմելու մի բան եք տալիս, ուղղում եք վերմակը: Այս ու նման կարգի այլ մանրուքների վրա արժե ուշադրություն դարձնել։
բ) Երբ սենյակից դուրս եք գալիս, նրան այնպիսի մի բան տվեք, որ փոխարինի ձեզ։ Օրինակ՝ արջուկ կամ տիկնիկ տվեք և ասացեք փոքրիկին, որ չարթնացնի արջուկին, որովհետև նա արդեն քնած է, ավելի լավ է օրորի նրան։
գ) Երբ սենյակից դուրս եք գալիս և երեխան սկսում է լաց լինել՝ անմիջապես նրա մոտ վերադարձեք։ Կրկին ասացեք նրան, որ դուք հարևան սենյակում եք, որ ամեն ինչ հանգիստ է, մայրիկը սիրում է իրեն և վաղն առավոտյան կրկին կտեսնվեք (այդ մասին նրան անառարկելի ոճով ասեք)։
դ) Եթե երեխան կրկին սկսի լաց լինել, մոտ քսան րոպե չմոտենաք նրան։ Այնուհետև մոտեցեք և առանց նկատելի քնքշության, բայց նաև առանց կշտամբանքների, հանգստացրեք նրան, մաքրեք ճակատի քրտինքը, խմելու բան տվեք, բարի գիշեր ցանկացեք և դուրս եկեք։ Անհրաժեշտության դեպքում կրկնեք այդ արարողությունը։ Իհարկե, դժվար է հանգիստ լինել, երբ երեխան լաց է լինում, բայց եթե դուք կատարում եք այն ամենը, ինչ անհրաժեշտ է, ապա կարող եք չանհանգստանալ։
ե) Փոփոխական հաջողություններով այդպես կշարունակվի մի քանի շաբաթ։ Ուրիշ ոչինչ մի արեք, բայց այն ամենը, ինչ այստեղ նկարագրեցինք, անպայման պետք է կատարել։
5. Եթե երեխան վախենում է մթությունից, բավական է, որ, նախ՝ սենյակում թույլ լամպ վառվի, երկրորդ՝ երեկոյան, երբ արդեն մութ է բայց քնելու համար դեռ շուտ Է, կարելի Է որևէ խաղ հնարել, սկզբում երեխայի հետ միասին կարճ ժամանակով մնացեք մութ սենյակում, հետո՝ ավելի երկար, որից հետո թող նա կարճ ժամանակով մենակ մնա և, ի վերջո՝ մենակ մնա երկար ժամանակով։
6. Երբ երեխան գիշերը լաց է լինում, անկախ նրա տարիքից, անմիջապես մոտեցեք նրան։
7. Ճիշտ այդպես էլ, անկախ տարիքից, հետևեք, թե օրվա ընթացքում արդյո՞ք երեխան բավարար չափով աշխույժ է և երեկոյան կողմ հո չի՞ հոգնել։ Համապատասխանաբար փորձեք վերջ դնել ցերեկային քնին։
8. Լավ է, երբ երեխան ամեն երեկո պառկում է քնելու նույն ժամին, սակայն այդ մոտեցումը շատ խիստ չպետք է լինի։ Կես ժամ ավել, կես ժամ պակաս՝ բնականոն շեղում է։ Երբեմն այդ կես ժամը կարելի է օգտագործել որպես պարգև որևէ արարքի հաճար։
9. Երբ ձեր որդին 3-4 տարեկան է, օգտագործեք խորհրդածելու նրա զարգացող ընդունակությունները։ Ահա թե ինչ պետք է անել, եթե նա փնթփնթում է և չի պառկում քնելու,
ա) ասացեք նրան, որ իր բոլոր ընկերները (թվարկեք բոլորի անունները) արդեն պառկել են քնելու և քնած են,
բ) ասացեք նրան, որ նույնն են անում նաև նրա բոլոր ընկերները և դրանում ոչ մի առանձնահատուկ բան չկա,
գ) երեխայի ուշադրությունը հարվիրեք այն բանի վրա, որ դուք նույնպես, երբ փոքրիկ էիք, նույն ժամին էիք պառկում քնելու և ընդգծեք (դա նրան հաճելի կլինի), որ դուք դեռ բավական ժամանակ չեք քնելու, որպեսզի մոտենաք իրեն, եթե կանչի,
դ) սիրալիր, բայց առարկություն չընդունող ոճով հասկացրեք նրան, որ բոլոր երեխաներն արդեն քնած են, որ օրվա այդ ժամին այլևս ոչ մի բանով չի կարելի զբաղվել, որ երեկ նա պառկեց քնելու, երեկ չէ առաջին օրն էլ այդպես էր և վաղն էլ նույնն է լինելու, և որ մենք չենք կարող անել միայն այն, ինչ մեզ է դուր գալիս,
ե) հուշեցեք նրան որևէ հաճելի բան, որի մասին կարող է մտածել և բարի գիշեր մաղթեք։
10. Մենք դեռևս չենք խոսել այս մասին, որ քնելուց առաջ երեխան անպայման պետք է հանգիստ նստի ու հեքիաթ լսի։ Եթե հայրը թեկուզ մի քիչ զբաղվի փոքրիկով, խաղա նրա հետ, դա միայն օգտակար կլինի։ Բայց հետո մի քիչ սպասեք, մինչև երեխան հանգստանա, որից հետո միայն նրան «բարի գիշեր» ասացեք և հեռացեք։ Իսկ եթե նա շարունակում է չարաճճիություն անել, ապա ավելի լավ է վերացնել նման զվարճությունները։
11. Ի վերջո, հույս չունենաք, թե այդ խնդիրը կկարողանաք վերջնականապես լուծել առնվազն մինչև երեխայի 5 տարեկան կամ ավելի մեծ դառնալը։
Ձեր ըմբռնողությունը, համբերությունը և ճիշտ վարքագիծը կվարձատրվեն, երբ ձեր երեխաները հանգստացած ու խաղաղված, կսովորեն բնական համարել այն, որ պետք է պառկել քնելու, ընդ որում նրանք կյուրացնեն ավելի կարևոր մի բան, նրանք կսովորեն համաձայնվել այնպիսի մի բանի հետ, որը չի համապատասխանում իրենց ցանկությանը, և այդպես վարվելիս հուսախաբություն չեն զգա։ Իսկ դա արդեն հոգեբանական հասունացման սկիզբն է։
Էջանիշներ