ԻՆչպես վերևի գրառումների մեջ մեջբերվել էր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը երեկվա դատական նիստի ժամանակ միացել էր իր փաստաբանների՝ դատավորի ինքնաբացարկի պահանջին: Ստորև ներկայացնում եմ Փաշինյանի խոսքն ամբողջովին.
Միանալով իմ պաշտպաններ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի` դատավոր Մնացական Մարտիրոսյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը, կարծում եմ` տվյալ գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանի անաչառությունը ողջամիտ կասկածներ է հարուցում նաեւ հետեւյալ հիմքերով.
1. Մնացական Մարտիրոսյանը առաջին ատյանի դատավոր է նշանակվել 1999 թ. դեկտեմբերին` նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով։ 2006 թվականին «Տարածաշրջանային զարգացման կենտրոն/Թրանսփարենսի Ինթերնեյշնլ Հայաստան» հասարակական կազմակերպության անցկացրած` «Կոռուպցիայի ընկալումը Հայաստանում» հարցման մասնակիցների 37.3 տոկոսը ՀՀ նախագաh համարվող անձին համարել է կոռումպացված, 18 տոկոսը` չկոռումպացված, 44.5 տոկոսը դժվարացել է պատասխանել։ Հարցմանը որոշակի պատասխան տվածների 67.4 տոկոսը Հայաստանի նախագահին, այսինքն` Ռոբերտ Քոչարյանին, համարել է կոռումպացված։
2. Մնացական Մարտիրոսյանը դատավոր է նշանակվել ՀՀ արդարադատության խորհրդի ներկայացմամբ։ 2006 թվականին «Տարածաշրջանային զարգացման կենտրոն/Թրանսփարենսի Ինթերնեյշնլ Հայաստան» հասարակական կազմակերպության անցկացրած` «Կոռուպցիայի ընկալումը Հայաստանում» հարցման մասնակիցների 43.2 տոկոսը Արդարադատության խորհրդին համարել է կոռումպացված, 21.7 տոկոսը` չկոռումպացված պետական կառույց, 35.1 տոկոսը դժվարացել է պատասխանել։ Հարցմանը որոշակի պատասխան տվածների 66.4 տոկոսը Արդարադատության խորհուրդը համարել է կոռումպացված պետական մարմին։
3. Մնացական Մարտիրոսյանը հանդիսանում է առաջին ատյանի դատավոր։ 2006 թվականին «Տարածաշրջանային զարգացման կենտրոն/Թրանսփարենսի Ինթերնեյշնլ Հայաստան» հասարակական կազմակերպության անցկացրած` «կոռուպցիայի ընկալումը Հայաստանում» հարցման մասնակիցների 30.5 տոկոսը ՀՀ առաջին ատյանի դատարանները համարել են կոռումպացված պետական կառույց, 24.5 տոկոսը` չկոռումպացված պետական կառույց, 44.9 տոկոսը դժվարացել է պատասխանել։ Հարցմանը որոշակի պատասխան տված ՀՀ քաղաքացիների 55.2 տոկոսը ՀՀ 1-ին ատյանի դատարանները համարել է կոռումպացված կառույց։
Հարցումը անցկացվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում, Հայաստանի բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքում։ Նույն հարցման «Մեթոդաբանություն» բաժնից տեղեկանում ենք, որ հասարակական կարծիքի ուսումնասիրությունները եւ ընկալման համաթվերը ստացել են համաշխարհային ճանաչում` որպես կոռուպցիայի մակարդակը չափելու վստահելի քանակական միջոցներ։ Ասել է թե` հիշատակված թվերը արտահայտում են վերը նշված պետական ինստիտուտներում կոռուպցիայի տարածման մակարդակը։
Այսպիսով, Մնացական Մարտիրոսյանը, կոռումպացված պետական կառույցի ներկայացմամբ, կոռումպացված անձ-ինստիտուտի կողմից կոռումպացված դատական ատյանի պաշտոնատար սուբյեկտի կարգավիճակ ստացած անձ է եւ հաջողությամբ գործում է կոռումպացված ատյանի ներսում, ինչը ողջամիտ կասկածներ է հարուցում, որ նա իր համար հարազատ կոռուպցիոն բուրգի շահերը ավելի բարձր է դասում, քան Հայաստանի Հանրապետության օրենքն ու Սահմանադրությունը, քանի որ կոռուպցիայի հիմնական բնորոշումը անձնական, խմբակային եւ մաֆիոզ շահերի, օգուտի գերակայությունն է օրենքի, Սահմանադրության, արդարության նկատմամբ։
2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները, մասնավորապես, որ ընկած են սույն վարույթի հիմքում, Հայաստանում գործող համակարգված կոռուպցիոն բուրգի արգասիք են եւ հետեւանքը այն բանի, որ պետական ինստիտուտների կոռումպացվածության պատճառով Քաղաքացիների օրինական շահերի եւ իրավունքների պատշաճ, իրավական պաշտպանությունը դառնում է անհնար։
ԵԽԽՎ` 2008 թվականի ապրիլի 17-ին ընդունած 1609 բանաձեւում նշվում է, որ 2008 թվականի մարտի 1-ի ճգնաժամի հիմնարար եւ խորքային պատճառը պետության առանցքային ինստիտուտների անկարողությունն է` իրենց գործառույթները կատարելիս լիովին պահպանելու ժողովրդավարական չափանիշները, իրավունքի գերակայությունը եւ մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքները։ Մասնավորապես, մեջբերում եմ. «Դատարանները դեռ չունեն անկախության անհրաժեշտ մակարդակ, որպեսզի հանրությանը վստահություն ներշնչեն իրենց` որպես անկողմնակալ դատական մարմինների նկատմամբ, այդ թվում` նաեւ ընտրական գործընթացում»։
«Տարածաշրջանային զարգացման կենտրոն/Թրանսփարենսի Ինթերնեյշնլ Հայաստան» հասարակական կազմակերպության` «Կոռուպցիայի ընկալումը Հայաստանում-2006» հարցման մասնակիցների մեծ մասը որպես ամենակոռումպացված նշել է ընտրական համակարգը եւ ասել, որ կոռուպցիայի ներկա իրավիճակի համար պատասխանատվություն են կրում երկրի նախագահը, կառավարությունը, ԱԺ-ն, իրավապահ մարմինները, դատարանները։ Տվյալ դատարանի կողմից վարույթ ընդունված 62204709 քրեական գործի օբյեկտիվ հանգամանքներն առաջացել են կոռումպացված ընտրական համակարգի, կոռումպացված նախագահի, կոռումպացված կառավարության, կոռումպացված ԱԺ-ի, կոռումպացված իրավապահ մարմինների, կոռումպացված դատարանների գործունեության հետեւանքով։ Մարտիմեկյան սպանդը իրականացվել է կոռումպացված նախագահի հրամանով, կոռումպացված կառավարության կողմից ձեւավորված օրինական եւ ապօրինի զինված խմբավորումների միջոցով, կոռումպացված ԱԺ-ն արտակարգ դրություն մտցնելու համաձայնությամբ քաղաքական հետապնդումների, հալածանքների ֆոն է ստեղծել, կոռումպացված իրավապահ մարմինները իմ ընկերներին եւ ինձ շինծու եւ ապօրինի մեղադրանքներ են առաջադրել, եւ հիմա կրկին եկել է կոռումպացված դատարանի գործելու հերթը, որի հիմնական գործառույթը 2008-ի մարտի 1-ի ողբերգության պատասխանատվությունը իրեն ծնած կոռումպացված նախագահի ուսերից վերցնելն է եւ ուրիշների վրա բարդելը։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը սույն գործի վարույթի ընթացքում արդեն իսկ հասցրել է ապացուցել իր հավատարմությունը վերը նկարագրված կոռուպցիոն բուրգին եւ ողջամիտ կասկածներ է հարուցել իր անկողմնակալության նկատմամբ։ Այդ մասին իմ պաշտպանը արդեն նշեց, բայց ես նույնպես կուզենայի հպանցիկ անդրադառնալ մի քանի նրբությունների։ Մասնավորապես.
1. Սույն քրեական գործի դատական քննություն նշանակելու մասին 12.10.09-ին կայացրած որոշման մեջ դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել է իմ նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ` պատճառաբանելով, թե ազատության մեջ մնալու դեպքում` մեջբերում եմ. «վարույթ իրականացնող մարմնից Նիկոլ Փաշինյանի թաքնվելու հավանականությունը բարձր է»։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը չնկատելու է տվել այն հանգամանքը, որ 1.3 տարի ընդհատակում գտնվելուց հետո իմ անձնական որոշմամբ այցելել եմ ՀՀ գլխավոր դատախազություն, եւ միայն իմ այդ որոշման արդյունքում է հնարավոր դարձել տվյալ վարույթի դատական քննությունը։ Այսինքն` տրամաբանությունը եւ փաստերը հուշում են, որ եթե այս դատական վարույթը տեղի է ունենում, ապա տեղի է ունենում միայն իմ ցանկության շնորհիվ։ Եթե ես չցանկանայի, եւ դա ապացուցվեց 1.3 տարվա ընթացքում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, բոլոր հնարավոր եւ անհնար օպերատիվ մարմինները, այդ թվում եւ` նրանց օգնող օլիգարխների սափրագլուխները, ի վիճակի չէին հայտնաբերել ինձ եւ ձերբակալել, որովհետեւ չունեին դրա համար անհրաժեշտ ինտելեկտուալ պաշարները։ Մարդկային տրամաբանության մեջ չի կարող տեղավորվել, որ 1.3 տարի հաջողությամբ ընդհատակում գտնված, այսինքն` ՀՀ կոռումպացված իրավապահ մարմինների համար անհասանելի անձը ինքնակամ բանտ է տեղափոխվում` վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու չարամիտ դիտավորությամբ։ Ճշմարտությունն այն է, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որպես կոռումպացված դատական համակարգի ներկայացուցիչ, իրավասու չէ լուծել իմ խափանման միջոցի հարցը եւ կայացրել է այնպիսի որոշում, որ իրեն հանձնարարվել է։
2. Նույն որոշման մեջ դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատակոչի ենթակա անձանց ցանկը թողել է անփոփոխ` չնկատելու տալով այն հանգամանքը, որ տվյալ գործում առանցքային նշանակություն ունեցող մի քանի վկաներ դատակոչված չեն։
3. Դատավոր Մնացական Մարտիրոսյանը իմ դեմ հարուցված մեղադրանքներ պարունակող այս գործը վարույթ է ընդունել ի հեճուկս այն բանի, որ մեղադրական եզրակացության մեջ ինձ մեղսագրվում են արարքներ, որոնց մասին ապացույցներ քրեական գործի նյութերում առկա չեն։
Այս ամենը ողջամիտ կասկածներ է հարուցում տվյալ գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանի անկողմնակալության հարցում, ինչպես նաեւ` ներքին համոզմունք, որ տվյալ գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը ի վիճակի չէ իրականացնել արդարադատություն։ Վերը նշված գործողությունները վկայում են, որ իմ գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը արդեն իսկ ունի ձեւավորված ներքին համոզմունք։ Այսինքն` պարտադրված ներքին համոզմունք։ Սրա մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի դեմ 22.06.09-ին կայացրած դատավճռում դատավոր Մնացական Մարտիրոսյանը ավելի քան տասնյակ անգամ հիշատակել է իմ անունը` մեղադրական ենթատեքստով, ասել է թե` արդեն իսկ նաեւ իմ նկատմամբ է դատավճիռ կայացրել։
Այսպիսով` դատավոր Մնացական Մարտիրոսյանը չի կարող տվյալ գործով լինել անկողմնակալ, ապահովել դատավարության կողմերի հավասարությունը դատարանի եւ օրենքի առջեւ, ինչպես նաեւ դատարանի անկախությունը։
Ելնելով վերը նշվածից` ես միանում եմ իմ պաշտպանների միջնորդությանը եւ միջնորդում եմ դատավոր Մնացական Մարտիրոսյանին` ինքնաբացարկ հայտնել։ Ուզում եմ նաեւ հույս հայտնել, որ իմ այս ելույթը դատախազության ներկայացուցիչներին եւ դատավորին հոգեխանգարմունքի մեջ չի գցի։ Շնորհակալություն։
Էջանիշներ