Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ԱԱԾ-ի 5 սկավառակները չեն կարող ապացույց դիտվել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի քրեական գործով: Քր. դատ. Օր.-ի համաձայն` անթույլատրելի են այն բոլոր ապացույցները, որոնք ձեռք են բերվել անհայտ աղբյուրից: ԱԱԾ-ն Հատուկ քննչական ծառայությանը 5 սկավառակ ներկայացնելով` չի նշել, թե որտեղից եւ ինչ միջոցներով է այն ձեռք բերել:
Նիկոլ Փաշինյանի փաստաբաններն այսօր դատարանին միջնորդեցին անթույլատրելի ճանաչել այդ ապացույցները: Փաշինյանի փաստաբանների միջնորդությունը այնքան զայրացրեց մեղադրող Կորյուն Փիլոյանին, որ նա բղավելով ասաց, թե փաստաբանների տրամաբանությամբ, դեպքի վայրի իրերը նույնպես չի կարելի ապացույց օգտագործել, քանի որ անհայտ է, թե դրանք, ովքեր այդտեղ թողել:
«Ես չեմ հասկանում Փիլոյանին: Օրենսդրության հետ չի կարելի վիճել, քանի որ այն շատ հստակ է ասում, որ պետք է ստուգվի ձեռք բերման աղբյուրը»,-ասաց պաշտպան Լուսինե Սահակյանը:
Սկավառակները, որոնք մեղադրող կողմը հիմք է ընդունել Փաշինյանին մեղադրանք առաջադրելու համար, ներկայացվել են առանց փաթեթավորման:
«Դա հնարավորություն է ՀՔԾ-ին այն մոնտաժելու համար: Այն հատվածները, որոնք ձեռնտու չի եղել քննիչին, մոնտաժել է կամ ասել, թե լավ չի լսվում եւ այդ տեսքով էլ ուղարկել են դատարան»,- այսօր «Ա1+»-ին ասաց Լուսինե Սահակյանը:
Փաշինյանի փաստաբանները այսօր դատարանին ներկայացրեցին ԱԱԾ-ի ներկայացրած 5 սկավառակներում Նիկոլ Փաշինյանի մոնտաժված խոսքը: Օրինակ, մոնտաժել են, երբ Մյասնիկյանի արձանի մոտ Փաշինյանը տեսնելով, որ երիտասարդները կիսակառույցից ձողեր են պոկում ասում է. «Տղերք, վտանգավոր բան եք անում, կգցեք ժողովրդի վրա: Հասկանում եմ, երիտասարդ եք, գրգռված եք, բայց գրգռված գլխով հաղթանակ չենք տանի: Հանգիստ եղեք, հավասարակշռված սադրանքների մի տրվեք», եւ այլն:
«Նույնիսկ մեղադրող կողմի ներկայացրած ապացույցները վկայում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Ավելին, մեղադրող կողմի ներկայացրած ապացույցները լրացուցիչ անգամ ապացուցեցին, որ Փաշինյանը անազատության մեջ է քաղաքական հետապնդման արդյունքում»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Այսօրվա նիստի ավարտին Փաշինյանի փաստաբանները դատավոր Մնացական Մարտիրոսյանին գրավոր տեղեկացրեցին, որ դեկտեմբերի 14-ից 18-ը նրանք պետք է մասնակցեցն «Փաստաբանները փաստաբանների համար» միջազգային ծրագրին: Դատավորը հաշվի առանելով այդ փաստը` Նիկոլ Փաշինյանի հաջորդ դատական նիստը նշանակեց դեկտեմբերի 21-ին` ժամը 11.00-ին:http://a1plus.am/am/politics/2009/12/11/nikol-pashinyan
Էջանիշներ